Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԺ-ՈՒՄ ՔԻՉ ԱՂՄՈՒԿ, ՇԱՏ ԳՈՐԾ»

Հունիս 03,1999 00:00

Ասում է Լեոնիդ Հակոբյանը

Վերստին հաղթանակած պատգամավորներից, ինչպես արդեն հայտնել ենք, առաջինը կոմունիստ Լեոնիդ Հակոբյանն էր, որ հունիսի 1-ին կոխեց Ազգային ժողովի շեմը։

Իհարկե, մի փոքր ավելի ուշ, նույն օրը խորհրդարանում հայտնվեցին էլի ընտրված պատգամավորներ, զորօրինակ՝ Վանո Սիրադեղյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ալբերտ Բազեյանը, եւ կարծես հենց այսքանով էլ ցանկը սպառվում է։ Սակայն, իբրեւ խորհրդանշական դրսեւորում, իհարկե, առաջինի հանգամանքն ուրիշ է, եւ հենց այդ հիմքով էլ հարցազրույց անցկացրինք Լեոնիդ Հակոբյանի հետ։

Այն, որ նրա ընտրության հետ կապված որոշակի թյուրիմացություններ էին առաջացել եւ հայտարարվել էր, թե Փայլակ Հայրապետյանն է դարձել խորհրդարանական, Լեոնիդ Հակոբյանն անդրադարձավ լակոնիկ խոսքով. «Թեկնածուները պետք է տղամարդկություն ունենան եւ շնորհավորեն հաղթողին»։ Դրանից հետո նա նշեց նաեւ, որ իր բոլոր մրցակիցները շատ կոռեկտ վարմունք են դրսեւորել ընտրարշավի ընթացքում։ Երկրորդ իրողությունը, որն արձանագրել էր Լեոնիդ Հակոբյանը, այն է, որ այս ընտրությունները չուղեկցվեցին գաղափարական պայքարով, հանդիպումների ժամանակ հիմնականում բացատրական բնույթի հարցեր էին տրվում։ Եվ երրորդ հանգամանքը, որն ընդգծեց պատգամավորը, հետեւյալն է. 1995-ի եւ 99-ի ընտրություններն էապես տարբերվում էին. «Ընդգծում եմ, որ առկա էր բարձր քաղաքական հասունություն եւ մեր ընտրողը չէր կարող խաբվել երկու օճառով կամ կես լիտր ձեթով»։

Լեոնիդ Հակոբյանն արձանագրեց, որ ավելի քան 90 հանդիպում է ունեցել ընտրողների հետ եւ գրեթե բոլոր դեպքերում էլ լուրջ արծարծման է ենթարկվել էլեկտրաէներգիայի սակագների հարցը։ Պատգամավորը կարծում է, որ այս խնդիրը մեկ անգամ եւս պետք է քննարկման առարկա դառնա խորհրդարանում ու լուծում ստանա։ Նախորդ պառլամենտի գործունեության դրսեւորումներից մեկն էլ այն էր, որ հարցերը չէին կարգավորվում։ Քննարկվելով հանդերձ, խնդիրները կիսատ-պռատ լուծումներ էին ստանում. «Ես կողմնակից եմ՝ եթե կա խնդիր, այն լուծել մեկ եւ վերջին անգամ, եւ եթե խորհրդարանն ամեն տարի գոնե երեք սկզբունքային, մանավանդ սոցիալական բնոււյթի, հարց լուծեր, արդեն 12 խնդիր լուծում ստացած կլիներ»։ Վերընտրված պատգամավորը արձանագրեց, որ այս խորհրդարանում կոմունիստները մինչեւ 15 տոկոս ձայն ունենալու ակնկալիք ունեն եւ այդ հիմքով էլ չեն բացառում համագործակցությունը, մանավանդ, համազգային բնույթի պրոբլեմների շուրջ։ Նրա կարծիքով, բոլոր խմբերն ու խմբակցությունները պատասխանատվություն են կրում այդ խնդիրների կարգավորման համար։ Խոսքն առաջին հերթին պատգամավորական անձեռնմխելիության ինստիտուտի վերացման մասին է. «Մենք այս հարցում միասնական տեսակետ մշակելու համար պատրաստ ենք համագործակցել բոլոր ֆրակցիաների հետ»։

