Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՂՈՒՄ ՆՍՏԱԾ ԷԼ ԿԱՐԵԼԻ Է ԿԼԻՄԱՅԱՓՈԽ ԼԻՆԵԼ

Օգոստոս 05,1999 00:00
klima

Սովորաբար «Առավոտի» առաջին էջի «Այսօր» խորագրի տակ զետեղվում է ինֆորմացիա օրվա այն իրադարձությունների մասին, որոնք ենթադրաբար հասարակության ուշադրության կենտրոնում են։ Եթե ուշադիր եք եղել, նկատած կլինեք մեր թերթի երեկվա այդ ինֆորմացիան. «Այսօր, ըստ օդերեւութաբանների, օդի ջերմաստիճանը կհասնի 42-ի»։

Կասկած չկա, որ այս իրադարձությունը մեզ համար վերջերս ամենակարեւորն է դարձել (մանավանդ որ, ուրիշ իրադարձություններ էլ տեղի չեն ունենում)։ Ու ինչքան էլ մեզ համոզում են, թե հարազատ կլիման մեզ դարերի ընթացքում «շոգադիմացկուն» է դարձրել, դրանից մեր սրտխփոցն ու ընդհանուր թուլությունը, մշտական նվնվոցն ու ոչ պակաս մշտական տենչն առ ջրային ցանկացած զանգված (հատկապես՝ առ Սեւան), չեն պակասում։ Տարեցտարի ավելանում են նաեւ այն տրտունջները, թե ա՛յս տարի շատ ավելի շոգ է, քան երբեւէ։ Չգիտենք, թե օդերեւութաբաններն այս մասին ինչ են ասում։ Բայց որ, Երկիր մոլորակի գլոբալ կլիման փոփոխությունների է ենթարկվում (եւ մեծ մասամբ մարդու գործունեության շնորհիվ), դա հաստատ է։ Հաստատ է նաեւ այն, որ Հայաստանը գտնվում է Երկիր մոլորակի վրա եւ բնականաբար, կրում այդ փոփոխությունների ազդեցությունը ճիշտ այնպես, ինչպես եւ մնացած ամբողջ աշխարհը։

ՀՀ բնապահպանության նախարարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Գլոբալ էկոլոգիական ֆոնդի կողմից վերջերս հրապարակված «Հայաստան. կլիմայի փոփոխության հիմնահարցերը» հոդվածների ժողովածուում մի ամբողջ բաժին է տրամադրված «Կլիմայի փոփոխության ազդեցությունը ՀՀ տարածքում առավել վտանգավոր կամ տարերային հիդրոօդերեւութաբանական երեւույթների փոփոխության վրա» թեմային։ Այնպես որ, մթնոլորտային երեւույթներն էլ մեծապես կախված են նաեւ այն դեզոդորանտներից ու մազերի հարդարման լաքերից, որ չենք զլանում տեղի-անտեղի «փչել»։ Ինչեւէ, չմանրանանք եւ ներկայացնենք ըստ վերոնշյալ ժողովածուի՝ առատ տեղումների, կարկուտի, ցրտահարության եւ ուժեղ քամիների փոփոխությունների դինամիկան։ Պայմանավորված կլիմայի համամոլորակային փոփոխությամբ՝ հանրապետություն ներխուժող օդային զանգվածների բնութագրիչները եւս կփոխվեն։ Արդեն փոխվում են։ Ըստ այդմ նկատվում են ազգաբնակչության եւ տնտեսության համար վտանգավոր եւ, ընդ որում, դժվար կանխատեսելի տարերային երեւույթներ։ Հանրապետությանը զգալի վնաս կարող են հասցնել եւ արդեն իսկ հասցրել են տեղատարափ անձրեւները, ինտենսիվ կարկուտը, վեգետացիայի փուլում ցրտահարությունները, ուժգին քամիները։

Առավել շատ տեղումներ 1961-90 թթ. դիտվել են հանրապետության բարձրլեռնային շրջաններում։ «Պակասություն» չի անում նաեւ կարկուտը, որի հաճախականությունը պայմանավորված է հանրապետության տարածքի ռելիեֆային պայմանների բազմազանությամբ։ Առավելագույն քանակը գրանցվել է Արագածում, Տաշիրում, Գյումրիում, Ապարանում։

Ցրտահարություններից առավել վտանգավոր են ուշ գարնանային եւ վաղ աշնանային ցրտահարությունները, որոնք իրենց գոյությամբ պարտական են հյուսիսային շրջաններից ցուրտ օդային զանգվածների ներխուժումներին։ Ցրտահարությունների աճ 1956-85 թթ. դիտվել է Ապարանում, Արմավիրում, Սիսիանում, Վանաձորում եւ Մեղրիում։

«Տուն քանդողների» շարքում են նաեւ ուժգին քամիները, հատկապես շկվալներն ու պտտահողմերը, որոնցից առաջինը հաճախ ուղեկցվում է հորդառատ տեղումներով, ամպրոպներով, երբեմն՝ կարկուտով։ Իսկ մրրիկային շարժում-պտտահողմերը (սմերչ) դիտվում են տարվա տաք կեսին եւ ունենում են մեծ քայքայիչ ուժ։ Դիլիջանը, Վանաձորը եւ Երեւանը դրա «համը տեսել են»։

Թե առաջիկայում կլիմայական փոփոխությունները մեզ է՛լ ինչի «համը տեսնել» կստիպեն, առանձնապես հետաքրքիր չէ, քանի որ դեռ սրանք է պետք «մարսել»։

Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031