Լրահոս
Օրվա լրահոսը

Ծերեթելին Շագալի հետ մտերիմ է եղել

Օգոստոս 04,1999 00:00
Zurab Cereteli

Մոսկովյան կինոփառատոնի օրերին Ռուսաստանի կինոգործիչների միության շենքում ցուցադրվեց գեղանկարիչ եւ քանդակագործ Զուրաբ Ծերեթելուն, նրա ստեղծագործություններին նվիրված վավերագրական կարճամետրաժ ֆիլմ։

Ծերեթելին դահլիճում էր։ Ու, չնայած Զ. Ծերեթելու անվան եւ ստեղծագործությունների շուրջ ծագած աղմուկ-իրարանցումներին (հատկապես Մոսկվա գետի վրա տեղադրված Պետրոս 1-ի հուշարձանի առիթով), նրան բավական ջերմ ընդունեց դահլիճը։ Միջոցառումը որեւէ կերպ կապված չէր փառատոնի հետ, բայց դրա կազմակերպիչները խորամանկ քայլ էին կատարել՝ ֆիլմը եւ հսկայական չափերի (կինոմիության շենքի երկու ռեստորանների դահլիճներում) ճոխ հյուրասիրությունը կազմակերպելով փառատոնի օրերին ու հենց կինոմիության շենքում։ Սովորական ֆիլմ էր, պատմվում էր Ծերեթելու ստեղծագործությունների, Շագալի հետ նրա բարեկամության մասին…

Մարկ Շագալի հետ Ծերեթելին վերջին անգամ շփվել է նրա մահվանից 3 ամիս առաջ։ Ծերեթելին Շագալին ցույց է տվել վերջինիս առաջին աշխատանքներից մեկը, որը մեծ գեղանկարիչը նկարել էր Բելառուսում ապրելու ընթացքում, երբ սիրահարված էր մի աղջկա։ Մ. Շագալը սիրած աղջկան էր նվիրել իր վերջին ինքնադիմանկարը։ Ծերեթելին այդ նկարն ինչ-որ ժամանակ ձեռք էր բերել մարդկանցից, որոնք ոչինչ չգիտեին Շագալի մասին եւ, բնականաբար, այդ ստեղծագործությունը նրանց համար ոչինչ չարժեր։ «Առավոտին» Զ. Ծերեթելին տեղեկացրեց, որ այս տարվա դեկտեմբերին Մոսկվայում կբացի Ժամանակակից արվեստի թանգարան, որտեղ եւ կցուցադրվի Շագալի այդ ստեղծագործությունը։ Ծերեթելուն հիացրել էր Մ. Շագալի հրաշալի երեւակայությունը, տաղանդը եւ հումորի զգացումը. «Ինձ զարմացնում էր այդ ամբողջականությունը Շագալի մեջ»։ 1964 թ. Ծերեթելին ծանոթացել է Պ. Պիկասոյի, ապա՝ 67-68 թթ. Ս. Դալիի հետ. «Նրանք բոլորն էլ իմ արվեստի մեջ մեծ դեր են ունեցել»։ Ոչ միայն դեր, այլեւ մեծ ազդեցություն։ Զ. Ծերեթելու գեղանկարների մեջ հատկապես երեւում են Շագալի գունային լուծումների ընդօրինակումները։ Եվ հետաքրքիր է, որ Ծերեթելին (իր մասին ֆիլմում էլ էր զգացվում) Շագալի հետ իր մտերմության մասին հատուկ շեշտադրումով է խոսում…

Ս.ՍԵՅՐԱՆՅԱՆ

Մոսկվա-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031