Երկրորդ առաջադրանքը, որն ունի այս խորհրդարանը, ըստ Լեոնիդ Հակոբյանի, պատգամավորի հետկանչման մասին օրենք ընդունելն է։ Պետք է վերջնական լուծում տրվի նաեւ էլեկտրաէներգիայի, հեռախոսի եւ այլ ծառայությունների սակագների խնդրին. «Իմ կարծիքով, եթե ֆրակցիաները մեկ քայլ գոնե վեր կանգնեն իրենց կուսակցական հավակնություններից, երկրում ավելի կայուն վիճակ կլինի, ԱԺ-ում՝ շատ ավելի քիչ աղմուկ, եւ խնդիրները կլուծվեն։ Ես, օրինակ նման ակնկալիքներով եմ գալիս խորհրդարան։ Ժողովրդի վիճակը հայտնի է բոլորին, իսկ մանավանդ, ընթացիկ հարցերի լուծման առումով, մարդիկ չեն ցանկանում սպասել։ Կան հարցեր, որոնք կարճժամկետ ընթացքում է հնարավոր լուծել եւ կան երկարաժամկետ ծրագրեր պահանջող խնդիրներ։ Պետք է դրանք հստակ տարբերակվեն եւ ամենառաջնայինները լուծում ստանան։ Ընտրողը կշտացած է խոստումներից, ինչպես նախընտրական, այնպես էլ՝ հետընտրական։ Բազմաթիվ սոցիալական հարցեր կան լուծելու, բյուջետային հարցեր՝ նույնպես։ Թեպետ մեծ գումար չի կազմի, սակայն, կարծում եմ, նվազագույնը երկու անգամ աշխատավարձերը բարձրացնելու հնարավորություն ունենք։ Նույնը վերաբերում է նաեւ հաշմանդամներին տրվող կենսաթոշակներին»։

Անդրադառնալով Կարեն Դեմիրճյանի գլխավորած «Միասնություն» դաշինքի հաղթանակին, Լեոնիդ Հակոբյանը առավել քան համոզված պնդեց. «Միանշանակորեն կարող եմ ասել, որ Դեմիրճյանի հաղթանակը օգտակար է մեր պետության համար։ Այդպես եմ մտածում, որովհետեւ կենտկոմի ապարատում հինգ տարի Դեմիրճյանի հետ իբրեւ բաժնի վարիչ աշխատելով, տեսել եմ, թե նա ինչպես է կարողանում աշխատել»։

Կոմունիստ պատգամավորին խնդրեցինք մեկնաբանել մեկ շատ հետաքրքիր դիտարկում. ինքը մրցակցում էր փողատեր Փայլակ Հայրապետյանի հետ։ Դա թիվ 5 ընտրատարածքում, իսկ հարեւանությամբ գտնվող թիվ 4 ընտրատարածքում փողատեր Լեւոն Սարգսյանը հաղթեց քաղաքական եւ հասարակական գործիչներ Հրանտ Խաչատրյանին եւ Լյուդմիլա Հարությունյանին։ Ինչպե՞ս բացատրել այս անոմալիան. «Իմ ընտրատարածքում տեղի ունեցած ընտրության տրամաբանությունը ցույց է տալիս, որ ընտրողի վստահությունն ու հավատը շատ ավելի ուժեղ գործոն է, քան փողը։ Ոչ միշտ է փողը լուրջ հենք դառնում քաղաքական հաղթանակի համար։ Իմ ընտրողը ընտրությունը կատարեց ոչ թե փողի օգտին, այլ արժանավոր թեկնածուի։ Հարկավոր է սիրել սեփական ժողովրդին, թե չէ մեր այս նոր լիբերալ-դեմոկրատները երեք ժամ առանց ջուր խմելու կարող են խոսել հայրենասիրությունից, բայց երբ կոնկրետ մարդուն օգնություն ցույց տալու կարիք է լինում, ձեռքները թափ են տալիս։ Իսկ ես մարդկանց հարգել, հորիցս եմ սովորել։ Դա է իմ դաստիարակությունը»։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930