Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն եւ ընտրակաշառքը

Մայիս 05,1999 00:00
kasharq

Հայաստանում բոլոր մարդիկ ազնիվ են եւ անկաշառ։ Դա արտահայտվում է այդ թեմաներով արտասանվող ճառերով եւ տպագրվող հոդվածներով։ Որեւէ մեկը դեռեւս չի ասել, որ ինքը ընտրվելու է ընտրակաշառք բաժանելու կամ քվեատուփ՝ իր օգտին քվեարկված, քվեաթերթիկներ լցնելու միջոցով։ Եվ որպեսզի դու ավելի արդար ու ազնիվ լինես, պետք է խոսես ոչ միայն քո առաքինությունների մասին, այլ ցույց տաս շրջապատի կեղտոտվածությունը։ Ինչպես բոլոր հայերն են ազնիվ, այնպես էլ մեր կուսակցությունները։ Օրինակ, Դաշնակցությունը ընտրական գործընթացների հենց ամենասկզբում իր առաջնորդ Վահան Հովհաննիսյանի բերանով զգուշացրեց, որ ՀՅԴ-ն պայքարելու է բոլոր տեսակի ընտրակաշառքների եւ ընտրակեղծիքների դեմ։ Այս նույնը ավելի բարձրագոչ բարբառում է կուսակցության այժմ արդեն նորացված «Երկիր» օրաթերթը, որը իր երեկվա՝ մայիսի 4-ի համարում երկու հոդված է տպագրել ընտրակաշառքների դեմ։ Առաջին հոդվածը վերնագրված է. «Չէ, հայերիս ազատ ընտրություններ չի սազում»։ Հոդվածի հեղինակը ենթադրում է, որ կուսակցությունների «մի մասը կփորձի համոզել գաղափարապես, մի մասը յուղ ու բրնձով, մի մասն էլ… հազարումի ձեւ կա։ Դաշնակցությունը ո՛չ կարիք ունի համոզելու, ո՛չ կաշառելու եւ ո՛չ էլ ստիպելու»։

Նույն թերթի չորրորդ էջում ընտրակաշառքների դեմ ուղղված երկրորդ նյութն է՝ «Իսկ դուք ընտրակաշառք ստացե՞լ եք» պահանջատիրական վերնագրով։ Եթե այս հարցը ուղղված է նաեւ Կոտայքի մարզի թիվ 59 ընտրատարածքի ընտրողներին, ապա նրանց մի ստվար զանգված կարող է վկայել, որ ՀՅԴ ջանքերը իզուր չեն անցել, եւ ընտրակաշառք բաժանելու համար ստացված գումարները (գոնե ինչ-որ մասը) ծառայել է ըստ նպատակի։ Կիրակի օրը, Աբովյանի ՀՅԴ շտաբի մոտ հավաքվել էին նշյալ ընտրատարածքի այն ծնողները, որոնց որդիները ծառայում են Ղարաբաղում։ Այս ընտրատարածքում ՀՅԴ-ից պատգամավորության թեկնածու առաջադրված Պետրոս Մեղրյանը կազմակերպել էր, որպեսզի իր ընտրատարածքի բնակիչ-ծնողները հնարավորություն ունենան անվճար տեսակցելու երեխաների հետ։ Հույս հայտնենք, որ այս ծնողները վերադառնալով Ղարաբաղից, արժանվույն կգնահատեն ՀՅԴ-ի եւ անձամբ Պետրոս Մեղրյանի ջանքերը՝ 59 ընտրատարածքում քվեարկելով նրա, իսկ համամասնական ցուցակով՝ ՀՅԴ օգտին, եւ չեն հետեւի այն մի քանի մարդկանց խորհրդին, թե ստացեք ընտրակաշառքը, բայց քվեարկեք ըստ ձեր համոզմունքների։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31