Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՔՐ ԵՐԿՐՈՒՄ ԾՆՎԱԾԻ ՏԵՂԸ ՆԵՂՎԱ՞ԾՔ Է

Մարտ 17,1999 00:00
poqrik

Իսկ երկիրը չի կառուցվում ու չի կառուցվում 

Գուցե ընդհանրացնելը ճիշտ չէ՞ եւ խնդիրը միայն հայի՞նն է։ Համեմատական դիտարկումներ չունեմ, բայց ոչ մեկիդ համար նորություն չէ հարցի էությունը։ Փոքր երկրի քաղաքացի հայն իր երկրում շատ ավելի վատ է դրսեւորում իր կարողությունները, քան ուրիշ, բայց մեծ երկրում։ Մեծ երկրի ընդարձակ տարածքներում նրա շնչառությունը լիաթոք է, նա ե՛ւ գիշեր-ցերեկ տքնել է կարողանում, ե՛ւ բարձունքներ նվաճել։

Իր երկրում, սիրելով ու գուրգուրելով հարազատ հողը, այն այգեստան չի դարձնում, զմայլվելով լեռնագագաթներով՝ նրանց հպարտությունը սուտ բնավորություն է դարձնում իր համար, ավելի նեղլիկ ձորերի նեղսրտությունն է յուրացնում։ Փոքր երկիրն ավելի մեծ հնարավորություն ունի իր բնատուր տաղանդներին փայփայելու, բայց ինչո՞ւ Հայաստանում դա չի ստացվում։ Նեղ վիճակում մեր տաղանդներն ինչո՞ւ դմբոացան իրենց տանը։ Մի մասը լաց էր լինում, մյուս մասը՝ փնթփնթում, մեկը՝ աղմկում, մեկը՝ ճառում, մինչ բնակչության անտաղանդ փոքրամասնությունը մի կերպ գլխի ճարն էր հոգում։ Հետո տաղանդները չվեցին, մեծ երկրներում բարեհաջող ծաղկում, բարգավաճում են ու ծաղկեցնում, բարգավաճեցնում։ Բա այստե՞ղ ինչու ոչինչ չի ստացվում։ Տաղանդը էլ ո՞ր օրվա համար էր պետք, եթե ոչ խավարի մատնված երկրին՝ լույս տալու, հուսահատ հասարակությանը՝ հուսավառելու, հիվանդ ժողովրդին՝ առողջացնելու։ Փոքր երկրի տաղանդավոր ժողովուրդն ու նրա, բնական է, գերտաղանդավոր անհատականությունները հակառակն արեցին։ Իրենց երկրում միայն։ Մեծ երկրներ սլացածները բուժում էլ են, արտադրում էլ են, առեւտուր էլ են անում, կրթում էլ են, կրթություն էլ են ստանում։

Փոքր երկիր Հայաստանի տաղանդավորները կարծես մեկը մյուսին այնքան էլ չեն սիրում։ Հայաստանում բոլորն են տաղանդավոր եւ, հետեւաբար, շատ է նեղ երկիրը բոլորին ըստ արժանվույն մեծարելու համար։ Սա է պատճառը երեւի, որ խելքն ու շնորհքը պտուղ դարձնելու փոխարեն անվերջ իրենց մեծությանը վայել տեղ են որոնում Հայաստանը լուսավորող արեւի տակ՝ ժամանակը վատնելով աջուձախ խանգարողներին հրմշտելով ու գզվռտվելով։

Կարդացեք նաև

Բոլորի հայացքն ուղղված է որեւէ մեծ երկրի։ Այնտեղ ծնված- մեծացածների սիրտը լայն է, հրել-մրել չկա, Հայաստանից գնացածն էլ հանգիստ, իր բոյին համապատասխան վերմակ է քաշում վրան։

Մինչդեռ հարցը ոչ այնքան մեծ ու փոքրի մեջ է, որքան մարդու դրսեւորվելու համար տվյալ երկրի ընձեռած հնարավորությունների։ Մի՞թե փոքր երկրի համար ավելի հեշտ չէ իր բնատուր տաղանդներին փայփայելը։ Բայց դա նախեւառաջ ապրելակերպ պիտի լինի, բնականոն, անքննարկելի վիճակ։ Տաղանդը մեծ երկրի մենաշնորհը չէ, այլ նրա առօրյայի, մթնոլորտի, հնարավորությունների, շնչած օդի շնորհքը։ Հայաստանում ամեն մեկը կարծես թե միայն իրեն տաղանդավոր համարելու վրա է օր ծախսում, այդ պատճառով էլ տեսնել չի կարող հիրավի օժտվածին, որին մի օր առաջին իսկ հնարավորության դեպքում տեսնում ու յուրացնում է մեկ ուրիշ երկիր։

Բնատուր օժտվածներն ամենուր են, բայց մեկին իր երկրում սիրում ու փայփայում են, մյուսին թողել են իր հույսին։

Շա՞տ են, իրար խանգարո՞ւմ են։ Բա որ ուրախանային մեկը մյուսի գոյությամբ։ Իսկ որ մեկը մյուսին թեւ-թիկունք լիներ։ Իսկ եթե պետությունն իր հողում ծնված շնորհքովին իր տանը երջանիկ դարձնել կարողանար։

Հայաստանում մնացած տաղանդավորը երկիրը շիլա-շփոթ է դարձրել ու նեղսրտած մեկը մյուսի դեմ սվին են ճոճում, իսկ գնացածը ուրիշ ազգերի նախանձն է շարժում իր գործարարությամբ էլ, արագ հաջողություններով էլ։

Գուցե հենց այդ չարաբաստիկ նախանձի՞ խնդիրն է։ Մեր ներսում, մեզ ուտող, մեկը մյուսի լավը չցանկացող նախանձը։ Մեր տանը մեզ ոչնչացնող, ուրիշի երկրում՝ ազգությունդ հաղթանակի մղող զորավոր ուժը։ Մարդը պիտի իր ներսում բնությունից ստացած շնորհները ծախսելու ասպարեզ ունենա։ Չդրսեւորված շնորհը ամենաավերիչ ուժն է դառնում առաջին հերթին՝ իր տիրոջ համար։ Ահա թե ինչու է տաղանդավոր հայ ժողովրդի Հայաստանում մնացած մասն ամենօրյա նյարդային կռվի մեջ հալից ընկնում, իսկ երկիրը չի կառուցվում ու չի կառուցվում։

ԼՈՒՍՅԱ ՄԵՀՐԱԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031