Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ԱՅԺՄ ԷԼ՝ ՀԱՆՐԱՅԻՆ

Փետրվար 11,2000 00:00

Բայց միշտ՝ նախագահական

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանը երեկ լսումների ընթացքում հիշեցրեց, որ Եվրախորհրդին Հայաստանի անդամակցության պայմաններից մեկն էլ հեռուստատեսությունը հանրային դարձնելն է։ Լսումների նյութը այդ «հանրային» կարգավիճակը մանրամասնող երկու օրինագծեր էին։ Մեկի՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի նախագծի հեղինակներից է պատգամավոր Սերգո Երիցյանը, իսկ Երեւանի մամուլի ակումբն այլընտրանքային նախագիծ է ներկայացրել՝ «Հեռուստահեռարձակման եւ ռադիոհեռարձակման մասին»։

ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը նշեց, թե իրենք բավարարված կզգան, եթե իրենց առաջարկած լուծումները տեղ գտնեն այն օրինագծում, որը ներկայացվելու է խորհրդարանին։ Նաեւ իրենք՝ պատգամավորներն էին միջանցքային զրույցների ընթացքում խոստովանում, թե հենց այդպես էլ կանխորոշված է։ Ու թերեւս նաեւ սրանով է բացատրելի, թե ինչու էին միայն հատուկենտ օրենսդիրներ իրենց ներկայությամբ պատվել այս լսումները՝ ինչո՞ւ ժամանակ կորցնել ու ժամերով լսել, թե ինչպես են Սերգո Երիցյանը եւ Բորիս Նավասարդյանը ներկայացնում այդ նախագծերը, հարցերի պատասխանում, խնդիրներ պարզաբանում, եթե ի սկզբանե էլ պարզ է, որ ֆինիշին հասնելու է պատգամավորի օրինագիծը՝ հարստացված ԵՄԱ-ի, ի դեպ, միջազգային փորձաքննությամբ անցած նախագծի որոշ դրույթներով։

Սակայն պասիվ էին ոչ միայն պատգամավորները։ Ներկա չէին ո՛չ ՀԱՀ-ի, ո՛չ «Ար»-ի, ո՛չ «Ա1+»-ի եւ ո՛չ էլ «Արմենիա» հեռուստաընկերությունների ղեկավարները։ Այս առնչությամբ տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության պետ Տիգրան Հակոբյանն ասաց. «Սա շատ վատ է, քանի որ օրենքն ընդունելուց հետո միշտ օրենքը ստեղծողներին են մեղադրում վատ օրենք ընդունելու մեջ»։

Խոշոր հեռուստաընկերություններից ներկա էր միայն «Պրոմեթեւսի» գործադիր տնօրենը՝ Սեյրան Շահսուվարյանը։ Նա իր կտրուկ անհամաձայնությունը հայտնեց Սերգեյ Երիցյանի նախագծում պարունակվող այն դրույթի վերաբերյալ, թե հանրային հեռուստառադիոընկերության ղեկավար մարմնի՝ խորհրդի 5 անդամներին պիտի նշանակի հանրապետության նախագահը։ Սեյրան Շահսուվարյանը համոզված էր (տառապանքը փորձ ունի), որ սա միանշանակ կհանգեցնի նախագահական հեռուստառադիոընկերությունների գոյությանը (մենք կավելացնեինք՝ նաեւ հետագա բարգավաճմանը)։ Սակայն Սերգեյ Երիցյանն ընդվզեց. «Ինչո՞ւ, նախագահը մեր երկրի թշնամի՞ն է։ Նա մեր սահմանադրական կարգի երաշխավորն է։ Դրամատիկ մի՛ դարձրեք այս նորմի պահանջները»։

Հայտնի է, որ ԱԺ-ի մեծամասնությունը խանդով է վերաբերվում հատկապես Ազգային հեռուստատեսությանը։ Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք «Միասնությունը» կքվեարկի՞ մի օրինագծի օգտին, որով հանրային հեռուստառադիոընկերության ղեկավար մարմինը նշանակելու իրավունքը վերապահվում է նախագահին, Սերգեյ Երիցյանը մասնավորապես պատասխանեց. «Անձի խնդիր հաշվի առնելն ընդհանրապես մեզ կարող է կործանման բերել»։ Նա վստահ էր, որ եթե իրենց բազմակուսակցական հանձնաժողովը դրական եզրակացություն տա, այլ խնդիրներ չեն ծագի։

Սրանք բացառություններ էին՝ ընդհանուր առմամբ այս օրինագծերի լսումները բոլորովին չքաղաքականացվեցին եւ ներիշխանական հակասությունների արտահայտման առիթ չդարձան։ Լրագրողներն այս առումով զտարյուն օրենսդրական աշխատանքի ցուցադրական դաս կարող էին տալ պատգամավորներին։ Ելույթ ունեցողներին, որ առավելապես մարզային հեռուստաընկերությունների ղեկավարներ էին, հուզող հարցերը բոլորովին այլ էին։

Ասենք, Վանաձորի «Ինտերկապ» հեռուստաընկերության ներկայացուցիչ Սամվել Հարությունյանը հետեւյալ թվերը մեջբերեց. «Մայրաքաղաքում գործող հեռուստառադիոընկերությունների գովազդից առաջացած եկամուտներն ամսական կազմում են 15-30 հազար դոլար։ Եթե հաշվի առնենք, որ մայրաքաղաքում պոտենցիալ լսարանը 1 մլն մարդ է, իսկ մեզ մոտ՝ 100-150 հազար, այսինքն՝ 6 անգամ քիչ է, ստացվում է, որ մենք փաստացի պիտի ամեն ամիս ստանայինք 3-5 հազար դոլար եկամուտ, բայց տխուր իրականությունն այն է, որ մեզ մոտ թվերը կազմում են ամիսը 200-300 դոլար։ Ինչպե՞ս մենք գոյատեւենք»։

Տիգրան Հակոբյանն առաջարկեց նման խնդիրները լոբբինգ չանել. «Տարբեր բախումներ, հակասություններ ունենք Հայաստանում՝ հիմա մարզայինն ու երեւանյանն իրար չհակադրենք»։

Իսկ «Շանթ» հեռուստաընկերության ներկայացուցիչ Արթուր Եզեկյանին հուզում էր, որ այս օրենքով որոշվի, թե ինչ է պոռնոգրաֆիան եւ իսկ ինչ՝ էրոտիկան… Ինչեւէ։ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովն ակնկալում է, որ արդեն այս նստաշրջանում տվյալ օրինագիծը կներկայացվի խորհրդարանի քննարկմանը։

Սերգեյ Երիցյանը հապաղումը գործող 20-25 հեռուստաընկերություններից կեսի համար հավասարեցնում էր մահվան։ Ընդ որում, շեշտում էր, թե դրանցից ընդամենը 10-ը կմնան ասպարեզում ո՛չ շուկայական հարաբերությունների կամ մրցակցության, այլ հենց այս օրենքի բացակայության պատճառով։ Հանձնաժողովի հաջորդ լսումները վերաբերելու են արդեն զանգվածային լրատվամիջոցներին։

Ի դեպ, այլ պաշտոնյաների համար ուշագրավ մի եզրակացություն հրամցրեց այս հանձնաժողովի փոխնախագահ Գալուստ Սահակյանը. «Այն բախումները, որ տեղի են ունենում իշխանությունների, առանձին կուսակցությունների եւ մամուլի միջեւ, ինձ բերել են այն համոզման, որ մամուլի դեմ հնարավոր չէ պատերազմել»։ Ճշմարիտ է՝ մամուլի դեմ ե՛ւ հնարավոր չէ, ե՛ւ հարկավոր չէ պատերազմել։ Ավելի տեղին է համագործակցելն ու մամուլի եւ իշխանությունների կամ կազմակերպությունների փոխհարաբերություններն օրենքով խստիվ կանոնակարգելը։ Ինչը եւ, կարծես, փորձում են անել։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829