Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐՉԱՊԵՏԸ, ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ, ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆԿԵՐՆ Է

Հունիս 08,1999 00:00
Armen Darbinyan

Այս հարցազրույցը ՀՀ վարչապետ Արմեն Դարբինյանի հետ տեղի է ունեցել հունիսի 4-ի լույս 5-ի գիշերը, Մինսկ-Երեւան օդանավում։

Բայց անախրոնիզմ կարծես չկա. նրա հրաժարականի դիմումը առայժմ նախագահը չի ստորագրել։ Զրույցի սկզբում պրն վարչապետը այն կարծիքին էր, որ երեքշաբթի օրը լույս տեսնելիք այս նյութն արդեն իսկ հնացած կլինի։ Բայց պաշտոնյաների կանխատեսումները միշտ չէ, որ համապատասխանում են իրականությանը։ Հիշո՞ւմ եք, դեռեւս պաշտպանության նախարար՝ Վազգեն Սարգսյանը պնդում էր, թե. «Ես չե՛մ ուզում լինել նախագահ, ես չե՛մ ուզում լինել վարչապետ…»։

-Պրն վարչապետ, «Արժանապատիվ ապագայի» պարտությունը խորհրդարանական ընտրություններում համարո՞ւմ եք ձեր ազդեցության կամ հեղինակության պակասի հետեւանք։

-Նախ՝ ես չեմ համարում, որ կուսակցությունը պարտվել է։ Կարծում եմ՝ կուսակցությունը կայացավ, եւ դա նրա առաջին խնդիրն էր։ Վստահ եմ, որ այդ կուսակցությունն ունի շատ լուրջ ապագա։ Խնդիր էր դրված ոչ թե հաղթելու, այլ կայանալու։ Դա եղավ. կայացավ կուսակցության լիդերը, կուսակցության գաղափարախոսությունը։ Կուսակցությունը շահեց ընտրողների բավական լուրջ զանգվածի համակրանքը։ Գտնում եմ, որ այն նույն բարի ոճով դեպի կառուցողական գործեր ժողովրդին տրամադրելու համար բավական լուրջ ուժ կարող է դառնալ ապագայում։ Երկրորդ՝ բնականաբար, չկա նաեւ իմ պարտությունը։ Ես մինչ այժմ հայտարարել եմ միայն իմ՝ կուսակցության համախոհ լինելու մասին։ Կազմակերպչական տեսանկյունից դեռեւս չեմ միացել կուսակցությանը, բայց համարում եմ, որ հիմա դա պարտավոր եմ անել։

-Այսինքն՝ համալրելո՞ւ եք կուսակցության շարքերը։

-Հիմա արդեն պարտավոր եմ դա անել։

-Իսկ ճի՞շտ է, որ կուսակցության նախընտրական գովազդների վրա բյուջեից էլ են հատկացումներ եղել։

-Դա անհեթեթություն է։ «Առավոտի» նման սոլիդ թերթը նման լուրերով չպետք է առաջնորդվի։

-«Առավոտի» մասին դուք նմա՞ն կարծիքի եք։

-Լավ թերթ է։ Ես համարում եմ, որ Հայաստանի լավագույն թերթն է։ Մի քիչ դեղին երանգը պիտի պակասեցնեք եւ անհասցե նամակներ չտպագրեք։

-Արդեն ձեր հրաժարականի դիմումը գրե՞լ եք։

-Դեռ չեմ գրել։ Ձեր թերթը գրել էր իր «Վատ լուրում», թե՝ մի քիչ էլ դիմացեք, հայեր։

-Դուք կամավո՞ր եք գրելու այն, թե՞ նախագահի առաջարկով։

-Դա, կարծում եմ, կարեւոր չէ։ Կարեւոր է քաղաքական գործընթացը։ Կարեւոր է, որ առաջին անգամ Հայաստանում քաղաքական զարգացումների արդյունքում հնարավոր է կառավարության կամ վարչապետի փոփոխություն։ Դա պետք է գնահատել. սա նշանակում է, որ մենք դառնում ենք ցիվիլ հասարակարգ։ Չնայած՝ այնքան էլ համաձայն չեմ, որ կառավարությունը կամ վարչապետն անպայման պետք է փոխվեն խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ Ես համարում եմ, որ մեր երկիրը նախագահական է, եւ ոչ միշտ է, որ խորհրդարանական ընտրությունները պետք է ազդեն կառավարության ձեւավորման վրա։ Քաղաքական կոնսենսուսն ավելի կարեւոր է, քան կոնկրետ վարչապետի ապագան։ Եվ եթե հասարակական զարգացման համար որեւէ վարչապետի զոհաբերո՜ւմը…

-Այսինքն, դուք գտնում եք, որ ձեզ զոհաբերո՞ւմ են։

-Ո՜չ։ Ո՛չ։

-Ի՞նչ եք կարծում, ձեր վարչապետության շրջանը ինչո՞վ էր հիշարժան եւ ինչպե՞ս ձեզ կհիշի ժողովուրդը։

