Սլովակիայում մեկնարկել է հունահռոմեական ըմբշամարտի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունը։ Մեկնարկային օրը Հայաստանից Բրատիսլավայի մրցագորգում պայքարի մեջ մտան չորս ըմբիշներ, որոնցից երկուսն արդեն հասել են կիսաեզրափակիչ։
Սամվել Գասպարյանը 77 կգ քաշային կարգում տարել է երեք հաղթանակ՝ եգիպտոսցու, ամերիկացու, հունգարացու նկատմամբ եւ երեկոյան եզրափակչի ուղեգրի համար գոտեմարտելու է Վրաստանի ներկայացուցիչ Գիորգի Գոգելաշվիլիի հետ։
87 կգ քաշային Յուրիկ Պետրոսյանը վիճակահանությամբ պայքարը սկսեց 1/8 եզրափակչից ու պայքարից դուրս թողնելով Ղրղզստանի ու Իրանի ըմբիշներին՝ ½ եզրափակչում ուժերը չափելու է ավստրիացի Պաուլ Մեյերի հետ։
Կարդացեք նաև
Բրատիսլավայում քառորդ եզրափակիչ փուլը հաղթահարել չկարողացավ 63 կգ քաշային Ալեքս Մարգարյանը, որի գոտեմարտը իրանցու հետ հենց սկզբից իր սցենարով չգնաց։ Իսկ գերծանր քաշային կարգում Սեյրան Կիրակոսյանը մեկնարկում զիջեց ռուսաստանցի Ալի Իլյասովին։ Այդուհանդերձ, թե Ալեքսը, թե Սեյրանը սփոփիչ գոտեմարտերում հանդես գալու հույս դեռ ունեն։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































