Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՆԱՆՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՄ ԷԼ ԽՈՐՈՎԱԾ ԿՈՒՏԵՆՔ

Մայիս 19,1999 00:00
kenac

Հարցազրույց պատգամավորության Իքս թեկնածուի հետ

Նախընտրական կրքերը գնալով ավելի են բորբոքվում։ Հուզված են պատգամավորության թեկնածուները, նրանց հարազատները, սատարողները։ Իսկ կիզակետը հեռու չէ։

Գինեկոլոգներից մեկը, որը բարձր կարգի մասնագետ է, պնդել է, որ ԱԺ-ն արդեն սաղմնային վիճակում է եւ մեծանում է ժամ առ ժամ։ Այդ բարձր կարգի մասնագետը ճշտել է նաեւ, որ ծնունդը պլանավորված է մայիսի լույս 31-ի գիշերը։ Ժամանակին Հ. Հակոբյանը գրել է.

– Երկունքի միջից մանուկը ծնվեց Հեղափոխության։

Ընկեր, իմ ընկեր, ահա մանուկը Հեղափոխության,

Փորձության ժամին երդվիր կրծքովդ պաշտպանել նրան։

Թող բարի լինի ԱԺ ծնունդը։ Այդ օրն էլ գուցե մեկն էլ այլ տողեր նվիրի նորամանուկին։

Իսկ մինչ այդ որոշեցի զրուցել ապագա ԱԺ ապագա թեկնածուներից մեկի հետ։

– Պարոն …յան, ինչո՞ւ որոշեցիք դնել ձեր թեկնածությունը։

– Ուզում եմ ուղղել հարցը։ Ոչ թե դնել, այլ դառնալ պատգամավոր։ Ես ինձ արդեն համարում եմ ընտրված։ Էս մեր ժողովրդի ծանր վիճակը ինձ շա՜տ է տանջում, մի բան անենք, թե չէ ըտենց ո՞նց կըլի։

– Ընտրարշավի սկզբում դժվարությունների հանդիպեցի՞ք։

– Բացի նկարիցս, ուրիշ ոչ մի դժվարություն էլ չեղավ։ Մի երկու նկարիչ-լուսանկարիչ բերեցի, նկարս դզեցին-դզմզեցին, որ տեսքս, դեմքս ու դիրքս շատ լավ լինեն, ժպիտով, բանով։ Հետո, նայա հլա, ինչ տղայեմ, հայացքով, գալստուկով, ոնց են ասում, հա, խոր աչքերով։

– Խորիմաստ։

– Հա, վերջը, ըտենց։ Ուրիշ բան չկա։ Բուկլետ-մուկլետ, ծրագիր, լրիվ կա, լրիվ բաժանել ենք թաղերում։

– Համոզվա՞ծ եք, որ կընտրվեք։

– Ասի, որ ես ինձ արդեն ընտրված եմ համարում։ Ուզում են պադմոշկա տալ, չի ստացվի։ Ես շատ հաստատակամք տղայեմ։ Այ, օրինակ, 6-րդ եւ 7-րդ դասարաններում երկու-երկու տարի եմ սովորել, նոր առարկաներ դրեցին, պապայիս խորհուրդով ուզեցի շատ խորությամբ սովորել։

– Դուք ձեզ արժանի՞ եք համարում այդ գործում։

– Անպայման, հարց չկա։ Վերջըվերջով երկու ինստիդուդի դիպլոմ ունեմ, ավտարիտետ եմ։ Ժողովուրդը վերջապես պետք է ճանաչի իր հերոսներին, իմանա այդ հերոսների քաղաքական անցյալն ու ներկան, նրանց մարդկային, քաղաքական, տնտեսական հնարավորությունները, կարողությունները։ Ես դրանցից մեկն եմ։ Մենակ մի թերություն ունեմ։ Ազնիվ տղայեմ, ասեմ։ Ղարաբաղում չեմ կռվել։ Էդ տարիներին Ռուսաստանում բիզնեսով եւ ուրիշ բաներով էի զբաղվում։ Ղարաբաղի պատերազմը տելեվիզորով եմ տեսել։ Համա էդ էնքան էլ աբիդնի չի։

Իսկ օրենք-բան, էդ հեչ, կգրենք էլ, կընդունենք էլ, էդտեղ էլ հարց չկա։ Ըտե՞նց օրենքներ ենք գրել։

– Ներեցեք, պարոն…յան, ի՞նչ կարծիքի եք ընտրակաշառքի մասին։

– Շատ լուրջ հարց ա։ Կաշառք պետք ա տալ, բոլորիս ձեռքն էլ սովորա։ Համ էլ սոված մարդիկ են։ Տուր ու պահանջիր։ Ասում են, թե Պարույրը ընտրողների հետ ըտենց կոնտրակտներ ա կապում։ Բա ոնց, մարդը ճշտով ա գնում։ Ընտրողների բերանը պտի քաղցրացնես։ Էլի կրկնեմ, պտի կապես։

– Ձեր կարծիքը անձեռնմխելիության մասին։

– Չհասկացա էդ բառը։

– Այն, որ պատգամավորը ինչ անի- չանի՝ նրան պատասխանատվության չկանչեն։ Զարմանալիորեն պատգամավորության թեկնածուն միանգամից չպատասխանեց։ Կարծում էի, թե պատասխան չունի։ Սակայն լռությունը երկար չտեւեց։

– Ինձի որ հարցնես, պատգամավորի վրա ոչ մեկն էլ իրավունք չունի ճնշի։ Բա ո՞նց։ Մենք ազատ ու անկախ երկիր ենք, չէ՞։ Հա, տեսնում ես։ Եթե այդպես է, բոլորն էլ ազատ ու անկախ են, ինչ ուզում են, թող անեն։ Էլ չեմ ասում, եթե դա Ազգային ժողովի պատգամավորն է՝ ավելի լավ։ Ախպեր, ինձ ժողովուրդն է ձայն տվել, ես դեմք եմ, դիրք ունեմ, նստում, վեր եմ կենում ընենց մարդկանց հետ, որ էլի ավտարիտետ են։ Ծախում ենք, առնում ենք, տանում ու բերում ենք, գնում ու բերում ենք, մեզ պտի բան չասեն, իրավունք չունեն։

Էնպես որ էդ ասածդ չեմ ընդունում։ Եթե ըտենց հարց քննարկեն ժողովում, ես դեմ եմ քվեարկելու, բոլորին էլ կասեմ, որ ըտենց անեն։ Երեւի թե այդ հարցի վերաբերյալ դեպուտատության թեկնածուն էլի ասելիք ուներ, բայց նկատելով իմ անհանգստությունը, որ շատ է երկարում մեր զրույցը, երեւի հասկացավ եւ ուղղակի ավելացրեց.

– Լավ, կգրես՝ ոնց ասի։ Հեռախոսիդ համարն էլ տուր, որ քեֆիս կանչեմ։

ՇԱՎԱՐՇ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ. Գ. Կարծում եմ, որ ընթերցողի մոտ դժվար թե հարց առաջանա, թե խոսքը դեպուտատության որ թեկնածուի մասին է, ում հետ է կազմակերպվել այս հարցազրույցը։ Մեկ անգամ էլ աչքի անցկացրեք դեպուտատության բոլոր թեկնածուների անունները, եթե, իհարկե, ձեր համբերությունը կբավականացնի։ Այդ անոնների մեջ անպայման կհանդիպեք նրան։ Եվ ոչ միայն այդ մեկին։ Իսկ ես սրտատրոփ սպասում եմ նրա հեռախոսազանգին։ Հաստատ խորոված էլ կլինի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31