Լրահոս
Օրվա լրահոսը

Պետդուման փորձում է

Ապրիլ 23,1999 00:00

Պետդուման փորձում է փրկել Եվրոպան Երեկ Պետդումայի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Լուկինի («Յաբլոկո») նախաձեռնությամբ Դուման նոր դիմում հղեց ՆԱՏՕ-ի անդամ երկրներին՝ Հարավսլավիայի ռմբակոծությունները դադարեցնելու համար։ Ռուսաստանի քաղաքական վերնախավը Հարավսլավիայի ռմբակոծությունները սկսելուց ի վեր ցույց տվեց իր իրական պատկերը. անսպառ հիստերիա եւ գործնական ոչ մի քայլ։ Այսինքն, երբ Ռուսաստանը հայտարարում էր, որ Հարավսլավիայի ռմբակոծությունները Ռուսաստանի ռազմավարական շահերի ոտնահարում են՝ դա ոչ մեկի համար գաղտնիք չէր։ Երբ այդ նույն Ռուսաստանը հայտարարում էր, որ իրենք Հարավսլավիային հակաօդային պաշտպանության համակարգեր կնվիրեն, դա լուրջ չէր ընդունվում, որովհետեւ Եվրոպան փայլուն հասկանում էր, որ անհրաժեշտ է ընդամենը Ռուսաստանին պարտքով 4 մլրդ դոլար տալ։ Երբ Ռուսաստանը պնդում էր, որ ռմբակոծությունների հետեւանքով հումանիտար աղետ է լինելու, եւ ալբանացիները փախչելու են հարեւան երկրներ, դրանով էլ եվրոպացիներին չկարողացան վախեցնել, որովհետեւ այդ տիպի հումանիտար աղետները Եվրոպայում դարձել են սովորական, թեկուզ միայն ԽՍՀՄ նախկին քաղաքացիների ներհոսքի պատճառով։ Երեկվա ընդունած Պետդումայի հայտարարությունն այս ամբողջ շարքի մեջ կարող է լինել ամենալուրջը։ Այսինքն, Հարավսլավիայի ռմբակոծությունները կարող են էկոլոգիական աղետի առջեւ կանգնեցնել ողջ Եվրոպային։ Այնպես է 20-րդ դարի տրամաբանությունը, որ կուշտ երկրներին առանձնապես հուզող պրոբլեմը էկոլոգիան է, այլ ոչ թե ինչ-որ Ռուսաստանի ստրատեգիական շահ կամ հակաօդային հրթիռների տեղադրում եւ այլն, եւ այլն։ Այսօր շարքային եվրոպացուն, որն այլեւս չունի վաղվա օրվա ապրուստի պրոբլեմ, առաջին հերթին հետաքրքրում է, թե ինչ որակի օդ է շնչում կամ քանի կյուրի ճառագայթում կա այն լոլիկի մեջ, որից պատրաստված պահածոն ինքն ու իր երեխան օգտագործում են։ Իհարկե, ՆԱՏՕ-ի զինյալները միշտ էլ կարող են հայտարարել, որ իրենք միայն ռազմական նշանակության օբյեկտներին են հարվածում։ Սակայն բոլորն էլ տեղյակ են, թե ինչպես է ՆԱՏՕ-ի հրթիռը պատահմամբ ընկնում Մակեդոնիայի կամ Բուլղարիայի տարածքում, եւ բոլորն էլ փայլուն հասկանում են, որ մի օր էլ այդ հրթիռը ինչ-որ ռազմական օբյեկտի փոխարեն կարող է հարվածել Կոզլոդուեւի ատոմակայանին կամ քիմիական որեւէ գործարանի պահեստարաններին։ Եթե Պետդուման կարողանա բավականաչափ փաստեր մատուցել շարքային եվրոպացուն, Եվրոպայում շատ ուժեղ կանաչների շարժումները կարող է ՆԱՏՕ-ի ռմբակոծությունների դեմ բողոքի հզոր ալիք բարձրացնեն։ Այստեղ արդեն հարցը ոչ թե վերաբերում է ինչ-որ երկրի ռազմավարական շահին, այլ իրենց շնչած օդի մաքրությանը։ ԳԵՎՈՐԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել