Լրահոս
Օրվա լրահոսը

Ձուկը գլխից է փտում

Հունիս 18,1999 00:00
zuk

Ձուկը գլխից է փտում Հայաստանի կինոգործիչների միության ձգձգվող ու երկար սպասված արտահերթ համագումարը ի վերջո երեկ սկսվեց։ Սկսվեց ու նույն օրն էլ վեց ամսով՝ մինչեւ նոյեմբերի 5-ը հետաձգվեց։

Համագումարի հենց սկզբում, կես րոպե չանցած, ռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցը նշանակվեց համագումարի վարող, որին միացան Յուրի Հարությունյանը եւ Դավիթ Մուրադյանը։ Կարծես ամեն ինչ նախապես պլանավորված լիներ։ Ռ. Գեւորգյանցն անմիջապես մտավ վարողի իր դերի մեջ ու կինոգործիչներին առաջարկեց շնորհավորել Կինոգործիչների միության նախագահ Սերգեյ Իսրայելյանին. «Շնորհավորենք մեր նախկին նախագահին, որ նա անցավ Ազգային ժողով»։ Ամբիոնում նստած Սերգեյ Իսրայելյանն անակնկալի եկավ «նախկին» արտահայտությունից՝ «խի՞ նախկին, ես հըլը կամ…»։ Այս մասը հաստատ պայմանավորված չէր. Ռ. Գեւորգյանցը թերեւս ենթագիտակցորեն հայտնեց իր ցանկության մասին։ Ապա Ռուբեն Գեւորգյանցը կես ժամից ավելի հարցաքննողի կեցվածքով դիմեց արտահերթ համագումարը նախաձեռնող խմբի անդամներին. «Նախաձեռնող խմբից մեկնումեկը թող ելույթ ունենա եւ մեզ ներկայացնի այն դրդապատճառները, ինչի համար մեզ հավաքեցին այս համագումարում»։

Ի վերջո դահլիճում ներկաները գլխի ընկան, որ Ռուբեն Գեւորգյանցը ելույթ ունեցողների տարբեր արտահայտություններին ու կարծիքներին յուրատեսակ մեկնաբանություններ է տալիս եւ համագումարի ընթացքին ոչ դրական ու կողմնակալ ուղղվածություն է փոխանցում, որից դահլիճում խառնաշփոթ է ստեղծվում։ Նախաձեռնող խմբի անդամներին միեւնույն՝ «Ո՞րն է համագումար հրավիրելու դրդապատճառը» հարցի անվերջ կրկնությամբ Գեւորգյանցը ձանձրացրեց ներկաներին ու անտեղի գրգռեց իրավիճակը։ Մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը նկատեց, որ կարծես թե նախապես որոշակի տրամադրվածություն արդեն կա նախաձեռնող խմբի ներկայացնելիք ծրագրի նկատմամբ։ Սուտ եւ սխալ կլիներ ասել, թե համագումար եկած կինոգործիչները անտեղյակ էին չորս ամսից ավել ձգձգվող (ընդ որում՝ Կինոգործիչների միության ղեկավարությունն էր ձգձգողը) արտահերթ այս համագումարի հրավիրման պատճառներին։ Առավել եւս Ռ. Գեւորգյանցը, որը համագումարի բացման իր առաջին խոսքում Սերգեյ Իսրայելյանին արդեն նախկին նախագահ է անվանում ու հետո զարմանում՝ ո՞րն է դրդապատճառը։

Նախաձեռնող խմբից ռեժիսոր Գենադի Մելքոնյանը, այնուամենայնիվ, ներկաներին հիշեցրեց համագումար հրավիրելու դրդապատճառներից մեկը՝ երբ Կինոգործիչների միության վարչությունը կասկածելի պայմանագիր էր կնքել «Ատտա» կազմակերպության հետ՝ կինոդահլիճը եւ Կինոյի տան շենքի մի հատվածը 15 տարով վարձակալության տալու մասին։ Իհարկե, համագումարի նախաձեռնող խմբի շնորհիվ այդ պայմանագիրը չեղյալ համարվեց («Ատտան» չեղյալ համարեց), բայց դա միակ պատճառը չէր. համագումարի կարիք իսկապես կար եւ դրդապատճառներն ավելի խորն են, սկսած՝ Կինոմիության ղեկավարության գործելաոճից… Երկար ժամանակ քննարկվեց համագումարի անհրաժեշտության հարցը։ Ապա յուրաքանչյուր ամբիոն բարձրացող չէր զլանում անդրադառնալ մամուլին, ավելի ճիշտ՝ «Առավոտի» հետեւողական հրապարակումներին, որոնցից շատերը ակնհայտորեն «վառված» էին։

Թեման շուտով փոխվեց. սկսեցին ամբիոնից միմյանց չարախոսել, անձնական հին ու նոր հաշիվներ մաքրել, վիրավորել… Ժամանակ առ ժամանակ էլ իրար հիշեցնում էին, որ մի ընտանիք են, կամ՝ դահլիճից որ դուրս գան՝ ինչպե՞ս են իրար երեսի նայելու… Տեղ-տեղ հիշում էին, որ ծանր է հայ կինոարվեստի վիճակը, որ մթնոլորտ չկա։ Իսկ հենց Սերգեյ Իսրայելյանի ղեկավարության տարիները հիշելիս նկատում էին, որ «սրոկը» կանոնադրությամբ արդեն վաղուց լրացել ա, համ էլ՝ հոգնել ա, Իսրայելյանին կարծես կայծակը խփեր՝ թաշկինակով քրտինքը ճակատից սրբելով բղավում էր՝ «Արա, ո՞վ ա ասում, ես չեմ հոգնել, ինձ կընտրեք՝ կմնամ, չեք ընտրի՝ չեմ մնա»։ Երեկ առավոտյան ժամը 10.30-ից մինչեւ 18.30-19.00-ն կինոգործիչները զբաղված էին միմյանց փնովելով ու իրար աչքեր լուսավորելով, իրար բացահայտելով։ Հետո էլ կասեն՝ կինոյի հարցերով են մտահոգված, կամ էլ՝ համագումարն ինչների՞ս է պետք…

Առայժմ այսքանը։ Մեր հաջորդ համարում մանրամասն կներկայացնենք, թե կինոգործիչներն իրենք իրար մասին ինչ են մտածում։ Համոզված եմ, որ ընթերցողին այդ գրոտեսկային մանրամասները հայ կինոգործիչների եւ կինոարվեստի մասին շատ բան կասեն։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930