Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ

Փետրվար 09,2000 00:00

Այդ ո՞վ է ասում, թե խորհրդարանն անգործության է մատնված. իրականում քափուքրտինք մտած, էս ձմռան ցրտին խորհրդարանի պրոֆեսիոնալ մասը խիստ պրոֆեսիոնալ մոտեցմամբ քննում է իրոք կարեւոր հարցեր։

ԱԺ-ի վերահսկիչ պալատի 2000 թ. տարեկան ծրագրի մասին հարցը խորհրդարանը փորձում էր ծանրութեթեւ անել։ Բոլոր դեմ ու կողմ ելույթների գլխին սառը ջուր լցրեց ՀԿԿ պատգամավորական խմբակցության ղեկավար Լեոնիդ Հակոբյանը, որն ասաց, թեպետ վերահսկիչ պալատի ձեւավորմանն ինքը ի սկզբանե ծանոթ է եւ օրենքի առաջին նախագիծն ինքն է կազմել, բայց արդյունքում ստացվել է «կռտած օրենք»։ Սա ի՞նչ բան է, հարցնում է Լեոնիդ Հակոբյանը, «ծրագիրը պետք է բխի հանրապետությունում եղած տնտեսական վիճակից, եթե կա теневая экономика, ինչո՞ւ համապատասխան մոտեցում չկա այդ էկոնոմիկային, հերթը հասել է նրան, որ ԱԺ-ն աշխատավարձ չի ստանում»,- այսպես դժգոհում է կոմունիստ Լեոնիդ Հակոբյանը։ Իրականում տեղին է ասված եւ հետո «էս ի՞նչ ելույթներ են, երկիրը քանդվում է, դուք ինչո՞վ եք զբաղված»։ Իրոք, ազգային երեսփոխաններ, ինչո՞վ եք զբաղված։ Իր ելույթի պաթոսը Լեոնիդ Հակոբյանը երբեմն-երբեմն ընդհատում էր. «Պրն Թավադյան, քեզ օգնում եմ, էնպես որ խելքդ գլուխդ հավաքի»։ Վերահսկիչ պալատի նախագահ պրն Թավադյանը երեւի հենց այդպես էլ կվարվի, քանի որ առանձնապես չէր դիմադրում Լեոնիդ Հակոբյանի ասածներին։ Միայն Վարդան Խաչատրյանը չդիմացավ. «Ցավում եմ, պրն Հակոբյան, որ ժամանակին դուք եւ ձեր ֆրակցիան չեք ներկայացրել այն, ինչ որ ասացիք»։ Եվ հետո՝ «այս կուսակցականացված ԱԺ-ում մենք անկողմնակալ մարմին ենք, մենք տալիս ենք միայն փաստերի գնահատականը»։

Arthur Baghdasaryan

«Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանին խնդրեցինք առանձին ներկայացնել իր առաջարկները, քանի որ երեկ խորհրդարանի բուֆետում բարձրախոսի ձայնը (երեւի մեր հրապարակումից հետո) շատ էր իջեցված։ «Վերահսկիչ պալատի դերի բարձրացումը հնարավոր է նախ եւ առաջ մի քանի չափանիշներով։ Առաջինը՝ լրացուցիչ օրենսդրական լիազորությունների տրամադրումը, օրինակ, ենթադրենք, մեկուկես էջանոց տեղեկանքով բերում են տասնյակ միլիոնների հասնող վարկային ծրագրեր, որոնք վավերացվում են ԱԺ-ում եւ, բնականաբար, մի քանի էջի շրջանակներում ամենատաղանդավոր պատգամավորը չի կարող պատկերացում կազմել այդ վարկային ծրագրի նպատակայնության մասին։ Ես առաջարկում եմ, որ վերահսկիչ պալատը տա եզրակացություն, մինչեւ այդ վարկի վավերացումը։ Երկրորդը, որպես կանոն մենք կանգնում ենք կոտրած տաշտակի առաջ, այն իմաստով, որ 1 մլրդ 200 մլն դոլարի հասնող արտաքին պարտք ունենք։ Հաջորդը՝ վերահսկիչ պալատի կողմից պետական մարմինների պահպանման ծախսերի լուրջ ուսումնասիրությունն է։ Մասնավորապես ԿԲ-ի մասին խոսք գնաց։ Մենք պետք է կարողանանք պետական ապարատի ծախսերը, վարչական ապարատի ծախսերը եւ շքեղ ավտոմեքենաները կրճատել»։

Առիթը բաց չթողեցինք նաեւ Արթուր Բաղդասարյանին հարցնել՝ ինքն իր ռեստորանն ու կազինոն հաճախո՞ւմ է։ Պրն Բաղդասարյանն էլ իր հերթին առիթը բաց չթողեց ասել, որ «Առավոտ» օրաթերթում մի քանի ամիս առաջ տպագրվեց, որ իբրեւ թե տուն ունեմ Թումանյան փողոցում գտնվող մի կիսակառույցում։ Հետո ճշտվեց, որ իմ հետ դա կապ չունի, հիմա էլ այս երկրորդ հրապարակումը։ Ես ուզում եմ ասել, որ ինչպես Արամ Աբրահամյանը, այնպես էլ ես ու ՀՀ ցանկացած քաղաքացի ունի բարեկամ, ազգական եւ ընկեր, որոնք իրավունք ունեն սեփականություն ունենալ։ Ամենեւին չի նշանակում, որ իմ եղբոր սեփականությունը նաեւ իմ սեփականությունն է»։

Կարծում ենք դա հակառակն էլ չի նշանակում, բայց Արթուր Բաղդասարյանն ասաց, որ կան համապատասխան փաստաթղթեր, որոնք հակառակն են ապացուցում. «Տարօրինակ է, որ ռեստորանը 5 տարի է գործում է, մյուսն էլ հեռավոր ազգականներիցս մեկինն է։ Ինձ թվում է Երեւանը եւ Հայաստանը այնքան փոքր են, որ շատ հեշտ կարելի է պարզել, թե ո՞վ ինչ ունի»։

Այսպիսի շեղումից հետո անցանք մեր օրակարգին, մանավանդ՝ Երեւանն, իրոք, փոքր է։ Օրակարգի հետաքրքիր հարցերից մեկն էլ մարդու իմունային անբավարարության վիրուսի մասին օրենքի նախագծի քննարկումն էր։ Հենց որ նախագահող Տիգրան Թորոսյանն ասաց այս մասին, դահլիճը սկսեցին լքել մի խումբ պատգամավորներ, օրինակ՝ Սերգեյ Իսրայելյանը, Աղասի Արշակյանը, գրեթե ամբողջ ԱԺՄ խմբակցությունը։ Թեպետ տարիքային խայտաբղետ պատկեր ստացվեց, բայց Վազգեն Մանուկյանը որոշեց սրամտել. «Երիտասարդները մնացին, մեծահասակները դուրս եկան»։ Ես չէի ասի, թե բոլոր «մեծահասակները» դուրս եկան, Պերճ Բոշնաղյանն ու Լեոնիդ Հակոբյանն, օրինակ, մնացին դահլիճում։ Ինչպես սովորաբար լինում է մեզանում՝ փաստը կա (այսինքն՝ արտասահմանցիները վաղուց Հայաստանում սպիդի դեմ պայքարի բուժում են ստանում), բայց օրենք այդ մասին դեռեւս չունենք։ Հետին թվով դա էլ կունենանք, խնդիր չկա։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829