Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՀԼԻՃՈՒՄ՝ ԹՇՆԱՄԻՆԵՐ, ՍՐԱՀՈՒՄ՝ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ

Դեկտեմբեր 01,1998 00:00
Arshak Sadoyan

Հիմնականում «Երկրապահ» պատգամավորական խմբի նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը, որի մի մասը տեղի ունեցավ նոյեմբերի 30-ին, սկսվեց Ազգային ժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի բացակայությամբ։ Նա այդ ժամանակ հյուրընկալվում էր ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը, դեռեւս հայտնի չէ՝ ինչ հարցերի շուրջ էր զրույցներ վարում ու միայն նույն օրվա երկրորդ եզրափակիչ նիստին վերադարձավ Ազգային ժողով։

Ինչպես սովորաբար է պատահում, այս անգամ էլ մի պահի, իսկ դա գրեթե նիստի սկզբին էր, թեժ բանավեճ բռնկվեց, որի կողմերը, բնականաբար, ճիշտ եք կռահում, մեկը՝ Արշակ Սադոյանն էր, իսկ մյուսը՝ Յուրի Բախշյանը, թեպետ կարող էր նաեւ Ալբերտ Բազեյանը լինել։ Ինչեւիցե, կռիվն ինքնանպատակ չէր՝ ծագած խնդիրն առնչվում էր օրակարգի հարցերի կանոնակարգային կանոնավորմանը, ու Արշակ Սադոյանը համաձայն չէր այն ընթացքին, որով շարժվելու նպատակ ուներ Յուրի Բախշյանը։ Բայց մինչեւ նրանք կհասցնեին բախվել, նախորդեց նաեւ ԱԺ նշյալ փոխխոսնակի ոչ այնքան սիրալիր երկխոսությունը պատգամավոր Լեոնիդ Հակոբյանի հետ։ Երբ վերջինս մի փոքր ավելի խոսեց կանոնակարգային ընթացքների մասին, Յուրի Բախշյանը փորձեց կանխել՝ իր պատկերացմամբ այդ շատախոսությունը։ Կոմունիստ պատգամավորի արձագանքը համարժեքից էլ մի բան դենն էր. «Ես չեմ խանգարում նիստը, պարոն Բախշյան, ես իմ լիազորություններն եմ կատարում։ Ազգային ժողովին չգազազեցնեք»։

Ամեն ինչ դրանով ավարտված համարելով, Յուրի Բախշյանը փորձեց նիստը շարունակել իր կամեցածով, սակայն Արշակ Սադոյանն ավելի անհաղթահարելի էր։ Թեպետ աշնան վերջին օրն էր, իսկ հաջորդելիքն էլ ձմռան առաջին օրը, սակայն նա, ըստ էության, կարողացավ ապացուցել, որ նաեւ մի ծաղկով կարող է գարուն գալ։ Պրն Սադոյանը համառում էր՝ մինչեւ չլսվի սակագներին վերաբերող հարցը, ինքը հնարավորություն չի տա նիստը շարունակել։ Պրն Բախշյանը չհավատաց, փորձեց Սադոյանին ընդհատել եւ դրա համար հանդիմանանքի արժանացավ. «Դու ինձ ձեռ ես առնում, տո», ու դրանից հետո հաստատ որոշեց, որ «զուգահեռ խոսելու եմ ու չեմ թողնելու նիստը շարունակվի՝ մինչեւ սակագների հարցը չքննարկենք»։ Հարկ է նշել, որ այդ ժամանակ Յուրի Բախշյանի հրավերով արդեն ամբիոն էր բարձրացել էներգետիկայի նորընծա նախարարը։ ԱԺ փոխխոսնակը նրան ստիպված եղավ հետ հրավիրել՝ դեպի դահլիճի աթոռը, քանի որ կոմունիստ Խորեն Սարգսյանն էլ, Սադոյանի պայմանը պնդելով ասաց՝ հակառակ դեպքում իրենց ֆրակցիան ամբողջապես հետ կվերցնի արտահերթ նիստի հրավիրման համար տված իր ստորագրությունները։ Ինչեւիցե, Բախշյանը եւ Բազեյանը մի կողմից, այսինքն՝ նախագահությունից, իսկ Արշակ Սադոյանն էլ՝ մյուս կողմից, իրար էլ ինչ ասես չասացին՝ «Տո, դու ո՞վ ես» եւ այդ կարգի բաներ։

Այլ ելք չտեսնելով, Յուրի Բախշյանն Արշակ Սադոյանի վարքագիծը գնահատեց որպես անկարգություն, ու ընդհատեց նիստը։ Եթե տեսնեիք, թե ինչ քաղաքակիրթ ու որքան ժպտադեմ էին միմյանց հետ բանավիճում Ալբերտ Բազեյան, Յուրի Բախշյան, Ալբերտ Հերոյան, իսկ մյուս կողմից էլ՝ Արշակ Սադոյան, Շավարշ Քոչարյան, Լեոնիդ Հակոբյան խմբերի անդամներն արդեն նիստերի դահլիճի սրահում, կհասկանայիք, որ դահլիճի համեմատ սար ու ձորի տարբերություն կար. մոտ տարածության վրա արտահայտություններն ավելի սիրալիր էին ու որեւէ մեկը մյուսին որեւէ թթու խոսք ասելու մտադրություն իսկ չէր դրսեւորում։ Բայց քանի որ հարցը դեռ լուծված չէր, «Առավոտը» մի այսպիսի հարց տվեց Յուրի Բախշյանին.

– Պարոն Բախշյան, համարում եք, որ Արշակ Սադոյանն անկարգություն է անում։ Եթե նա շարունակի ու, ինչպես խոստացել է, ելույթ ունեցողներին զուգահեռ խոսի, ի՞նչ եք մտադիր անել՝ ոստիկան կկանչե՞ք։

Պարոն Բախշյանը չգիտեր, թե ինչ պետք է աներ, ուստի, պարզապես արձանագրեց, որ պատգամավորի նման պահվածքի նախադեպ ու ավանդույթ խորհրդարանը չի ունեցել։ Իր այս խոսքից հետո նա հիշեց սեպտեմբերի 26-ի դեպքերն ու ասաց. «Չեմ ուզում, որ պատգամավորի անկարգությունը կանխելու համար ոստիկան բերվի խորհրդարան։ Դա վատ սկիզբ կլինի մեր Ազգային ժողովի համար, թեպետ այս պահին չգիտեմ, թե հարցն ինչպես պետք է լուծվի»։

Լուծումն, այնուամենայնիվ, գտնվեց, ու Արշակ Սադոյանը չշարունակեց զուգահեռաբար խոսել, որովհետեւ մեկական ներկայացուցիչ խորհրդարանական յուրաքանչյուր միավորից արտահայտվելու իրավունք ստացավ։ Առաջինը, սակայն, ամբիոն բարձրացավ էներգետիկայի նորաթուխ նախարարը, որի անունը, եթե չեմ սխալվում, Մերուժան Մելիքյան է։ Խմբագիրս թող ներող լինի, բայց նրա անունը գուցե թե էլի երկար ժամանակ չկարողանամ մտապահել, որովհետեւ երբեւէ նման գորշ ու դժգույն նախարարի չէի տեսել։ Մեծ ինքնապարտադրանքի դեպքում անգամ գրեթե անհնար էր նրա խոսքի ընթացքին հետեւելը։ Շատ չերկարացնեմ. նրա համեմատությամբ, իբրեւ հռետոր, իր նախորդ Գագիկ Մարտիրոսյանը գրեթե պայծառ կերպար էր։

Իսկ ելույթներում նորը շատ քիչ էր։ Հատկանշականը մեկ այլ բախում էր, որ ծայր առավ ԱԺ կենտրոնական ամբիոնից։ Միմյանց հետ սահմանադրական փոփոխությունների անարդյունավետ ընթացքի մասին վիճաբանության մեջ մտան կոմունիստ պատգամավոր Ֆրունզե Խառատյանն ու Պարույր Հայրիկյանը։ Վերջինս հայտարարեց, որ ինքը Ռոբերտ Քոչարյանին առընթեր է, այո, հենց այդպես էլ ասաց Հայրիկյանը, որովհետեւ հարյուր հազար ընտրողի ձայնով ինքը դաշինք է կնքել նախագահի հետ։ Իսկ էլեկտրաէներգիայի գների մասին Հայրիկյանն առանձնապես ասելիք չուներ, որովհետեւ իր իսկ խոսքերով՝ ծանր ժամանակներում անգամ, լինելով աջակողմյան կուսակցություն, իրենք սոցիալական խնդիրների վրա չեն ծանրացել ու դրանք չեն շահարկել (պատմությանն արժանի խոստովանություն ԱԺ հերթական ընտրություններից առաջ)։

Հարկ է նշել, որ դեկտեմբերի 1-ին՝ նույն հարցի շուրջ, բավականին փաստարկված եւ հետաքրքիր ելույթի հեռանկար կա։ Կառավարությունը, բացի տեխնոլոգիական կորուստներից, նաեւ գերնորմատիվային կորուստներ է սահմանել էլեկտրաէներգիայի համար, ինչը մոտ 70 մլն դոլարի տարեկան վնաս է բերելու հանրապետությանը։ Տեսնենք, թե «Երկրապահն» ինչ է ասելու։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031