Լրահոս
Օրվա լրահոսը

Թաղի տղերքի հետ համերաշխ

Ապրիլ 03,1999 00:00
ditord

Քաղաքացիական հասարակություն միության «Ընտրությունը քոնն է» տեղական դիտորդական առաքելություն իրականացնելու ծրագիրն արդեն իրականացվել է ԱԺ թափուր տեղերի համար ընտրությունների ընթացքում։ Այժմ այս կազմակերպությունն իր 4 հազար կամավորներով պատրաստվում է վերահսկել խորհրդարանական ընտրություններն ամբողջ հանրապետությունում։ Ներկայացնելով իրենց լուրջ ձեռքբերումները, ծրագրի տնօրեն Հարություն Համբարձումյանն ասաց, որ իրենց ծրագիրը ԿԸՀ մարտի 17-ի թիվ 54 գրությամբ հնարավորություն է ստացել իրականացնելու դիտորդական առաքելություն։

ԿԸՀ հատուկ այս ծրագրի համար որոշել է, որ դիտորդների վկայականներում չի լինի լուսանկար, քանի որ լուսանկարվելը լուրջ սոցիալական խնդիր է։ Կազմակերպության տպագրական ծախսերը 1996 թվականից հոգում է ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարության ինստիտուտը, իսկ քանի որ այս անգամ աշխատանքի ծավալներն ավելի լայն են, դիմել են նաեւ «Եվրասիա» հիմնադրամին։ Տրամադրվող գրանտի չափը դեռեւս հայտնի չէ, քանի որ, ինչպես բացատրեց Հարություն Համբարձումյանը, այդ հիմնադրամի ղեկավարությունն այնքան էլ լավ չի պատկերացնում իրավիճակը. «Մենք նրանց բացատրում ենք, թե որքան արժե հեռուստատեսության եթերային մեկ րոպեն, իսկ նրանք ասում են, որ դուք հասարակական կազմակերպություն եք, ոչ թե «Կոկա-Կոլա» եւ ձեր նկատմամբ պետք է մեղմ վերաբերվեն»։

Չնայած 4 հազար կամավորներին, այս կազմակերպության ներկայացուցիչները չգիտեն, որ արդեն սկսվել է ընտրակաշառքների բաժանումը։ Նրանք խոստացան հետեւել մամուլին եւ տեղեկանալ այդ փաստերին։ Համոզված ենք, որ ընտրական մյուս խախտումների մասին եւս կազմակերպությունը կիմանա մամուլից։ Թեեւ այս կազմակերպության ներկայացուցիչները համոզված են, որ տեղական դիտորդն ավելի լավ է, քան միջազգայինը, քանի որ, ի տարբերություն վերջինիս, գիտի լեզուն, ծանոթ է իրավիճակին եւ ընտրատեղամասում է լինելու ամբողջ ընտրության ընթացքում։ Սակայն եթե միջազգային դիտորդները գնալով իրենց ժողովրդավար արեւմուտքները, կարողանում են իրենց եզրակացությունը ներկայացնել, ապա մեր տեղական դիտորդները, որոնք նույնիսկ լուսանկարվելու համար դրամ չունեն, չեն կարող որեւէ երկիր գնալ՝ իրենց տեսածն առանց վախի նկարագրելու համար։ Ընտրությունները կեղծում են ոչ թե տեղական անշառ ու անփորձանք, ասենք, ուսուցիչները կամ բուժքույրերը, այլ թաղի լավ տղերքը։ Ոչ մի դիտորդ չի համարձակվի ասել, որ մեր թաղի Գրիշը կամ Վռամը գողացավ քվեատուփը կամ քվեաթերթիկներ գցեց։ Բոլորս գիտենք, որ լավ տղերքի գործողություններին պետք է աջակցել, կամ՝ համերաշխություն հայտնել։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930