Լրահոս
Օրվա լրահոսը

Ես անմեղ եմ, մակարդակս է մեղավոր

Փետրվար 08,2000 00:00
Hmayak Hovhannisyan

Ես անմեղ եմ, մակարդակս է մեղավոր «Առավոտի» հունվարի 21-ի համարում Իգոր Մուրադյանը Երեւանի բոհեմին տեղեկացրել էր, թե «Նեզավիսիմայա գազետայում» հրապարակված եւ «Նովոյե վրեմյայում» արտատպված հոդվածների տակ ստորագրած Իվան Սոտնիկովը եւ Ռուբեն Արալովը ի՛նքը չէ. ի՛ր կեղծանուններն այլ են։

Ապա բացահայտել էր այդ կեղծանուններով քողարկվածի իրական դեմքը՝ գտնելով, որ նա ոչ այլ ոք է, քան Հմայակ Հովհաննիսյանը։ Պրն Հովհաննիսյանը կարդացել էր Իգոր Մուրադյանի գրածը, շոյվել, որ պրն Մուրադյանն իրեն համարում է «բարձր քաղաքական մասնագիտական մակարդակ» ունեցող եւ «տեղեկացված»։ Սակայն այսքանով պրն Հովհաննիսյանի խանդավառությունը սահմանափակվել է։ Որպես բարեկիրթ մարդ՝ Հմայակ Հովհաննիսյանը փոխադարձ սիրալիրություն ուղղեց պրն Մուրադյանին՝ նրան անվանելով «ղարաբաղյան շարժման կնքահայր» եւ հերքեց «կնքահորը». «Ես հավակնություններ չունեմ ուրիշի դափնիներն ինձ վերագրել, մանավանդ՝ երբ այդ դափնիները, մեղմ ասած, պատվաբեր չեն։ Գտնում եմ, որ ներքաղաքական հարցերը չի կարելի նման ձեւով (ինչպես դա վերջերս արվեց մի շարք ռուսաստանյան թերթերում) ներկայացնել այլ երկրների մամուլում։ Դուք հիշո՞ւմ եք որեւէ օրինակ, երբ Ռուսաստանի քաղաքական գործիչները մեր՝ հայաստանյան մամուլում տարբեր տեսակետներ ներկայացնեն։ Չէ, չեք հիշում, որովհետեւ Ռուսաստանի քաղաքական գործիչներին հատուկ է պետական մտածողություն, նրանք ունեն պետականության ձեւավորված ավանդույթներ։ Իսկ մենք չունենք։ Ինչ վերաբերում է ինձ, գիտեք, որ դեռ 90-ականներին՝ առաջինը մեր վերլուծաբաններից, դեռ շարժման սաղմնային վիճակում նկատեցի վերասերման վտանգները։ Կարող էի այդ նույն հարցերը, եթե նկատի ունենայի իմ լայն կապերը Ռուսաստանում, արծարծել ռուսական մամուլի էջերում։ Գիտեք, որ այն ժամանակ քննադատել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ սխալների համար։ Եվ դրա մասին չեմ գրել դրսի մամուլում։ Չի՛ կարելի, դա անհարիր է ազգային արժանապատվություն ունեցող հայ քաղաքագետի համար։ Սա՛ է իմ սկզբունքը։ Եվ հետո՝ իմ հրապարակախոսական գործունեության ընթացքում, երբեք ոչ մի հոդված կեղծանունով չեմ տպագրել»։

Պրն Հովհաննիսյանը չհամաձայնեց նաեւ, թե այդ հոդվածները գրելուն իրեն կարող էր դրդել Աշոտ Մանուչարյանը. «Ես միշտ աշխատել եմ սեփական մտքի թելադրանքով։ Ուրիշի պատվերով երբեք ոչ մի բան չեմ գրել։ Շատ ավելի հեղինակավոր (քան Աշոտ Մանուչարյանը- Լ. Ա.) մարդիկ ինձ դիմել են, բայց երբ դա դեմ է եղել իմ գաղափարներին, չեմ գրել»։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829