Լրահոս
Օրվա լրահոսը

Ջուրը կյանք է

Ապրիլ 29,1999 00:00
jur

Ոչ հոդված գրելու մտադրություն եմ ունեցել, ոչ էլ ռեպլիկին պատասխանելու ցանկություն։ Բայց ապրիլի 23-ին բոլորի կողմից սիրված եւ շատ կարդացվող «Առավոտ» օրաթերթի 4-րդ էջում տպագրված «Ընտրակաշառքը ջրագիծ» ռեպլիկը ինձ այն աստիճան զայրացրեց, որ չպատասխանել չէի կարող։

Խեղաթյուրված անուն-ազգանուններով հանդես եկող Գուրգեն Ափեյան եւ Դերենիկ Սաֆարյան հորջորջվածները «Երեւի ծնված Աբաս-թուման կայարանում, կամ էլ գրական կեղծանուններն են, չեն բնակվում Վարդենիկ գյուղում»։ Իմ անուն-ազգանունը նույնպես նշելով՝ ցանկացել են եռյակ դաշինք ստեղծել, ո՞ւմ դեմ, ինչի՞ համար, ի՞նչ նպատակով, պարզապես ծիծաղելի է եւ շատ ցավալի։ Ծիծաղելի է, այն առումով, որ եթե ասելիք ունեն, թող ասեն, գրեն, տպվեն իրենց իսկական անուն-ազգանուններով։ Ցավալի է, որ ես՝ Սամվել Գասպարյանս, Վարդենիկի սերմնաբուծական տնտեսության տնօրենս, շուրջ հինգը տարի տարբեր պետական բարձրաստիճան պաշտոնյաների դռները ծեծելով, փաստաթղթեր հավաքելով՝ նրանց հուսահատ եւ հուսադրող հայացքներից բացի, ոչինչ չտեսա ու չստացա։

Տարբեր բանկերի դռները թակելով, վարկ ստանալու հույսով, որը հետագայում ջուր էր դառնալու, գյուղացու հույսն ու հավատն էր լինելու, մերժվեցի եւ լավ հասկացա, որ ինձ համար ջուրը «Էն է, հրե՜ն, հա՜, երկնքիցն է կախված»։

Ակամայից հիշեցի տարիներ առաջ մեծահարուստ Գյուլբենկյան հիմնադրամը, թե ֆոնդը ցանկանում էր Էջմիածնի խճուղու երկայնքով բնակելի մայրուղի կառուցել, բայց չկառուցվեց հասկանալի եւ անհասկանալի պատճառներով։ Երեւի վախ կար, որ մեծահարուստ հայը իր հետ այն աշխարհ կտաներ հայերով բնակեցված խճուղին։

Այժմ ես՝ գյուղատնտեսս, որը երազում ջուր է տեսնում, խոսելիս՝ ջրի մասին մտածում, հարյուրավոր հեկտար հողերը անջրդի տեսնելիս՝ պապանձվում, ժամանակ է գտել եւ հերյուրանքներով հանդես է գալիս մարդկանց դեմ, որոնց լավ էլ չի ճանաչում. ինձ ճանաչողները կծիծաղեն, կատակի կտան եւ կհասկանան, որ հոդվածի հեղինակը ընդհանուր ոչինչ չունի գյուղացու հոգսերի, առօրյայի հետ։ Նրա նպատակն ուղղակի ցեխ շպրտելն է, այն էլ ջուր քիչ տեսած վարդենիկցու ցեխ, որը բումերանգի նման հարվածելու է ուղիղ հեղինակի ճակատին։ Համառոտեմ ասելիքս, ցանկությունս բարի է, արժանի ուշադրության, Ազգային ժողովի ընտրությունները անցկացվեին գոնե երկու տարին մեկ անգամ, այն ժամանակ թերեւս լուծվեին անլուծելի թվացող շատուշատ խնդիրներ։ Իսկ դուք՝ հարգելի պատգամավորության թեկնածուներ, օրինակ վերցրեք, եթե կարող եք, արժանահիշատակ գործեր կատարեք, եթե չընտրվեք էլ՝ … գործն է հիշվում դարեդար…

Սիրելի՛ բնիկ վարդենիկցիներ, սկուտեղի վրա մատուցված ջուրը ընդունեք, գնահատեք, օգտագործեք եւ ողորմի տվեք ստեղծողի, արարողի անցողաց…

ՍԱՄՎԵԼ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930