Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆԴԻՆ

Հունվար 28,1999 00:00

ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆԴԻՆ «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպության հիմնական մանդատը միայնակ ծերերի բուժսպասարկումը եւ խնամքն է տնային պայմաններում՝ առայժմ միայն Երեւանում եւ Արարատի մարզի չորս քաղաքներում՝ Արտաշատ, Մասիս, Վեդի, Արարատ։ Հիմնական աշխատանքները կազմակերպությունը սկսել է 1995-ին։ Երեւանի մի քանի հանրակացարաններում՝ Արցախի փողոցի, Նորքի զանգվածի, ապրում են հիմնականում միայնակ ծերեր, այդ թվում փախստականներ եւ հոգեկան հիվանդներ (հատկապես Նորքի հանրակացարանի 2-րդ մասնաշենքում)։ Այստեղ կան այնպիսի մարդիկ, որոնք գրանցված չեն իբրեւ հոգեկան հիվանդներ, սակայն մշտական ստրեսները նրանց դարձրել են այդպիսին։ «Առաքելություն Հայաստան» կազմակերպության նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանի կարծիքով, հանրակացարաններում ապրող ընտանիքների ապրուստը հոգում են Ռուսաստանում ժամանակավոր արտագնա աշխատանքի մեկնած տղամարդիկ։ Սակայն հայտնի ճգնաժամի արդյունքում այդ տղամարդիկ վերադառնում են Հայաստան (հիմնականում՝ ձեռնունայն) եւ իրենք էլ մի տեսակ բեռ դառնում ընտանիքի վրա։ Սա իմիջիայլոց, իսկ Հռիփսիմե Կիրակոսյանի հետ մեր զրույցի թեման նրանց խնամքի տակ գտնվող միայնակ ծերերն ու հաշմանդամներն են։ Վերջիններիս սպասարկում են պրոֆեսիոնալ բժիշկներն ու բուժքույրերը եւ մրցույթով ընտրված խնամողները, որոնք պիտի կարողանան, իրենց բուն գործից զատ, խնամյալի տանը հաստատել ընտանեկան մթնոլորտ։ Այս նպատակով, մինչեւ աշխատանքի անցնելը խնամողները լսում են դասախոսություններ՝ փախստականների, միայնակների հոգեբանություն թեմաներով։ – Ինչպե՞ս եք գտնում ծեր, անօգնական մարդկանց։ – Ինֆորմացիայի շատ աղբյուրներ ունենք։ Երեւանի բոլոր 115 փոստային բաժանմունքներում ժողովներ ենք արել, քանի որ այս հարցում ամենատեղյակը ծերերին թոշակ բաժանող փոստատարներն են։ Ժամանակին օգտվել ենք սոցապ նախարարության համապատասխան, հետագայում՝ Փարոսի, մարզերի սոցիալական ծառայությունների ցուցակներից։ Սակայն ամենավստահելի աղբյուրը փոստատարներն են։ Թեեւ նրանք հաճախ ավելորդ ինֆորմացիա էլ էին տալիս։ Ավելի ճիշտ, ոչ թե ավելորդ, այլ ոչ մեր կոնտինգենտի մասին։ Մտածելով՝ ինչքան հնարավոր է շատ մարդկանց օգնել՝ փոստատարները տալիս են նաեւ բազմազավակ ընտանիքների, միայնակ մայրերի, հաշմանդամների հասցեներ։ Սակայն մեր մանդատը միայն ծերերն են։ Մենք նույնիսկ գումար էլ ունենք մյուսներին օգնելու, սակայն այդ գումարը մեզ տրված է միայն ու միայն ծերերի համար։ Աշխատում ենք դուրս չգալ այդ սահմաններից, որպեսզի կազմակերպությունը պրոֆեսիոնալ դառնա։ Եթե մենք սկսենք օգնել բոլորին, ոչ մի բան էլ չենք կարող մինչեւ վերջ անել։ Իսկ հիմա մեր աշխատանքը իսկապես դարձել է պրոֆեսիոնալ, արդեն ստեղծվել են աշխատանքային փաթեթ, կանոնակարգ, աշխատակարգ, գրաֆիկներ։ Իսկ բոլորին օգնելու դեպքում կդառնանք հումանիտար գրասենյակ։ – Ի՞նչ միջազգային կազմակերպություններ են ձեզ ֆինանսավորում։ – «Առաքելություն Հայաստան»- ը ՄԱԿ-ի գործընկերն է։ Ոչ թե նրանից գրանտ ենք ստանում (առաջ էինք գրանտ ստանում), այլ գործընկերն ենք եւ փախստականների բուժսպասարկումն ու խնամքն իրականացնում ենք ՄԱԿ-ի փախստականների բարձրագույն հանձնակատարի գրասենյակի միջոցով։ Եթե մենք՝ կազմակերպություններս, կարիքը ճիշտ ներկայացնենք եւ տրված գումարը ճիշտ օգտագործենք, նրանք շատ լավ են տրամադրված նման ծրագրերի հարցում։ Մի քանի տարվա համագործակցությունից հետո Ժնեւում մեզ գրանցել են որպես ԱՊՀ երկրների հումանիտար օգնության աշխատանքային հանձնաժողովի անդամ։ Նրանք անընդհատ ձգտում են այնպես անել, որ մեզ նման կազմակերպությունները դառնան անկախ։ Մենք աշխատում ենք նաեւ Եվրախորհրդի Տասիս կազմակերպության հետ եւ Երեւանի 1500 միայնակ անկողնային հիվանդ ծերերի խնամքն ու բուժսպասարկումն ամբողջությամբ իրականացնում ենք Եվրախորհրդի ֆինանսավորմամբ։ Շուտով մասնաճյուղեր կբացենք Արարատում, Նոյեմբերյանում, այլ շրջաններում, քանի որ մտնում ենք տարեցների սպասարկման ազգային սոցիալական ծրագրի մեջ՝ ընդունված ՀՀ կառավարության կողմից։ – Ի՞նչ վիճակում են այն հանրակացարանները, որտեղ կենտրոնացված են փախստականներն ու միայնակ ծերերը։ – Շատ հանրակացարաններ վերանորոգվեցին միջազգային կազմակերպությունների կողմից։ Բայց քանի որ հանրակացարանները ոչ մեկինն են, ոչ մեկն իրեն դրանց համար պատասխանատու չի զգում։ Վերանորոգման համար մարդիկ գումարներ են դրել, սակայն հետո ոչ մեկը տեր չի կանգնել։ Շատ բաներ քանդվել, փչացել են։ Արցախի փողոցի հանրակացարանը շատ վատ վիճակում է, նախատեսում ենք վերանորոգել սանհանգույցը, բաղնիք կառուցել, որը ՄԱԿ-ի ֆինանսավորմամբ կիրականացնի Օքսֆամ բրիտանական կազմակերպությունը։ Այսօրվանից մտածում ենք հնարավորություն գտնել այնտեղ հերթապահ, հավաքարար եւ պահակ նշանակելու։ Եթե նրանք չլինեն, մի քանի ամսից, ինչպես մյուս տեղերում, ամեն ինչ շարքից դուրս կգա։ Այժմ իրականացնում ենք նաեւ համայնքային ծրագրեր։ Մի քանի հանրակացարաններում տվել ենք գումար՝ 600 ԱՄՆ դոլարի չափով։ Շահումյանցի մի քանի երիտասարդ ընտանիք խանութ են բացելու, համայնքը վերանորոգել է։ Հանրակացարանը կանգառից շատ հեռու է, ծերերը չէին կարողանում գնումներ կատարել։ Օգուտի մի մասը կգնա ընտանիքին, մյուսով կապահովվի մեր ասած ծառայությունը։ – Ինչպե՞ս են վարվում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները՝ տեսնելով, որ իրենց արածը չի պահպանվում։ – Նրանք վիճակը ներկայացնում են մեր կառավարությանը։ Մի ժամանակ մեր ժողովուրդը բողոքում էր, որ փախստականների համար տներ են կառուցել ինչ-որ անապատներում։ Բայց մեր կառավարությունն էր նրանց այդ տեղը հատկացրել՝ այն պայմանով, որ միջազգային կազմակերպությունները կկառուցեն քոթեջները, իսկ իրենք կապահովեն ենթակառուցվածքները՝ ջուր, կոյուղի, էլեկտրաէներգիա, դպրոց։ Մեզնից, հասարակական կազմակերպություններից, մեր կառավարությունից կախված է շատ բան, անհրաժեշտ է այնպիսի ծրագրեր ներկայացնել դոնորներին, որ տված գումարը գործ դառնա։ Որովհետեւ նրանք գումարը տալիս եւ հետեւում են աշխատանքի ընթացքին։ Դրանից հետո կատարվածի պահպանմանը մենք պիտի հետեւենք։ – Վերջերս միջազգային կազմակերպություններից այցելուներ ունեցե՞լ եք։ – Համաշխարհային պարենի ծրագրի գրասենյակից էին եկել՝ Վաշինգթոնից եւ Հռոմից։ Նրանց զեկույցի հիման վրա պետք է որոշվեր, թե ինչքան սնունդ այս տարի պետք է հատկացնեն Հայաստանին։ Նրանց տարանք Արցախի փողոցի հանրակացարան։ Տեսան այնտեղի պայմանները, շատ զարմացան։ Սենյակներ կան, որ ոչ մահճակալ ունեն, ոչ աթոռ, արկղերը սեղան, մահճակալ են ծառայում։ Այնքան վատ զգացին, որ երկու-երեք սենյակ տեսնելուց հետո ասացին, որ պետք չէ այլեւս առաջ գնալ։ Չեն կարողանում դիմանալ։ Ոչ այնքան պայմաններին, որքան մարդկանց հուսահատ, ընկճված վիճակին։ Դա ավելի վատ է, քան աղքատությունը։ Աղքատությունից ցած հուսահատությունն է, վախը ապագայի նկատմամբ։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ «Միայնակ ապրող մի տատիկ 102 հազար դրամ կուտակված պարտք ունի՝ ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց։ Մեր պատասխանատուները անընդհատ բերում են նման ինֆորմացիա։ Անհնար է, որ միայնակ մարդն այդքան հոսանք ծախսի։ Բայց հասարակական կազմակերպությունները չունեն նման բաները վերահսկելու իրավասություններ եւ մեխանիզմներ։ Աշխատում ենք գումարներ հայթայթել եւ փակել այդ պարտքերը։ Եթե գնում ես համապատասխան մարմիններին դիմելու, փաստաթղթեր հավաքելու, ուղարկելու, պատասխաններին սպասելու ճանապարհով, մարդիկ պարզապես սառում են իրենց բնակարաններում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031