-Ապագան ցույց կտա։ Կարծում եմ՝ շատ պրոդուկտիվ աշխատեցինք։ Կառավարությունն ուներ հստակ ծրագիր եւ կողմնորոշում։ Մենք կատարեցինք շատ կարեւոր մի քանի բան։ Առաջինը, որ մեր կառավարության հետ կկապեն տարածաշրջանային ակտիվ քաղաքականությունը։ Մինչ մեզ, Հայաստանն իր քաղաքականության մեջ չկար, գոյություն չուներ, ինքնամեկուսացված էր։ Մասնավորապես նշեմ ՏՐԱՍԵԿԱ եւ «Ինոգեյթ» եվրոպական ծրագրերը։ Հայաստանն ընդհանրապես չկար որեւէ քարտեզի վրա, ուր նշվում էին ռեգիոնալ ծրագրերը՝ մեկ տարվա արդյունքում մենք հասանք նրան, որ Հայաստանը կա նաեւ նավթամուղերի հնարավոր երթուղու վրա։ Մեզ հաջողվեց հասնել նրան, որ խորհրդարանում ընդունվի դատաիրավական բարեփոխումների ամբողջ փաթեթը։ Վատ, թե լավ, այդ համակարգը սկսեց գործել։ Մեզ հաջողվեց սոցիալական քաղաքականության մեջ հստակեցնել հասցեագրումը։ Հայաստանում մոտ 4 տարի խոսում էին դրա մասին, բայց որեւէ կառավարություն դրա համարձակությունը չունեցավ։

-Պրն վարչապետ, բայց…

-Բայց ես չեմ ավարտել։ Չե՞ս ուզում նվաճումներս գրել։ (…) Հայաստանը ԱՊՀ անդամ երկրներից միակն էր, որ ժողովուրդը՝ սպառողը, ներքին մակրոտնտեսական որեւէ տագնապ չապրեց։ (Վարչապետ Արմեն Դարբինյանի նշած նվաճումները, որոնց ոչ լրիվ ցանկն ենք ներկայացնում, այս պարագայում վիճարկելը նպատակահարմար եւ կոռեկտ չհամարեցինք- Լ. Ա.)։

-ՀՀ նախագահը ձեզ նոր պաշտոն առաջարկե՞լ է։

-Ես իմ ողջ կյանքում ինքս եմ գործ փնտրել, գտել ու կատարել։ Դժվար թե ես նստեմ ու սպասեմ։ Նման վիճակում երբեք չեմ եղել։ Կգտնեմ։

-Ո՞ր ոլորտում։

-Ցանկացած։ Ես բիզնեսի մարդ չեմ։ Ես իմ կարողությունները, գիտելիքները, բավական մեծ փորձը (տնտեսության կառավարման բավական մեծ փորձ ունեմ, իսկապես՝ չնայած երիտասարդությանս) պարտավոր եմ ներդնել պետության կայացման մեջ։ Ես պետական մարդ եմ եւ անպայման մնալու եմ քաղաքականության մեջ։

-Նոր վարչապետի ամենահավանական թեկնածուն, ըստ էության՝ ձեր ենթական է՝ Վազգեն Սարգսյանը։ Ինչպե՞ս եք գնահատում նրան վարչապետի պաշտոնում։

-Շատ լավ թեկնածու է։ Ձեւավորված քաղաքական մեծամասնությունը, կարծում եմ, միահամուռ կպաշտպանի Վազգենին։ Կարեւոր է թիմի ձեւավորումը։

-Եթե ձեզ ֆինանսների նախարարի պաշտոնն առաջարկվի, կընդունե՞ք։

-Որոշ նախապայմաններ կան։ Կրկնում եմ՝ ես մնալու եմ քաղաքականության մեջ։

-Արվեստով է՞լ եք շարունակելու զբաղվել։

-Օ՜, այդ ասպարեզում բացարձակ ազատություն է։ Այդ իմաստով, ճիշտն ասած, ուրախ եմ. շատ ժամանակ կհաջողվի տրամադրել ինքաիրացմանը (այս բառն եմ ես օգտագործում)։ Մարդու նպատակը մաքսիմալ ինքնառեալիզացումն է։

-Ի դեպ, ծանոթացա՞ք Արամ Աբրահամյանի՝ ձեր երգի վերլուծությանը։

-Այո եւ կարծում եմ դա նրա ամենահաջող վերլուծությունը չէր։

Հարցազրույցը

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆԻ

Հ. Գ. Ինքնաթիռում բոլորիս ճաշաբաժնի մեջ նաեւ կարմիր խավիար կար։ Սա արդեն ակնհայտորեն վարչապետի ճաշակի դեմ ուղղված քայլ էր։

-Պրն Դարբինյան, ինչպե՞ս եք ընդունում ա՛յս փաստը։

-Նորմալ եմ ընդունում։ Կարմիր խավիարն ավելի օգտակար է կարծես։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930