Լրահոս
Օրվա լրահոսը

կժՀԹյԾ ԺժխԿԾ հձ-31

Ապրիլ 30,1999 00:00

կժՀԹյԾ ԺժխԿԾ հձ-31 Ամեն անգամ, երբ ռուսները ինքնաթիռներ են բերում Հայաստան, մեծ աղմուկ է բարձրանում։ Այժմ ռուսաստանցիներն առաջարկում են հենց տեղում՝ Հայաստանում կազմակերպել CY-երի արտադրությունը։ Քանի դեռ ադրբեջանցիները աղմուկ չեն բարձրացրել, միանգամից ասենք՝ խոսքը մարզական ինքնաթիռների մասին է։ Հինգշաբթի օրը Հայաստանի վարչապետի եւ խորհրդարանի խոսնակի հետ հանդիպեցին Մոսկվայի «Սոյուզ» մոտորաշինական կոնստրուկտորային բյուրոյի գլխավոր տնօրեն Հովհաննես Օհանյանը եւ Սուխոյի կոնստրուկտորային բյուրոյի գլխավոր կոնստրուկտոր եւ գլխավոր տնօրեն Միխայիլ Սիմոնովը։ Կոնստրուկտոր Սուխոյը մահացավ 1985 թվականին, բայց նրա նախագծած CY հանրահայտ ռազմական օդանավերը շարունակում են համալրել աշխարհի տարբեր երկրների ռազմաօդային ուժերը։ CY-երին անծանոթ չեն նաեւ Հայաստանի սահմանամերձ տարածքների բնակիչները, իսկ ղարաբաղցիներին վաղուց արդեն ճանաչում են որպես CY-եր խփելու ամենաարհեստավարժ մասնագետներ։ Քչերը սակայն գիտեն, որ ռազմական օդանավերից բացի, Սուխոյի բյուրոն նախագծում եւ արտադրում է նաեւ մարզական բարձրակարգ ինքնաթիռներ, որոնք աշխարհում նույն համբավն ունեն, ինչ «Ֆորմուլա -1» սպորտային արագընթաց մեքենաները։ Օկլահոմա ամերիկյան քաղաքում վերջերս կայացած ավիասպորտային աշխարհի առաջնությունում առաջին տասը տեղերից ութը գրավեցին CY-երով հանդես եկող անձնակազմերը։ Ռուսաստանյան մարզական ինքնաթիռներն արտահանվում են 12 երկիր։ Բայց հիմնական գնողները ամերիկացիներն են, եւ դա հասկանալի է՝ ավիասպորտը թանկ հաճույք է, իսկ ամերիկացիները հարուստ են։ Երեւի արդեն կռահեցիք, որ մոսկվացի հյուրերն առաջարկում են հայաստանցիներին՝ լծվել ամերիկացիներին եւ այլ ազգերին ինքնաթիռներ մատակարարելու գործին։ Պատճառը ռուսաստանյան ճգնաժամն է, որը ոչ շահութաբեր է դարձրել «CY-31» տիպի մարզական ինքնաթիռների արտադրությունը։ Տեսնելով, որ Ռուսաստանի կառավարությունը պատրաստ չէ հարկային արտոնություններ տրամադրել, «սուխոյականները» սկսեցին փնտրել այնպիսի մի երկիր, որ թե՛ էժան աշխատուժ կառաջարկեր, թե՛ հարկերից կազատեր։ Արդեն սկսվել էին բանակցությունները Չինաստանի հետ, բայց այդ պահին Մոսկվայում հայտնվեց Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Վազգեն Սաֆարյանը։ Առաջադիմական միացյալ կոմկուսի առաջնորդը, որը նաեւ Հայաստանի ապրանքարդյունաբերողների միության ղեկավարն է, ծանոթացավ «Սոյուզի» գլխավոր տնօրեն Հովհաննես Օհանյանի հետ, եւ միգուցե այդ հանդիպումը սերունդները պատմական կանվանեն, քանզի այն կարող է դառնալ Հայաստանում ավիաշինարարության զարգացման մեկնակետը։ Ի՞նչ են առաջարկում Սուխոյի մասնագետները։ Հայաստանի որեւէ ձեռնարկությունում (կոնկրետ քննարկվում է «Հրազդանմաշի» տարբերակը) ստեղծել մարզական CY-երի հավաքման արտադրամաս։ Սկզբում անհրաժեշտ մասերը կբերվեն Ռուսաստանից, բայց այնուհետեւ ողջ արտադրությունը կկազմակերպվի տեղում։ Սուխոյի բյուրոյի ղեկավարները պատրաստ են մոտ 7 մլն դոլար ներդնել, ավելին, առաջարկում են կես տարին մեկ 20-30 հայաստանցի մասնագետ պատրաստել Մոսկվայում, ընդ որում, ապահովելով նրանց աշխատավարձը, սնունդը եւ այլն։ Հովհաննես Օհանյանի կարծիքով, արդեն մեկ տարի հետո Հայաստանում կարելի է սկսել «CY -31» ինքնաթիռների արտադրությունը՝ սկզբում՝ տարեկան 40 հատ, հետո՝ 80, եւ վերջապես՝ դրանց թիվը կարելի է հասցնել 100-ի (դրանից ավելի չի վաճառվի)։ Մեկ ինքնաթիռի գինն է 180-210 հազար դոլար, ըստ որում, վաճառքը ռուսաստանցիները վերցնում են իրենց վրա։ Հայաստանից «սուխոյականները» ընդամենը երկու պահանջ ունեն. առաջինը բավական հեշտ է. տարածք՝ արտադրությունը կազմակերպելու համար։ Եթե հաշվի առնենք, որ մեր արտադրական կարողությունները հիմնականում կարոտ են օգտագործման, հասկանալի է, որ եթե նույնիսկ «Հրազդանմաշը» չհամաձայնի, մյուսները սիրով կընդունեն առաջարկը։ Երկրորդ պահանջը բավարարելու համար անհրաժեշտ է խորհրդարանի միջամտությունը։ Մոսկվացիներն առաջարկում են առնվազն 5 տարով ազատել ստեղծվելիք համատեղ ձեռնարկությունը հարկերից, իսկ դրա համար հատուկ օրենք է պետք։ Հինգշաբթի օրը Խոսրով Հարությունյանի հետ մոտ մեկ ժամ զրուցելուց հետո Հովհաննես Օհանյանը հայտնեց, որ մեր խոսնակը պատրաստակամություն է հայտնել ընդառաջ գնալ մոսկվացիների խնդրանքին եւ հույս է հայտնել, որ նորընտիր խորհրդարանն էլ բարյացակամ դիրքորոշում կորդեգրի։ Դե ինչ, եթե «Արմենիկում» ենք հայտնագործում, ինչո՞ւ չենք կարող ինքնաթիռներ վաճառել ամերիկացիներին։ Դրա համար երկու բան է պետք՝ նախ, չտրտնջալ ռուսաստանյան ճգնաժամից, այլ օգտվել այդ ճգնաժամից։ Եվ երկրորդ՝ երբեք չթերագնահատել առաջադեմ կոմունիստների հնարավորությունները։ ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել