Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԾԻԿԸ ԲԱՑՎԵՑ

Նոյեմբեր 10,1999 00:00
mushegh movsisyan

Ամեն անգամ, երբ որեւէ պատգամավորի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ գլխավոր դատախազը միջնորդություն էր ներկայացնում խորհրդարանին, անպայման հնչում էր այն կշտամբանքը, թե ինչու կանխավ՝ մինչեւ լիագումար նիստում քննարկումը, տեղյակ չի պահվել մեղադրանքների էության մասին։

Նախադեպերից վերջապես դասեր քաղելով՝ այս անգամ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը երեկ նախապես ԱԺ ղեկավարությանը, հանձնաժողովների, խմբերի եւ խմբակցությունների նախագահներին եւ քարտուղարներին տեղյակ պահեց, թե ինչ մեղադրանքներ են առաջադրված ԱԺ պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հանձնաժողովի անդամ Մուշեղ Մովսիսյանին։ Սակայն, նախ նշենք, որ Գագիկ Ջհանգիրյանը հրաժարվեց լրագրողներին այս առնչությամբ պարզաբանումներ ներկայացնել. «Սպասենք։ Վաղվանից հետո»։

Շավարշ Քոչարյանի վկայությամբ, իրենց հետ հանդիպումը շուրջ կես ժամ էր տեւել։ Դավիթ Լոքյանը պատմեց, որ Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրել էր այն կարճ միջնորդությունը, որն այսօր նիստերի դահլիճում կհրապարակի Աղվան Հովսեփյանը։ Ըստ այդմ, Մուշեղ Մովսիսյանը բազմաթիվ հանդիպումներ ու զրույցներ է ունեցել Նաիրի Հունանյանի հետ, որոնց ընթացքում ամիսներ շարունակ ծրագրել են Վազգեն Սարգսյանի սպանությունը։ Շավարշ Քոչարյանը հիշեց Ջհանգիրյանի մի արտահայտությունը, թե Մուշեղ Մովսիսյանն ինքն է առաջարկել զենք ձեռք բերել։

Ի դեպ, Դավիթ Լոքյանը փոխանցեց զինվորական դատախազի մի տեղեկությունը, թե մարդասպաններից 3-ը խմած են եղել, քանի որ մինչեւ ԱԺ գալը նրանք Մուշեղ Մովսիսյանի հետ 1 շիշ «Վեդի» օղի էին խմել (սա հատկապես շեշտում ենք, քանի որ էլ ով ասես չհերքեց «Առավոտի» այն տեղեկությունը, թե Նաիրի Հունանյանի բերանից ալկոհոլի հոտ էր գալիս)։ Հիմա կարծես որոշակիանում է, թե ժամուկեսի չափ ում էին սպասում մարդասպանները։ Զինվորական դատախազը վկայակոչել է անգամ նրանց՝ «Մուշեղն ո՞ւր է» արտահայտությունը։ Գագիկ Ջհանգիրյանը կտրականապես հերքել է, թե նաեւ այլ պատգամավորների կալանավորելու խնդիր կա։ Իսկ այն հարցի առնչությամբ, թե արդյոք Մուշեղ Մովսիսյանով հանցագործության կազմակերպիչների եւ պատվիրատուների շղթան փակվում է՝ ասել է, թե վարկածներ կան, որոնցից որեւէ մեկը դեռ չի հաստատվել։

Հետաքրքիր է, թե այս ամենին այսօր ինչ կհակադարձի ինքը՝ Մուշեղ Մովսիսյանը։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930