Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԸ ԶԶՎԱՑՐԵՑ ԷՍ ԺՈՂՈՎՐԴԻՆ»

Ապրիլ 13,1999 00:00
andranik hovakimyan

ՀՀՇ-ն ստորագրահավաքների նպատակով ԿԸՀ-ից 150 տետր էր վերցրել։ Երեկվա տվյալներով արդեն հավաքվել էր 65000 ստորագրություն։

Ըստ ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանի՝ կարող էին ավելի շատ ստորագրություններ հավաքել, եթե համոզված լինեին արդար ընտրությունների հարցում։ Բայց, «եթե 5 մլն ստորագրությունների թերթիկ ես բաժանում, ու 500000 պարտաճանաչ քաղաքացիներ կան, որոնք ուզում են ստորագրել կամ մասնակցել այս պրոցեսներին, ուրեմն պատկերացրեք. յուրաքանչյուրը 10 անգամ իր դուռը պիտի բացի, փակի, այդքան թվով անծանոթ մարդկանց ընդունի եւ այլն։ Այս ստորագրահավաքի 17 օրն արդեն զզվացրեց այս ժողովրդին ու բիծ դրեց ամեն դեպքում ընտրությունների վրա»։

Ըստ ՀՀՇ-ի անցկացրած հարցախույզի՝ Վանո Սիրադեղյանը ամենաբարձր քաղաքական գործիչների ցուցակում 3-րդն էր։ Իմ հարցին, թե ստորագրահավաքի ընթացքում այդ ռեյտինգը պահպանվե՞լ է, պրն Հովակիմյանը պատասխանեց. «Իր հետ կապված վերաբերմունքը հետաքրքիր է. կամ շատ սիրում են, կամ շատ չեն սիրում։ Վստահ եմ, որ նա մինչեւ ընտրությունները կվերադառնա, եւ դա էլ նրա ռեյտինգի վրա լուրջ ազդեցություն կունենա»։ Պրն Սիրադեղյանի վերադարձից հետո «կպարզվի, որ բոլոր հերյուրանքները, ցեխը, որ շպրտվում է իր վրա, հօդս կցնդի»։

-Իսկ պրն Սիրադեղյանի առողջական վիճակն ինչպե՞ս է։

-Առողջական վիճակը բարվոք է։ Բնականաբար, էն մթնոլորտից հետո, որ այստեղ ստեղծվել էր, նրա համար կարեւոր էր հանգստանալ, մտածել։ Ախտորոշվելուց հետո արդեն հստակ նա իր վիճակը պատկերացնում է։

Ստորագրահավաք իրականացնողների ճշգրիտ թիվը պրն Հովակիմյանը չգիտեր, բայց ունեն 50 տարածքային կազմակերպություն։ Ամեն կազմակերպությունից 4 հոգի են լծվել այդ աշխատանքին, ընդ որում՝ հասարակական հիմունքներով։ ՀՀՇ փոխնախագահը պատմեց, որ իրենց բնակարան այլ կուսակցության համար ստորագրություն հավաքելու էին եկել մարդիկ, որոնց ամեն տետրի համար 25 դոլար են վճարում։ Կուսակցության անունը պրն Հովակիմյանը գաղտնի պահեց։ «Մեր ֆինանսական հնարավորությունները մեզ թույլ են տալիս անել նվազագույնը»։ Աստղաբաշխական գումարներով ընտրություններին մասնակցում են այն կուսակցությունները կամ անհատները, որոնք բացի փողից՝ այլ արժանիքներ չունեն։ «Չունեն գաղափարական հենք, չունեն կառույցներ, ճանաչողություն։ Եվ, բնական է, այդ ամենը պետք է հակակշռեն փողով»։

-Դուք ասացիք, որ հավաքել եք 65 հազար ստորագրություն, բայց ԿԸՀ պետք է ներկայացնեք 35000-ը։ Եթե կարելի է, բացատրեք այս տրամաբանությունը։

-Դա ինչ-որ չափով լուծում է ժողովրդի հետ հանդիպման խնդիրը։ Ողջ հանրապետության տարածքը փակեցինք։ Ստորագրահավաքը ժողովրդի հետ շփման, բացատրությունների հնարավորություն է։ Իսկ թե ինչո՞ւ ենք 35000-ը ներկայացնելու, որովհետեւ մեզ ընդհանրապես 30000-ն է անհրաժեշտ։ Ուրիշ խնդիր չունենք, միայն առաջադրվելու նպատակ ունենք։ Ձեւի հետեւից ընկնելու խնդիր էլ չունենք։ Նվազագույնից մի քիչ ավել կտանք, որպեսզի ԿԸՀ-ն էլ այդքան չտանջվի։ Մեղք են։

-Նախագահ Քոչարյանը պարբերաբար հանդիպում է կուսակցությունների հետ։ Ձեզ նման առաջարկ չի եղե՞լ։

-Ոչ։

Իսկ էքս նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը թեեւ հետաքրքրվում է ՀՀՇ-ի նախընտրական կյանքով, բայց «չի գալիս- չի գնում»։

Լ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930