Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՍՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ

Նոյեմբեր 11,1998 00:00
maqsayin

Գավառ քաղաքի Բոշնաղյան-17 հասցեի բնակիչ, մեր թերթի մշտական ընթերցող Ա. Զաքարյանը դիմել է «Առավոտ» թերթի խմբագրությանը, ինչպես ինքն է ասում, տարբեր վերադաս կազմակերպություններին, մասնավորապես, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահին, ՀՀ մաքսային վարչությանը դիմելուց եւ նրանցից պատասխան չստանալուց հետո։ Կարող ենք պարզապես եզրակացնել, որ քաղաքացին դիմել է գրավոր (ինչպես մեր պարագայում), հետեւաբար արժանացել է այն «պատասխանին», ինչին արժանանում են սովորաբար ՀՀ շարքային քաղաքացիների նամակ-հարցումները…

Հարցը, սակայն, պարզաբանման կարիք ուներ եւ որ տվյալ դեպքում անհասկանալի է եղել այն անպատասխան թողնելը։ Ա. Զաքարյանը 1992 թ. ավարտել է Ռիգայի ավիացիոն ինստիտուտը, անցել աշխատանքի, որի արդյունքում, ինչպես ինքն է նշում, գնել է արտասահմանյան մակնիշի ավտոմեքենա։ 1995-ին ավտոմեքենան տեղափոխել է Հայաստան, օրինական կարգով հանելով Ռիգայի հաշվառումից։ «Դիմել եմ մաքսային վարչությանը՝ ավտոմեքենայի մուտքը ձեւակերպելու համար։ Վերջիններս այնքան գումար են պահանջում, որքանով ես գնել եմ այդ ավտոմեքենան»,- շարունակում է նա։ Հետեւաբար, քաղաքացին խնդրում է պաշտոնական պատասխան տալ, թե իր սեփական ավտոմեքենան շահագործելու համար ի՞նչ է անհրաժեշտ, ինքն ինչքա՞ն գումար պետք է վճարի եւ ինչի՞ համար…

Մեզ համար այս նամակում ցավալի վրիպումն այն է, որ քաղաքացին չէր նշել, թե ինչ մակնիշի ավտոմեքենայի մասին է խոսքը։ Սակայն ելնելով հարցի կարեւորությունից եւ քաղաքացիների նույնպիսի բովանդակությամբ դիմումների առկայությունից, դիմեցինք ՀՀ մաքսային վարչության լրատվական բաժնի պետ Սյուզի Սիմոնյանին, որը տրամադրեց իրենց պաշտոնական պատասխանը:

Գործող օրենսդրությամբ մարդատար ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումների համար պահանջվում է վճարել մաքսատուրք՝ մաքսային արժեքի 10 տոկոսի չափով, ավելացված արժեքի հարկ՝ 20 տոկոսի եւ մաքսավճար՝ 0,3 տոկոսի չափով։ Ավտոմեքենա ներմուծողները ազատվում են մաքսատուրքի վճարումից՝ ներկայացնելով Հայաստանի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագրեր, վավերացված երկրների ծագման սերտիֆիկատներ (Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան, Թուրքմենստան, Ղրղըզստան)։ Մաքսային վճարումները հաշվարկելիս ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ավտոմեքենաների մաքսային արժեքից հանվում է 500 ԱՄՆ դոլար։ Ս. Սիմոնյանը տեղեկացրեց նաեւ, որ մաքսային ձեւակերպումների համար սահմանված է 10 օր եւ որ սահմանված ժամկետում վճարումները չկատարելու դեպքում օրենքով սահմանված է տույժ. մաքսատուրքի եւ մաքսավճարի գծով ժամկետանց, յուրաքանչյուր օրվա համար մաքսատուրքի եւ (կամ) մաքսավճարի գումարի 0,5 տոկոսի չափով, ԱԱՀ-ի գծով՝ մինչեւ 90 օրը ԱԱՀ գումարի 0,1 տոկոս, իսկ 91-րդ օրվանից սկսած՝ 0,3 տոկոս։

Ընդսմին, հանրապետություն ներմուծվող ավտոմեքենաների համար սահմանային մաքսային կետում լրացվում է ներքին մաքսային փաստաթուղթ, որը տեխնիկական անձնագրի, հաշիվ-տեղեկանքի, հաշիվ-ֆակտուրայի, ծագման երկրի սերտիֆիկատի հիման վրա ձեւակերպվում է՝ ըստ բնակության վայրի տարածաշրջանային մաքսատներում։ Որպեսզի առարկայական լինի պատասխանը, կատարվեց, մասնավորապես, հետեւյալ հաշվարկը. ասենք, Ռուսաստանից 8000 դոլար համարժեք գումարով գնված ավտոմոբիլի փոխադրման եւ այլ ծախսերը կազմել են 700 դոլար, այս դեպքում քաղաքացին վճարում է. (8000+700-500) x 10% = 820 դոլար + (8000+700-500) x 20% = 1640 դոլար + (8000+700-500) x 0,3% = 24,6 դոլար: Ընդհանուր գումարը կկազմի 2484,6 դոլար…

Տեղեկացանք նաեւ, որ «եթե ներկայացվում է ծագման երկրի համապատասխան սերտիֆիկատը, ապա 820 դոլար մաքսատուրքը չի գանձվի։ Եթե ՀՀ-ի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագիր կնքած հիշատակված պետությունների ծագման ավտոմեքենաները ներմուծվել են ոչ ԱՊՀ անդամ պետություններից, ապա ըստ գործող օրենսդրության դրանք չեն ազատվում մաքսատուրքից»։

Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30