Լրահոս
Օրվա լրահոսը

Ճգնավորյանից քշվածները

Հունիս 24,1999 00:00
Loris Chgnavoryan

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ 1989 թվականին Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարությունը ստանձնեց Լորիս Ճգնավորյանը եւ արգելեց արհմիութենական կազմակերպության եւ գեղարվեստական խորհրդի գործունեությունը։

Ճգնավորյանի ղեկավարման միանձնյա եւ կամայական ձեւը, անվերահսկելիության զգացումը հանգեցրին նրա կողմից թույլ տրվող իրավական եւ ֆինանսական կոպիտ խախտումների։ Դա էլ պատճառ դարձավ, որ նվագախմբի 1996 թ. նոյեմբերի 20-ի փորձը վերածվի կոլեկտիվի ժողովի, որի օրակարգում երկու հարց էր դրված՝

1. վերականգնել նվագախմբի արհմիութենական կազմակերպությունը եւ գեղարվեստական խորհուրդը,

2. լսել նվագախմբի գլխավոր տնօրեն, գեղարվեստական ղեկավար Լ. Ճգնավորյանի հաշվետվությունը նվագախմբի ֆինանսական գործունեության մասին։

107 երաժշտից ժողովին մասնակցեց եւ կայացած որոշումներն իրենց ստորագրությամբ հաստատեց 99-ը։ 1996 թ. նոյեմբերի 26-ին մշակույթի աշխատողների արհմիության բաժնի վարիչ Սիմոնյանի մասնակցությամբ տեղի ունեցավ արհմիության ժողով եւ ընտրվեց 7 հոգուց բաղկացած արհկոմիտե։ Ավելորդ է ասել, որ այդպիսի դեպքերում ընտրվում են կոլեկտիվի կողմից ամենահարգված, համարձակ եւ արդարամիտ անձինք։ Կազմվեց արհկոմի ստեղծման արձանագրություն եւ ընտրվեց նախագահ՝ Հարություն Կիրակոսյանը, եւ տրվեց կնիք։

Այստեղից էլ սկսվեցին արհկոմիտեի անդամների հալածանքներն ու հետապնդումները։ Իրականացավ Ճգնավորյանի սպառնալիքը՝ «նրանք, ովքեր կընտրվեն կոմիտեի կազմում, անմիջապես կազատվեն աշխատանքից»։ Եվ ահա, Ճգնավորյանի գրչի մի հարվածով յոթ ընտանիքներ, որտեղ կան անչափահաս երեխաներ, զրկվեցին ապրուստի միջոցից։ Մշակույթի նախարարությանն ուղղված նրանց բազմաթիվ դիմումները մնացին անարդյունք, անպատասխան։ Ստիպված դիմեցին դատարան։ 1997 թ. մարտի 24-ին Սպանդարյանի շրջանի ժողդատարանը վճռեց վերականգնել երաժիշտներին իրենց նախկին աշխատանքում։ Սակայն այս յոթ երաժիշտների հետապնդումը շարունակվեց ավելի դաժան ու անմարդկային ձեւով։ Նրանցից մեկը հեռացավ Հայաստանից, մյուսն անցավ ոչ մասնագիտական աշխատանքի, իսկ հինգը համառորեն շարունակեցին պայքարը՝ իրենց սահմանադրական իրավունքի համար։

Ապրիլի 21-ին սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր տնօրենի թիվ 21 հրամանով նրանք վերականգնվեցին նախկին աշխատանքում եւ ապրիլի 22-ին ներկայացան աշխատանքի։ Փորձը սկսելուց առաջ եկավ Ճգնավորյանը եւ դուրս հրավիրեց նրանց։ Խնդրեցին բացատրել պատճառը՝ փորձելով պաշտպանել իրենց իրավունքները։ Հարկ չհամարելով բացատրել պատճառը, Ճգնավորյանն անպատիվ խոսքերով դուրս վռնդեց երաժիշտներին՝ ոտնահարելով ե՛ւ դատարանի վճիռը՝ ի շահ երաժիշտների, ե՛ւ իր տված հրամանը։ Ավելին, Կենտրոն համայնքի ներքին գործերի բաժնից աշխատակիցներ հրավիրեց՝ երաժիշտների վրա ճնշում գործադրելու համար՝ վերջիններիս վիրավորելով անպատիվ խոսքերով։ Չորս երաժիշտները տեղի տվեցին ու ստիպված հեռացան։ Իսկ առաջին ջութակահար Ալբերտ Գյունաշյանը համառորեն չհեռացավ՝ փորձելով պաշտպանել իր սահմանադրական իրավունքը, որի համար Ճգնավորյանի եւ նրա վարձկանների կողմից ենթարկվեց բարոյական եւ ֆիզիկական հաշվեհարդարի։ Ճգնավորյանը տեսնելով, որ Ալբերտ Գյունաշյանը աթոռին կառչած է եւ չի ուզում հեռանալ, փորձել է գրկել աթոռը եւ աթոռով հանդերձ դուրս շպրտել։

Ավելին, դիրիժոր Գեւորգ Մուրադյանն էլ իր հերթին իրեն իրավունք է վերապահել սպառնալ Ա. Գյունաշյանին՝ հետեւյալ խոսքերով. «Դու դեռ ինձ չգիտես, ես քո գլուխը կջարդեմ, ես քո հետ ուրիշ ձեւով կխոսամ, դանակը փորդ կճխտեմ», եւ այլ սպառնալիքներ։ Այս բոլորը համեմելով անթույլատրելի արտահայտություններով՝ նրան դուրս վռնդեցին։ Սակայն երաժիշտները հանդուրժեցին բոլոր վիրավորանքները՝ սադրանքի չենթարկվելու համար, որպեսզի հետագայում նրանց բացակայությունը զենք չդարձնեն իրենց իսկ դեմ՝ նորից ներկայացան աշխատանքի։ Կրկնվեց նախորդ օրվա պատմությունը՝ ավելի վատ ձեւով. Ճգնավորյանը նրանց դիմավորեց շատ ավելի թշնամաբար։ Մթնոլորտն ավելի լարված էր, նա դիմեց նվագախմբի երաժիշտներին՝ «Միթե՞ ձեր մեջ մի տղամարդ չկա, որ սրանց դուրս շպրտի»։ Դարձյալ հարվածի տակ ընկավ Ալբերտ Գյունաշյանը։ Նրան դարձյալ քաշքշելով փորձեցին դուրս շպրտել։ Իսկ Լորիս Ճգնավորյանի թիկնապահը ուժգին հարվածելով Ա. Գյունաշյանի վզակոթին՝ սպառնացել է, թե՝ «Ես քեզ չոքացրած կբերեմ, Լորիսից ներողություն կխնդրես»։ Քաշքշուկը շարունակվեց նաեւ դրսում։ Ինչեւէ, մի քանի ամիս ընդամենը նրանց թույլ տրվեց աշխատել, այն էլ՝ չորս հազար դրամ աշխատավարձով, երբ մյուսները 100-120 դոլար էին ստանում։ 1999 թ. հունվարի 1-ից երաժիշտներին դարձյալ թույլ չտվեցին աշխատել եւ նրանք մինչ օրս չեն աշխատում։ Բոլորն էլ բարձր մակարդակի երաժիշտներ են, իսկ Ա. Գյունաշյանը նվագախումբ է մտել դեռեւս կոնսերվատորիայում սովորելու տարիներին, ավարտել է գերազանց եւ աշխատել մեծատաղանդ Դավիթ Խանջյանի դիրիժորության օրոք։

Ո՞րն է այս երաժիշտների հանցանքը, որ մինչ օրս հետապնդվում են եւ որեւէ լուծում չի տրվում այս հարցին։

Է. ՉԻԲՈՒԽՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930