Լրահոս
Օրվա լրահոսը

Կեղծիքներն ապացուցված են

Հունիս 26,1999 00:00

Կեղծիքներն ապացուցված են Դեռեւս նախընտրական շրջանում անդրադառնալով Արմավիրի թիվ 39 ընտրատարածքին, մայիսի 25-ին հրապարակված հոդվածում նշել էինք, որ արդեն ուրվագծվում են տեղական իշխանական թեկնածուի օգտին կատարվող հակաօրինական քայլերը։ Իշխանության թեկնածուն՝ Տարոն Սահակյանը, որին պաշտպանում էր քաղաքապետարանի եւ մարզպետարանի ողջ համակարգը, ՄԸՀ-ի կողմից հաղթող ճանաչվեց։ Նույն ընտրատարածք պատգամավորության թեկնածուներ Կիմ Մարտիրոսյանը եւ Արայիկ Աղաբաբյանը, որոնք համապատասխանաբար գտնվում էին 2-րդ եւ 3-րդ տեղերում ընտրությունների արդյունքները վիճարկելու պահանջով դիմեցին Արմավիրի Առաջին ատյանի դատարան։ Ես առիթ ունեցել եմ էպիզոդիկ ներկա լինել երեք ընտրատեղամասերի քվեատուփերով լեցուն պարկերի պարունակության ստուգմանը։ Պարկերն առանց կնիքների էին, հենց այնպես, թելով կապված։ Ստուգողների լրջությունը ծիծաղելիորեն անհեթեթ էր։ Կարծես թե հնարավոր չէ ցանկացած քանակությամբ քվեաթերթիկներ ավելացնել կամ անցանկալիները հանել։ Արմավիրի Առաջին ատյանի դատարանը, ինչպես եւ սպասելի էր՝ մերժեց դիմումը։ Թեկնածու Կիմ Մարտիրոսյանը ընտրության արդյունքները անվավեր հայտարարելու պահանջով դիմեց Սահմանադրական դատարան։ Ընտրություններից անցել է գրեթե մեկ ամիս։ Այժմ ստուգել կատարված խախտումները շատ ավելի դժվար կլինի։ Միայն այն, որ մարզային ընտրական հանձնաժողովի նախագահ Անահիտ Մանուկյանը իբրեւ թե ՍԴ-ի պահանջով, ՄԸՀ-ի երեք անդամների ուղեկցությամբ երկու անգամ մտել է պետական արխիվ, որտեղ պահվում են ընտրական փաստաթղթերն ու քվեաթերթիկները, վկայում է, որ այնտեղ ամեն ինչ «սանրված եւ արդուկված է»։ Այնուամենայնիվ մենք դիմեցինք ՍԴ-ում Կիմ Մարտիրոսյանի ներկայացուցիչ փաստաբան Վարդան Զուռնաչյանին, խնդրելով մի քանի պարզաբանումներ տալ այս գործի վերաբերյալ։ «Սահմանադրական դատարանում հաստատվեց, որ հիմնական ցուցակներից դուրս մնացած 1500 ընտրողների ցանկը, որը թեկնածուի նախընտրական շտաբը ուղարկել էր քաղաքապետարան, այնտեղից հաստատվել եւ վերահասցեագրվել է ՄԸՀ-ին։ ՄԸՀ օրենքով իրավասու չէ զբաղվելու ընտրական ցուցակներով, սակայն պարզվեց, որ ոչ միայն այս ընտրատարածքում, այլ ամբողջ Արմավիրի մարզում ՄԸՀ-ը իր վրա է վերցրել համայնքապետերի լիազորությունները եւ արդյունքում հազարավոր ընտրողներ զրկվեցին ընտրական իրավունքից։ Ընտրական հանձնաժողովների անդամների ընտրական ցուցակներում անհատապես փոփոխություններ էին կատարել։ Սահմանադրական դատարանում ապացուցվեց, որ ընտրական փաստաթղթերը չեն պահվել ըստ սահմանված կարգի։ Ապացուցվեց, որ, թեեւ կար դատավորի եւ թեկնածու Կիմ Մարտիրոսյանի վստահված անձի դիմումը՝ բացել 0645 ընտրատեղամասի փաստաթղթերը, ՄԸՀ խախտելով օրենքը, ընտրական փաստաթղթերը մեկ օր առաջ, հունիսի 2-ին, տեղափոխել էր ԿԸՀ, իսկ ըստ օրենքի, նման տեղափոխությունը թույլատրվում է միայն ընտրության արդյունքների ամփոփումից հետո։ 0645 ընտրատեղամասի մեր ունեցած տեղամասային հանձնաժողովի ամփոփիչ արձանագրությունում մարված քվեաթերթիկների թիվը 912 է, սակայն ՄԸՀ ներկայացված փաստաթղթում այդ թիվը ձեռագրով ջնջված է եւ դարձված է 1450, նույնիսկ չփոփոխելով փակագծերում տառերով նշված ինն հարյուր տասներկու թիվը։ Այս ձեւով փորձել են վերացնել մոտ 500 անճշտություն, այն դեպքում, երբ թեկնածուների ստացած քվեների տարբերությունը ընդամենը 300 է։ Այս ընտրատեղամասում ընտրությունների նախորդ գիշերը արդեն ստորագրված քվեաթերթիկները նախ տարվել են տեղամասային հանձնաժողովի նախագահի տեղակալի տուն, ապա այնտեղից ՄԸՀ եւ միայն առավոտյան 7։30-ին խախտված ստորագրություններով, առանց հաշվելու հանձնվել է տեղամասային հանձնաժողովին։ Նույն ժամանակ օրենքի խախտմամբ փոխվել է նաեւ տեղամասային հանձնաժողովին տրված կնիքը։ Իսկ 0649 ընտրատեղամասում 400 ընտրողներին տրվում էին 250 քվեաթերթիկ։ Իսկ թե որ ընտրատեղամասի քվեատուփն են լցվել մնացած 150-ը՝ այժմ դժվար է պարզել։ Այս առիթով ՍԴ-ն որոշում կայացրեց՝ հանձնարարել ԿԸՀ-ին հաշվելու այս տեղամասի մարված քվեաթերթիկները, տալով երեքօրյա ժամկետ։ Այսօր այդ ժամկետը լրանում է, սակայն մենք արդյունքների մասին որեւէ տեղեկություն չունենք։ Թեեւ նախօրոք դիմել էինք ԿԸՀ-ին եւ ՍԴ-ին՝ օրենքով սահմանված կարգով ստուգումներում մեր ներկայացուցչին եւս մասնակից դարձնելու համար։ Մեզ համար անհասկանալի է, թե ԿԸՀ-ն ինչ պատասխան է ուղարկելու ՍԴ։ Տեղեկություններ ունենք, որ նույն խնդրով ստուգումներ է իրականացնում նաեւ հանրապետական դատախազությունը»։ Մենք համոզված ենք, որ Սահմանադրական դատարանը չի կարող հաշվի չառնել բացահայտ խախտումները եւ չեղյալ կհայտարարի ընտրության արդյունքները։ Սակայն որքան մարդ կորցրեց կամ բացահայտեց իր անազնիվ մարդկային դիմագիծը։ ՄԸՀ նախագահ Անահիտ Մանուկյանը, որը կատարված կեղծիքների տեղական նշանակության կնքահայր է, դպրոցի տնօրենն է։ Մայիսի 25-ին ընտրակեղծիքների ամենաբուռն շրջանում նա թերեւս ազնվության եւ մաքրության դասեր է տվել ավարտող 10-րդ դասարանցիներին եւ նույնը կկրկնի սեպտեմբերի 1-ին առաջին դասարանցիների համար։ Թերեւս հուզմունքից արտասվի էլ… ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել