Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏԱՐՈՎՈՅՏՈՎԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՆՐԱ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Նոյեմբեր 24,1998 00:00
Galina starovoltova

Եվգենի Պրիմակովի նշանակման հաջորդ օրը «Ազատություն» ռ/կ-ի Պրահայի կենտրոնակայանում հայկական ծառայության աշխատակից Արմեն Դուլյանը միջանցքում հանդիպել էր Գալինա Ստարովոյտովային եւ հարցազրույցի հրավիրել։ Արծարծվել էին Ռուսաստանի նոր վարչապետի նշանակմանն առնչվող հարցեր, տիկին Գալինան նաեւ ԼՂՀ հիմնահարցի լուծման իր առաջարկներն էր ներկայացրել, որոնցից մեկը, մասնավորապես, կրկին հանրաքվե անցկացնելն է։ Ստորեւ ներկայացվողն այդ զրույցի ընդամենը պատառիկներն են։ Նշենք, որ այս հարցազրույցը մինչ այժմ Հայաստանի մամուլում չէր հրապարակվել։

«Անկասկած, Հայաստանը ճակատագրիս եւ հոգուս մի մասնիկն է եւ արդեն ընդմիշտ՝ իմ երկրորդ Հայրենիքը»,- «Ազատություն» ռ/կ-ի թղթակցին ասել էր Գալինա Ստարովոյտովան։ Հետո պատմել էր Հայաստանի նախագահների հետ իր մտերմության մասին. «Ես գիշերել եւ հյուրընկալվել եմ Հայաստանի թե՛ առաջին, թե՛ երկրորդ նախագահների տներում։ Ես ծանոթ եմ ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքներին։ Շատ բաներ են մեր գլխով անցել»։

Արմեն Դուլյանի խնդրանքով, տիկին Գալինան խոսել է նաեւ այսօրվա Հայաստանի մասին. «Չափազանց շատ բաներ են փոխվել։ Փոխվել են մարդիկ, նրանց տրամադրվածությունը։ Ոմանք այլեւս կենդանի չեն՝ ինչ-որ մեկը զոհվել է Ղարաբաղյան պատերազմում, մեկ ուրիշն էլ՝ միջիշխանական կռիվներում, ասենք, ինչպես իմ մտերիմ ընկերը՝ Համբարձում Գալստյանը»։ Գալինա Ստարովոյտովան ցավով փաստել է, որ իշխանությունների փոխվելուց հետո էլ սպանությունների շարքը շարունակվում է. «Գլխավոր դատախազի, այլ հայտնի մարդկանց սպանություններն, անշուշտ, չեն կարող ուրախացնել եւ հույս ներշնչել, որ իրավական պետություն կհաստատվի Հայաստանում»։

Նա անդրադարձել է նաեւ 1996-ի նախագահական ընտրություններին. «Անկասկած, ընտրությունների արդյունքները կեղծվել էին։ Եվ երբ մի շարք ձերբակալություններ եղան, ես անձնական նամակով դիմեցի (երեւի այժմ արդեն կարելի է այդ մասին ասել) Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նրան հիշեցրի, թե ինչպես էինք Մոսկվայում պայքարում իր եւ իր համախոհների ազատման համար։ Նրան գրեցի, որ մենք դեմ ենք, որ Հայաստանում այսօր քաղաքական կալանավորներ լինեն»։ Թղթակիցը հետաքրքրվել է, թե արդյոք Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանե՞լ է այդ նամակին. «Անմիջականորեն՝ ոչ։ Բայց շուտով նրա օգնականներն ինձ հրավեր ուղարկեցին նորից Հայաստան այցելել… Ինքը չպատասխանեց։ Դե երեւի հոգեբանորեն յուրաքանչյուրի համար էլ դժվար կլիներ ինչ-որ բան պատասխանել։ Բայց ինձ համար կարեւոր էր գործողությամբ պատասխանը եւ այն առկա էր»։

Ինչո՞ւ հեռացավ Լեւոն Տեր-Պետրոսյանը հարցին Գալինա Ստարովոյտովայի պատասխանը. «Նախեւառաջ, ես ափսոսում եմ, որ նա իշխանությունը ձեռքից բաց թողեց։ Նկատի չունեմ նրա ինքնակամ հրաժարականը. այդ պահին դա հավանաբար անխուսափելի էր եւ դա քաղաքական արիության եւ պատասխանատվության դրսեւորում էր։ Եվ Լեւոնը, կարծում եմ, այդ պահին հասկացել էր, որ նախագահի պաշտոնին իր մնալը կարող է վնասել Հայաստանին։ Կարծում եմ, որ դա նրա գլխավոր շարժառիթն էր, քանզի նա կարող էր իշխանությունը պահպանել. ընտրությունները ճանաչվել էին մի շարք պետությունների՝ ոչ բոլորի կողմից եւ ձեւականորեն նա կարող էր պաշտոնին մնալ, բայց կամավոր որոշեց դրանից հրաժարվել»։

Արմեն Դուլյանի այն հարցին ի պատասխան, թե արդյոք ի շահ Հայաստանի եւ Ղարաբաղի գործեց այն հանգամանքը, որ վաղաժամկետ ընտրություններում Ռոբերտ Քոչարյանն իր թեկնածությունն առաջադրեց, Գալինա Ստարովոյտովան պատասխանել է. «Երբ Ռոբերտ Սեդրակովիչը նախագահի թեկնածու առաջադրվեց, այլ վտանգ էր առկա՝ ես գրել եմ այդ մասին։ Գրել եմ, թե որքանով ճանաչում եմ Ռոբերտ Քոչարյանին, նա, իհարկե, Հայաստանի նախագահ կդառնա։ Բայց դա կասկածի տակ է առնում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման ամբողջ գործընթացի օրինականությունը, քանի որ նա ձեւականորեն ճանաչվեց Հայաստանի քաղաքացի, որն իրավունք ունի բարձրագույն պաշտոնում առաջադրվել՝ 1989-ի դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշման համաձայն։ Հայաստանի հակառակորդների կողմից սա կարող է մեկնաբանվել որպես Լեռնային Ղարաբաղի բռնազավթում, այլ ոչ իբրեւ պետական ինքնիշխանության ձեռքբերման գործընթաց։

Սա լիովին վնասեց ԼՂ-ի ճանաչման գործընթացին։ Չնայած այն որոշ հնարավորություններ ուներ ճանաչվելու որպես ինքնիշխան պետություն եւ ոչ թե Հայաստանի մի մաս։ Դե, այնպես օրինակ, ինչպես դա եղավ Էրիտրեայի դեպքում, որը նույնպես արյունահեղ պատերազմից հետո անջատվեց Եթովպիայից՝ ՄԱԿ-ի հովանու ներքո հանրաքվե անցկացնելով»։ Բայց Եթովպիան համաձայնեց այս որոշման հետ,- հարցրել էր թղթակիցը՝ «Եթովպիային ստիպեցին համաձայնել։ Ոչ ոք երբեք չի ցանկանում իր տարածքները կորցնել եւ ոչ մի կայսրություն կամ խոշոր պետություն չի ցանկանում իր տարածքի եւ բնակչության անգամ մի մասը կորցնել։ Տվյալ դեպքում, ՄԱԿ-ը բարի կամք է ցուցաբերել, իսկ Լեռնային Ղարաբաղի դեպքում՝ դեռ ոչ»,- ասել էր Ստարովոյտովան, որը համոզված էր, թե համառ ջանքերի դեպքում կարելի էր Ղարաբաղի համար էլ նույն արդյունքին հասնել։

Պատրաստեց Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30