Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԿԵԼ ԷԻՆ՝

Հունվար 26,1999 00:00

ԵԿԵԼ ԷԻՆ՝ ՎԱՆՈՅԻՆ ԲՌՆԵԼՈՒ Ընդմիջումն ավարտվեց։ Խորհրդարանի դահլիճը լեփ-լեցուն է։ Միջանցքում մնացինք մի քանի հոգով, մեկը Վանո Սիրադեղյանն էր։ Բարձրախոսից հնչում է գլխավոր դատախազի ձայնը։ Մի քիչ դողում է, մի քիչ անբնական է։ Միջնորդությունն ընթերցվեց։ Գրեթե ավարտին միջանցքում հայտնվեցին թիկնեղության տարբեր աստիճանի յոթ տղամարդիկ։ Հիմնականում կաշվե բաճկոնով կամ կաշվե վերարկուներով էին։ Կանգնեցին, ծխեցին։ Երբ նիստն ավարտվեց, մի տեսակ փորուփոշման հեռացան։ Անզեն աչքով էլ տեսանելի էր, որ պարոնայք եկել էին իրենց հետ մեկին տանելու։ Երեկ նրանք ձեռնունայն հեռացան։ Ի՞նչ կլինի այսօր։ Մ. ԵՍԱՅԱՆ ԲԱՑ ԴԵՂԻՆ ՆԱՄԱԿ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ Երբ Դուք մատի մի շարժումով զոհ տվեցիք «Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթի այն խմբագրին եւ այն լրագրողներին, ովքեր Ձեր ողջ ընտրարշավը տարան իրենց ուսերին (ի դեպ, ոչ այն պատճառով, որ Դուք ավելի արժանավոր էիք, քան Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ իր զինակիցները, այլ այն միամիտ հավատի պատճառով, որ այդ խմբագիրն ու լրագրողները թյուրիմացաբար կարծեցին, թե Ձեզ համար Ղարաբաղը ավելի թանկ է, քան աթոռը), ես այդ պահից հասկացա՝ զոհ տվողը զոհ է դառնալու։ Վանո Սիրադեղյանի դեմ Ձեր բեմադրած ֆարսով Դուք ընդամենը հայտարարեցիք Ձեր աննախադեպ տապալման սկիզբը։ Մինչ նոր հանդիպում։ ԼԻԶԱ ՃԱՂԱՐՅԱՆ «ՀՀ» օրաթերթի հեռացված խմբագիր, ութ օրական «Նոր հանրապետություն» օրաթերթի խմբագիր ՀԱՑԻ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Քաղաքական մտքի մակարդակը հերթական անգամ ցուցադրվեց իր սաղմնային վիճակի ողջ անօգնականությամբ։ Կենդանական գոյություն պահպանելու բնազդի մերկությամբ։ Տառացիորեն ոչ մի ողջամիտ քայլ չարած, ոռոգման ջրի համակարգի կամ թափոններից էլեկտրաէներգիա ստանալու վրա անցյալ տարվա այս օրերից սեւեռված եւ այդ սեւեռումից այդպես էլ ուշքի չեկած մտածողությունը գյուտ է արել. կալանավորել, ասենք, Վանո Սիրադեղյանին։ Այս գաղափարն այնքան է ոգեւորել հանրապետության նախագահի դերում հանդես եկող Ռոբերտ Քոչարյանին, որ անհնար է թվացել «հիմնավորումներ» չգտնելն ու ՆԳ նախկին նախարարի դեմ մեղադրանքներն աշխարհով մեկ չանելը։ Պատեհ ժամ է ժողովրդին արդարության պատրանք շպրտելու։ Ժողովուրդն այդ պատրանքին ավելի է կարոտ, քան ընտանեկան ողորմելի նպաստին։ Վանո Սիրադեղյանին կալանավորելը շատ ավելի ազգանվեր քայլ է, քան նույնիսկ խնայողությունների վերադարձման հնարավորություններ գտնելը կամ աղետի գոտին վերականգնելը։ Հաշվարկները որքան պարզունակ են ու տարրական տրամաբանությանն անհարիր, նույնքան կենսունակ կարող են լինել ու տեղավորվել «հասարակական պատվեր» բոլշեւիկյան բառակապակցության ստորին իմաստում։ … Պահպանվե՞լ է, թե՞ չի պահպանվել ողջամտության մի կաթիլ, որի մեջ տարրալուծվի-չնշմարվի ամեն ինչ կորցրած ղարաբաղցու կերպարը, ու ամեն ինչ կորցրած ղարաբաղցին հեռուստախցիկի դեմ չկանգնի ու մի կերպ սերտած կիսագրական հայերենով չհարցնի. «Մենք հեչ, գոնե էն Վանոյին կալանավորեցի՞ք»։ ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել