Լրահոս
Օրվա լրահոսը

10 ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՄԱՆԴԱՏ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐԻ ԳՐՊԱՆՈՒՄ

Փետրվար 05,1999 00:00
Aram Abrahamyan

Կոմունիստները ջանում էին ջնջել քաղաքի եւ գյուղի միջեւ եղած տարբերությունները: Ցավոք, թե բարեբախտաբար, այդ աշխատանքը կիսատ մնաց: Նշված տարբերությունն իր ազդեցությունն է թողել բոլոր ոլորտների վրա: Մասնավորապես, քաղաքագիտության մեջ հայտնի է, որ թե զարգացած եւ թե չզարգացած երկրներում քաղաքն ավելի «ընդդիմադիր» է եւ քաղաքականացված, քան գյուղը: Այդ ունիվերսալ օրինաչափության հետ մեկտեղ ճորտատիրական եւ կոլխոզային թրի տակ անցած ժողովուրդների մոտ կան նաեւ այլ առանձնահատկություններ. գյուղացիներն ավելի խեղճ են, ավելի վախեցած ու ճնշված: Այդ է պատճառը, որ, ասենք, Հայաստանում ընտրություններ անցկացնելու ժամանակ իշխանությունը շատ ավելի մեծ խնդիրներ է ունեցել Երեւանում, քան շրջաններում:

Գյուղում մարդկանց կամքի վրա ներազդելու լծակներն ավելի զորեղ են: Հազարավոր օրինակներից բերեմ միայն մեկը: Ապրում է գյուղում մի մարդ, որի տղայի դեմ քրեական գործ է հարուցված: Նրան են մոտենում «իրավասու մարմինների» ներկայացուցիչները եւ ասում. «Կարող ենք տղայիդ երկու տարի պայմանական տալ, կարող ենք՝ տասը տարի ուժեղացված ռեժիմ՝ կախված նրանից, թե ինչպես է քվեարկելու քո գյուղը»: Դժբախտ հայրը, բնականաբար, ընկնում է դռնեդուռ, պատմում իր դարդը եւ համոզում մարդկանց քվեարկել համապատասխան ձեւով: Այդ ընտրողների համար շատ ավելի կարեւոր է համագյուղացին, որի հետ ամեն օր բարեւում են, քան այն՝ իրենց համար փոքր-ինչ վերացական հարցը, թե ով է լինելու հանրապետության նախագահը: Քվեարկության օրն ամբողջ գյուղն ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններում իր ձայնն է տալիս իշխանության թեկնածուին: Ոչ ծեծ ու ջարդ, ոչ քվեատուփ գողանալ, քվեաթերթիկ լցնել, ոչ «մեռյալ հոգիներ» ավելացնել կամ արձանագրության մեջ սուտ թվեր գրել՝ ամեն ինչ տեղի է ունենում Եվրոպայի խորհրդի պահանջներին համապատասխան:

Իհարկե, քաղաքում էլ կարելի է ահաբեկել եւ շանտաժի ենթարկել ցանկացած պետական հիմնարկի ղեկավարի, ցանկացած պաշտոնյայի կամ գործարարի: Բայց այստեղ ավելի դժվար է վերահսկել, թե ինչպես են իրականում քվեարկել քո ստորադասները: Եվ հետո. եթե խոսքը քաղաքացիական հիմնարկի մասին է, ապա տեսականորեն կարող են հայտնվել ըմբոստ աշխատակիցներ, որոնք ղեկավարի «քարոզչության» ժամանակ նրան կուղարկեն… շատ հեռու:

Մի խոսքով, այս եւ մի շարք այլ պատճառներով Երեւանում ընդդիմադիր եւ իրապես անկախ պատգամավորների հաղթանակն ավելի հավանական է: Իշխանությունը, բնականաբար, փորձում է դրան դիմագրավել արդեն իսկ օրենսդրական մակարդակի վրա: Եվ այս առումով գրանցվել են որոշ հաջողություններ. երկրապահական ընտրական օրենսգրքի հեղինակ՝ խելամիտ Վիկտոր Դալլաքյանին ինչ-որ մի ավելի խելամիտ իրավաբան, առաջինից մինչեւ երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում, հուշել է. ի հեճուկս Սահմանադրության եւ բոլոր այն խոսակցությունների, թե հաջորդ խորհրդարանը պրոֆեսիոնալ /արհեստավա՞րժ/ է լինելու, թույլատրել համայնքապետերին՝ դառնալ ԱԺ պատգամավոր: Դա նշանակում է, որ մեծամասնական ընտրատարածքներում Երեւանի 25 տեղերից առնվազն 10-ը երկրապահ-հանրապետականների գրպանում է, որովհետեւ 12 համայնքներից 10-ի ղեկավարությունը ստանձնել են իշխանության կուսակցության ներկայացուցիչները: Հենց համայնքապետերի վրա է, ըստ օրենքի, դրված ընտրությունների անցկացումը, ցուցակների կազմումը եւ այլն: Իհարկե, նրանք ամեն ինչով կնպաստեն նաեւ կուսակցական ընկերների հաղթանակին, բայց, ինչպես հայտնի է, սեփական անձի համար մենք տանջվում ենք եռակի եւ քառակի խանդավառությամբ:

Հաշվի առնելով նաեւ, որ համայնքապետերը լավ, ազգասեր տղերք են, կարգին շրջապատ ունեն, ուտել-խմել, նստել-վերկենալ գիտեն, թաղային հեղինակությունների հետ մտերիմ են, կարելի է վստահաբար ասել, որ նրանց հաջողությունն ապահովված է, եւ նրանք նոր, շատ ավելի բարձր ինտելեկտուալ մակարդակի կհասցնեն մեր ԱԺ օրենսդրական աշխատանքը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728