Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Գյուլբանգյան. Կարկանդակներ վարչապետի համար

Դեկտեմբեր 12,1998 00:00
zang

(Տպագրվում է կրճատումներով)

-Տեր Աստված, ես սիրում եմ նրան, սա ամոթալի չէ, սա հանցանք չէ, օգնիր ինձ,- այսպես էր միշտ սկսվում տիկին Ռոզայի յուրաքանչյուր նամակ, որ նա պարբերաբար ուղարկում էր մեզ՝ «Լաբիրինթոսի» խմբագրություն այն պահերին, երբ, իր խոսքերով ասած, «կրկնակի տառապանքից հոգնած եւ ուժասպառ, փնտրում էր ելք՝ դիմակայելու կլիմաքսի ժամանակաշրջանի տվայտանքներին»։

Այս նամակ-խոստովանությունները հնարավոր չէր տպագրել առանց խմբագրման՝ երկու պատճառով. նախ՝ հարգարժան տիկինը յուրաքանչյուր նամակի վերջում, որպես կանոն, շեղատառերով գրում էր. «Զգուշացնում եմ, եթե ուզում եք տպագրել, ապա միայն առանց խմբագրման»։ Եվ հետո տեքստի հրաշալի ու ինքնատիպ հատվածներին անսպասելի հաջորդում էին խառնակ ու մոլագար մտքերը, անզուսպ հայհոյանքները՝ ինչ-որ մեկի եւ բոլորի հասցեին։ Եվ հանկարծ, ի զարմանս մեզ, երկու օր առաջ նա ուղարկեց իր յոթերորդ նամակը, որտեղ որպես նախաբան գրում էր. «Եթե ցանկանում եք, կարող եք տպագրել՝ կատարելով որոշակի խմբագրումներ, ինձ համար միեւնույն է, քանզի ես երբեւէ մտադրություն չեմ ունեցել հասարակական կարծիքը տարհամոզել հօգուտ որեւէ մեկի կամ քննարկել ազգային ինչ-ինչ խնդիրներ։ Անկեղծ ասած, ինձ համար միեւնույն չափով անտանելի են թե՛ օտարամոլությունը եւ թե՛ ինքնամոռաց պատրիոտիզմը»։

Նամակը բավականին ծավալուն էր, ոճն այս անգամ ոչ այնքան խրթին, միայն տեղ-տեղ հարգարժան տիկինը, գուցե բարկությունից, մոռանում էր քաղաքավարության կանոնները եւ սկսում էր դարձյալ հայհոյել, ինչպես նաեւ, կարծում ենք, անիրազեկությունից շփոթում էր մեզ բոլորիս հայտնի պատմական եւ քաղաքական դեպքերն ու դեմքերը։ Օրինակ, մի հայտնի ճակատամարտ թվագրում էր 5-րդ դարով, այն դեպքում, երբ դպրոցականներին իսկ հայտնի է, որ այդ կռիվը տեղի է ունեցել ընդամենը 20-րդ դարի սկզբներին։ Մեկ ուրիշ ծայրահեղություն, որ մենք նկատեցինք յոթերորդ նամակում. նա մի կողմից անկեղծորեն խոստովանում է իր անմնացորդ ու նվիրված սերը վարչապետի հանդեպ, մյուս կողմից՝ անզուսպ կրքով քննադատում է կառավարությանը, ավելի ճիշտ՝ նախարարներին, որոնք, իր կարծիքով. «Օր ու գիշեր կեղեքում են վարչապետին եւ չեն թողնում, որ նա հանգիստ ու որակով անի իր գործը»։

Եվ ընդհանրապես, ըստ տիկին Ռոզայի, նախարարները անպետք ու անբան մարդիկ են, նրանք երբեք չեն մտածում ազգի ու պետության մասին, նրանց անհրաժեշտությունը ոչնչով պատճառաբանված չէ, պարզապես վարչապետը ստիպված է հանդուրժել նրանց ներկայությունը, տեղի տալով Միջազգային դիտորդ հանձնաժողովի ճնշումներին։ Բայց վարչապետը ուժեղ, ազնիվ, տոկուն տղամարդ է եւ եթե հարկ լինի, կարող է շրջանցել ցանկացած արգելափակում, հաղթահարել ցանկացած ճնշում եւ գործել առանց նախապայմանների ու մի օր էլ բարձրաձայն ասել. բավական է, պարոնայք, ես շրջափակում եմ այս արգելոցը։

Այնուհետեւ տիկին Ռոզան շեղատառերով գրում է մեկ նախադասություն, որի իմաստը գուցե սովորական ընթերցողը համարի պարանոյալ շեղում, զառամախտով տառապող պառավի բարբաջանք, բայց ոչ, ինչպես ինքն է գրում. «Իր կրծքերի բուրմունքից արբեցած իսկական տղամարդը»։ Այդ նախադասությունը մենք այստեղ չենք մեջբերում՝ պարզապես պահպանելով բարեկրթության կանոնները։

Ինչեւէ, սիրելի բարեկամ, մենք ստորեւ տպագրում ենք հատվածներ տիկին Ռոզայի յոթերորդ նամակից։

-Կառավարության յուրաքանչյուր անդամ այսուհետեւ պետք է որդեգրի գործելակերպի եւ անձնական հիգիենայի մի քանի նորագույն մոտեցումներ, որոնց տեսական հիմնավորումը առավել հանգամանալից կշարադրեմ իմ հաջորդ նամակում։ «Առավել շատ սեքս եւ պնդերեսություն»- քաղաքական խաղի այս կանոնը, համոզված եմ, արդեն սպառել է իրեն, որի վառ ապացույցն է վերջին ժամանակների ժողովրդագրական անպատշաճ ու ալերգիկ տեղաշարժերը աշխարհի չորս ծագերում։

2-2 եղանակով ամորձատել է պետք բոլոր նրանց, ովքեր հոխորտում են, թե իբրեւ մեր սիրելի վարչապետի «պաշտոնական որոշումները երկչոտ են ջահել աղջիկների պես»։

***

Ես կրկին պնդում եմ, որ Սահմանադրության նոր տարբերակում պետք է ընդգծված լինի վարչապետի անմեղսունակության կանխավարկածը…

***

Երկու օր առաջ հեռախոսով զրուցում էի մեր դաշնակից Բինգո հանրապետության պետական նախարար Ռինգոյի հետ։ Մենք հին ծանոթներ ենք։

-Տիկին Ռոզա, ինչպե՞ս եք, դեռ սիրահարվա՞ծ եք…

-Ես հո դրա համար չեմ զանգահարել…

-Լավ, լավ, ինչո՞ւ եք բարկանում, հո գիտեք, որ ես ձեր նկատմամբ միայն ու միայն ազնվաբարո նկրտումներ ունեմ, ինչո՞վ կարող եմ օգտակար լինել ձեզ։

-Մի քիչ չամիչ է հարկավոր, ուզում եմ կարկանդակներ թխել վարչապետի համար, դե գիտեք, պաշտոնավարման երրորդ տարին է լրանում։

Գովազդ

Երկրորդ հազարամյակը մոտենում է վերջնագծին։ Անցյալի պատմական փոշին ամեն օր հիվանդացնում է մեր մարմինը, հոգին, հիշողությունը…

Օճառահեղուկ «Բինգո»-մաքրամաքուր այցեքարտ 3-րդ հազարամյակի համար…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031