Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ը

Դեկտեմբեր 11,1998 00:00
zinvor

Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման օրն է:

Այդ օրն աշխարհի տարբեր մասերում աջերն հավաքվում են ասելու, թե իրենք ունեն աջ մնալու իրավունք, ձախերն՝ իրենց ձախությունը պաշտպանելու իրավունք, հոգով հարուստները, որպես որակական փոքրամասնություն՝ ընտրելու իրավունք, կապիտալիստները՝ ընտրվելու իրավունք, խնայդրամարկղերում իրենց ավանդները կորցրած ավանդատուները՝ բարոյական վեականգնման իրավունք, պատգամավորները՝ կոճակ սեղմելու իրավունք…

Մի խոսքով, յուրաքանչյուր ոք ունի ապրելու եւ շարունակվելու իրավունք՝ «մարդու իրավունք»։ Երեկ մեր հանրապետության քաղաքացիների համար օրը հերթական էր, սովորական, շատերը մեր այն հարցին, թե «ինչ օր է այսօր», «կառուցողական» պատասխաններ տվեցին՝ «Հինգշաբթի»։ Մեկը նույնիսկ հիշեց, որ Գուրգեն Ջանիբեկյանի ծննդյան օրն է, գյուղինստիտուտի մի ուսանող էլ խոստովանեց, թե իրենց KBH-ի օրն է եւ մրցելու են ժողինստիտուտի KBH-ի թիմի հետ… Նախագահական նստավայրի դիմաց երեկ հիմնականում զինծառայողների ծնողներ էին, որոնց որդիները սպանվել են բանակում, «Արաբո» անհետ կորած ջոկատի տղաների ծնողներ։

Առաջինները հիմնականում պահանջում էին իրենց որդիների սպանության հետ կապված դատավարությունները տեղափոխել հանրապետություն, եւ ձերբազատվել սովորական դարձող որակումներից, թե դրանք… ինքնասպանություններ են։

Մենք երեկ հարկ համարեցինք լսել նրանցից շատերին, եւ ներկայացնել նրանց ասածներն առանց որեւէ միջամտության…

Կարապետյան Զավեն (ծնող) – Տղաս մահացել է 1998 թ. մայիսի 28-ին։ Վարդենիսում։ Առաջին դատը եղել է կոպիտ խախտումներով, եւ մենք պահանջում ենք 2-րդ դատ, որպեսզի արդար պատիժ ստանան մեղավորները։ Դատը եղել է Սեւանի ժողդատարանում։

– Դուք դիմե՞լ եք Վճռաբեկ դատարան։

– Դիմել ենք, սակայն դատը տեղափոխվել է նորից Սեւան, իսկ մենք պահանջում ենք Երեւանում անցկացվի…

Բարսեղյան Քնքուշ (ծնող) – Տղաս՝ Արամ Բարսեղյանը, ծառայության մեջ է եղել 1995 թ. հոկտեմբերի 17-ից, Աղդամում։ 1996 թ. օգոստոսի 10-ին երեխայիս դիակն են բերել։ Բայց ի՞նչն է պատճառը, մինչեւ օրս չեմ իմանում։

– Դատ չի՞ եղել…

– 6 քննիչ է փոխվել։ 1 տարի 4 ամիս գործը գտնվում է հանրապետության դատախազությունում, որոնք փորձում են ապացուցել, թե երեխաս ընկել է թշնամու գնդակից… Գնդակը եղել է երկրորդ-երրորդ ողի արանքում. ԱԿՄ ավտոմատից կրակված։ Այդ դեպքում, ինչո՞ւ էին իմ երեխայի ձեռքերը կտրտված…

– Ո՞րն է այսօր Ձեր պահանջը։

– Իմ երեխայի գործը չքնացնել։ Եվ կայացնել արդարացի վճիռ։ Վկաներից մեկը փախուստի մեջ է, եւ չեն ուզում բերել այդ վկային…

Խուդավերդյան Սաթենիկ (ծնող) – Ռոբերտ Եղոյանի մայրն եմ եղել։ Նույն զորամասում սպանվել է այս տարի հունվարի 18-ին։ Մինչեւ հիմա երկու դատավարություն է եղել, սուտ դատ եղավ՝ «ինքնասպանություն»։ Ես ի վիճակի չեմ եղել հանրապետությունից դուրս գալ եւ ներկա գտնվել դատերին։ Ես իմ տղային Երեւանից եմ ճանապարհել, թող դատը այստեղ էլ լինի… Խոշտանգված էր տղաս, նայեք լուսանկարներին, եւ համոզվեք։

– Խաչատրյան Արայիկի մայրն եմ։ Ասացին, ինքնասպանություն է։ Մի տարի է դիմում-բողոք եմ գրում։ Մենք չենք գնացել դատավարության։ Մինչեւ այսօր քննիչն ուզում է համոզվի, որ ինքնասպանություն է։ Քննիչն այսօր ձերբակալված է։ Նա պետք է խոսի, բայց ինձ ասում են, թե նա կպատժվի ի՛ր արարքի համար։ Դատախազ Լալայանին հանեցին, Պողոսյանը պիտի պատասխան տա… Մեր որդիներին, ասացեք խնդրեմ, ինչո՞ւ են պախարակում…

Ադամյան Աիդա (ծնող) – Հովհաննիսյան Թորգոմի մայրն եմ։ Վարդենիսում է դեպքը կատարվել։ Օգոստոսի 1-ին երեխայիս մահացած բերել են։ Ասում են… ինքնասպան եղավ։ Նա կամավոր գնացել է բանակ եւ ընդունակ չէր նման քայլի դիմելու։ Այնինչ, ցուցմունքներ տվեցին եւ պարզվեց, որ երեխային տարել են անտառ, ընկերներով… ուշաթափ է եղել եւ, դուք արդեն գիտեք… Դատը տեղի է ունեցել Սեւանի ժողդատարանում, դատավորը խայտառակ ձեւով հուշում էր ամբաստանյալին, թե «այ տղա, ըսենց ասա, դու գնացիր, տեսար, որ…»… Ես ուզում եմ իրավապահ մարմինները բացահայտեն այս գործը։ Ես չեմ վախենում եւ ոչ ոքից։ Պահանջում եմ, որ իմ երեխայի արյունը չծախվի։

– Գործն ի՞նչ ընթացքի մեջ է։

– Ջհանգիրյանը ուղարկել է Սեւան։ Իսկ մենք պահանջում ենք, որ դատը լսվի մայրաքաղաքում։

Ի դեպ, բարձրացված կարգախոսներն էին. «Պահանջում ենք, որ սպանված դատավարությունները տեղափոխվեն Երեւան» եւ «Վերադարձրեք մեր որդիներին»։

Խաչատրյան Պերճուհի (ծնող) – Խաչատրյան Արայիկի մայրն եմ։ Իմ գործը (նկատի ունի տղայի- Ռ. Մ.) մայիսի 18-ին մի կերպ տեղափոխեցի Երեւան։ Տվեցի պրն Մանրիկյանին։ Վերջինս նորից արտագրեց, նույն ձեւով գործը ետ ուղարկվեց։ Չենք գնացել, բացարկ ենք հայտնել, որպեսզի գործը տեղափոխվի Երեւան… Եկել է նոր քննիչ եւ չգիտեմ, չեմ հավատում, թե նույնպիսի թերություններով գործը չի՞ ավարտի։ Պահանջում եմ անաչառ քննություն։ Շատ մարդիկ կան, որ թաքնված են այս գործի հետեւում…

– Դուք մասնակցե՞լ եք Ձեր որդու դատաքննությանը։

– Երկու անգամ գնացել եմ Ղարաբաղ։ Հիմա պահանջում եմ դատը լինի այստեղ։

Ո՞վ սպանեց, ինչի՞ համար։ Ուզում եմ իմանալ։

Հարությունյան Էլմիրան հայտնեց, որ իր որդին՝ Արթուրն էլ ծառայել է Մեղրիում, սպանվել է այս մարտի 11-ին, դատը եղել է Էրեբունու ժողդատարանում։ Դիմել են Վճռաբեկ դատարան, առանց ծնողների մասնակցության, եւ մերժվել է նրանց հայցը՝ խիստ պատիժ տալու համար։ Ծնողները պահանջում էին համապատասխան մոտեցում նաեւ նրանց հրամանատարների համար։ Եղան նույնիսկ… մահապատժի սպառնալիքներ։

Գաբրիելյան Կարենի մայրը՝ տիկին Հեղինեն իր հերթին ասաց, որ տղան սպանվել է 1997 թ. օգոստոսի 29-ին, ինչը որակվել է ինքնասպանություն։ Դատաքննությունն անցել է առանց ծնողների եւ տուժողի ներկայացուցիչների մասնակցության։ Նրանք նույնիսկ ծանուցագիր չեն ստացել։

Ժաննա Ալեքսանյան (Զինվորի պաշտպանության կոմիտեի նախագահ) – Սա ծնողների նախաձեռնությունն է, խաղաղ ցույցեր անցկացնել նստավայրի մոտ։ Բողոքը դատախազության դեմ է՝ Ջհանգիրյանի, որը մինչեւ օրս որեւէ դատ չի բացահայտել։ Անօրինական նախաքննություններ են, ինչի արդյունքում դիտավորյալ սպանությունները դառնում են պատահական, սպանությունները՝ ինքնասպանություն եւ այլն։ Նախագահից պահանջում ենք հսկողություն դատախազության եւ բանակի վրա։ Այսօր նամակների բաժնի վարիչին տվյալներ ենք տվել սպանությունների մասին, որոնք կոծկվում են եւ հրատապ միջամտության կարիք կար։ Խոսքը՝ Եղոյան Ռոբերտի եւ Լաչյան Վարդանի սպանությունների դեպքերն են…

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031