Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՇԱՀԵԼ «ԵՐԿՐԱՊԱՀԻ» ՀԱՄԱԿՐԱՆՔԸ

Ապրիլ 13,1999 00:00
Armen Darbinyan

Ակնհայտորեն՝ դարձյալ ապարդյուն

«Էլեկտրաէներգիայի սակագների սառեցման մասին» օրինագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվելուց առաջ վարչապետ Արմեն Դարբինյանի ստորագրությամբ մի տեղեկանք բաժանվեց պատգամավորներին, որտեղ նշված էր. «ՀՀ կառավարությունը էներգակիրների ծախսի հետ կապված բնակչության սոցիալական վիճակի մեղմացման գլխավոր ճանապարհը համարում է արդյունաբերական մի շարք ձեռնարկությունների վերագործարկումը, գյուղատնտեսական մթերքների կազմակերպված գնումների իրականացումը (…), լրացուցիչ աշխատատեղերի ստեղծումը»։

Թերեւս միայն «էներգակիրների ծախս» բառակապակցությունը փոխելով՝ կառավարությունը կարող է այս տեքստը հարմարեցնել սոցիալական վիճակի մեղմացմանը միտված ցանկացած նախաձեռնություն մերժելու համար։ Այդքանը կարող է։ Ինչը չես ասի ձեռնարկությունների վերագործարկման եւ աշխատատեղերի ստեղծման մասին։ Կառավարության համար նույնքան դժվար պիտի լիներ սակագների անհարկի բարձրացման (այս մասին անգամ ոչ պոպուլիստ եւ ազատական Հրանտ Բագրատյանն է կասկածներ հայտնում), էներգետիկայի ոլորտի աշխատակազմի սոսկալի ուռճացվածության (այդ նույն տեղեկանքի համաձայն՝ 1993-ի շուրջ 22 հազարից 1998-ին հասել էին մոտ 31 հազարի) կորուստների եւ բազմաթիվ այլ խնդիրների բացատրությունները տալ։ Ուստիեւ վարչապետ Արմեն Դարբինյանը երեկ այս ամենի փոխարեն նախընտրեց զուտ քաղաքական ելույթ ունենալ։

Իզուր վստահելով նրա օգնականներին, որոնք խոստացել էին տրամադրել գրավոր տեքստը՝ չձայնագրեցինք Արմեն Դարբինյանի ելույթը։ Եվ մամուլի հետ աշխատել չկարողանալու գործելակերպի պտուղները իրենք էլ ճաշակելու են՝ առավել ստույգ մեջբերելու ենք Արմեն Դարբինյանի ընդդիմախոսներին, իսկ վարչապետի ելույթը ստիպված ենք ներկայացնել հիշողությանն ու տպավորություններին ապավինելով։

Արմեն Դարբինյանի խոսքը լրագրողների շրջանակում այն տպավորությունն էր առաջացրել, թե նա ուղղակի ելույթի տեքստերը շփոթել է։ Եվ սակագների սառեցման դեմ հակափաստարկներ ներկայացնելու, խորհրդարանին իր տեսակետների ճշմարտացիության մեջ համոզելու փոխարեն արտասանում է, ասենք, Հանրապետական կուսակցության համագումարում իր ողջույնի խոսքը։ Թերեւս փոքրիշատե արժանապատվությունը չէր խանգարի, որ այս կառավարությունից «Երկրապահի» բազմապատիկ, մեղմ ասած, դժգոհություններից հետո վարչապետը գոնե քծնանքի այդչափ մեծ չափաբաժնով ելույթ չունենար։ Գերադրական աստիճանի ի՜նչ ածականներ հնչեցին, ի՜նչ համեմատություններ, ի՜նչ հաճոյախոսություններ, որ դեռ ըստ արժանվույնս չի գնահատվել 1998-ի փետրվարին պատգամավորների մի խմբի անցումը «Երկրապահի» շարքերը, որ նրանք լրջմիտ եւ կշռադատված քաղաքականություն են վարում եւ այլն եւ այլն։

Այնքան ակնհայտ էր սիրտ շահելու այդ ձգտումը, որ պատգամավորները ծիծաղում էին։ «Երկրապահ՝ պուպո՜ւշ» կարգի արտահայտություններին անպայման պիտի հաջորդեր «Հանրապետություն» ու «Հայրենիք»՝ քըխ», հանգերգը, որը կատարելով էլ հիշեց Քաղբյուրոյի որոշմամբ փակված ատոմակայանը եւ դա էլ ՀՀՇ-ին վերագրեց, այլեւայլ բաներ էլ հիշեց։ Եվ երբ Արմեն Դարբինյանը հասավ Լեւոն Տեր-Պետրոսյանին ու նրա «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածին, ինչ-որ մեկի նյարդերը տեղի տվեցին։ «Բայց ի՞նչ կապ ունի այս ամենը սակագնի հետ»՝ տեղից այս դիտողությանը երիտասարդ վարչապետը արձագանքեց, թե «կապ ունի»։ Եվ անվրդով շարունակելով՝ անակնկալ մի հայտարարություն էլ արեց, որ այժմ քաղաքական միակ աջ ուժը կառավարությունն է։ Որեւէ մեկի մտքով չէր անցնի այս կառավարությունը քաղաքական համարել, բայց դե թերեւս «արհեստավարժ» հասկացությունն արժեզրկելը քիչ էր համարվել։ Վերջում էլ պրն Դարբինյանը սպառնաց, թե չի հաջողվելու իրենց շեղել այդ աջ գծից եւ շարունակելու են կենսագործել այդ քաղաքականությունը. «Չեք հասցնի»,- լսվեց «Շամիրամի» շարքերից։

Զարմանալի միասնական է ԱԺ-ն կառավարության հանդեպ իր վերաբերմունքով։ «Երկրորդ ընթերցման ժամանակ արտահերթ ձայնի եւ անսահմանափակ ժամանակի իրավունք չուներ վարչապետը, որ մեզ փորձեր համոզել անհամոզելին, թե վնաս ենք տալիս ժողովրդին, եթե էլեկտրաէներգիայի սակագներն ուզում ենք սառեցնել»,- ասաց Արշակ Սադոյանը։ Հովհաննես Իգիթյանը, Արմեն Դարբինյանի ելույթից ստացած տպավորությունը բարձրաձայնելով, որ կառավարության եզրակացությունը բացասական է, բարեկամաբար խորհուրդ տվեց. «Եթե այդպես է՝ գոնե վերջում պիտի այդ բանը ասվեր, որ ժողովուրդը հասկանար՝ ԱԺ-ն ուզում է իջեցնի սակագինը, իսկ վարչապետը, կառավարության հետ միասին, ուզում են բարձրացնել եւ այստեղ հենարան են փնտրում»։

«Էլեկտրաէներգիայի սակագների սառեցման մասին» օրինագծի վերջնական քվեարկությունը տեղափոխվեց։ Բայց երեկ էին արդեն ԱԺ-ում հայտնվել գործադիր իշխանության մեջ աշխատող այն երկրապահները, որոնք, որպես կանոն, իրենց խմբակիցներին համոզելու գործիք են օգտագործվում։ Եվ վարչապետի ելույթն էլ, Էդվարդ Եգորյանի գնահատականով, միտված է էլի երկրապահներին համոզելուն թե. «Տեսեք, ձեզ սատար եմ կանգնում՝ համարձակորեն կարող եք «կողմ» չքվեարկել։ Հույս ունեմ, որ երկրապահները դրա կարիքը չունեն։ Իսկ եթե ունեն՝ կներեք, իմ ընկերներ, ես ձեզ ցավակցում եմ»։

Այսօր պարզ կդառնա, թե արդյոք տեղին էին ցավակցությունները։ Իսկ մինչ այդ նշենք, որ Եգորյանը մարդկանց էլի կոչ արեց հավաքվել ԱԺ դարպասների մոտ։ Իսկ «աջ ու ձախ» տարբերակումների մասին էլ ասաց. «Աջ՝ չի նշանակում անարդյունավետ, կաշառակեր համակարգ։ Կապիտալիզմ՝ չի նշանակում, որ կառավարության անդամները պիտի «Ջիպերով» շրջեն, այն էլ կառավարության հաշվին չգնած։ Եթե նվեր են տալիս՝ չի նշանակում, որ մենք աջ համակարգում ենք գործում»։ Էդվարդ Եգորյանն այս կառավարությանը աջ գաղափարախոսությունն ապականող անվանեց. «Կառավարության ամեն ներկայացուցիչ մի կուսակցություն է սարքում՝ մեկն էլ ինքն է (Արմեն Դարբինյանը- Ա. Ի.) սարքում… Մարդա մի հատ կուսակցությունով մտել են, ընտրություններ են անում, համարում են, որ իրենք ժողովրդավար են։ Արդեն էն աստիճանի են հասել, որ ՆԳՆ-ն 2 կուսակցություն է ստեղծում… Արդեն ըստ զորատեսակների պիտի կուսակցություններ ունենանք, ըստ քաղաքների՝ եւ էս մարդիկ խոսում են ժողովրդավարության, ինչ-որ առաջընթացի մասին»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Հ. Գ. Վահագն Խաչատրյանը կառավարությանը դիմեց, թե՝ հաջորդ անգամ էներգետիկայի նախարարին էլ բերեք. «Մենք իրեն ոչինչ չենք անի, ոչ կկծենք, ոչ ձեռքով կխփենք։ Ուղղակի իր դեմքը կտեսնենք. այդ ինչ թափոնների մասին էր խոսում եւ 1993-94-ին ինքը ո՞ր թափոնների շարքում էր»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930