Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐԾԵՍ ԿԱՆԳ Է ԱՌԵԼ

Փետրվար 23,2000 00:00
Legran

 Ասում է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Միշել Լեգրան

-Հոկտեմբերի 27-ից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը շատ հաճախ բնորոշվում է որպես երկիշխանություն կամ ընդհանրապես՝ անիշխանություն։ Ձեզ ինչպե՞ս է ներկայանում մեր երկրի պետական համակարգի առկա վիճակը։

– Իրադարձություններից 4 ամիս անց անակնկալի բերող ինչ-որ իրողությունների ենք առնչվում։ Ականատեսը չդարձանք քաղաքական դաշտում ուղղակի վերադասավորումների եւ վերաձեւավորումների գործընթացի։ Մյուս կողմից՝ կարծես հիմնարար փոփոխությունների են ենթարկվում պետական հաստատությունները։ Կարծես մի տեսակ անցումային փոփոխությունների փուլ վերապրեցինք՝ երկրի նախագահական կառավարումից անցնելով խորհրդարանականի։

Եվ այսօր հարց է առաջանում, թե ինչո՞ւ են կարծես կաթվածահար եղել բոլոր կառույցները, եթե կան բոլոր հնարավոր եւ անհրաժեշտ պայմանները, որ պետական համակարգը հաջողությամբ գործի։

Հոկտեմբերի 27-ն, իհարկե, դաժան հարված է, պատճառված ցավը բավական ուժեղ է եւ ոչ ոք դա չի հերքում։ Այն դեռ երկար ժամանակ իրեն զգացնել կտա։ Լա՛վ։ Բայց սա այնուամենայնիվ այն դեպքը չէր, որ պիտի իսկապես խեղեր պետական հաստատությունների՝ Սահմանադրությամբ սահմանված բնականոն գործունեությունը։

Ես ուզում եմ Ձեզ ուղղել այդ հարցը. ի՞նչն է խանգարում աշխատել, ինչո՞ւ է ստեղծվել այս վիճակը։

– Թերեւս պատճառներից մեկն էլ ներիշխանական հարաբերություններում փոխադարձ անվստահությունն է, որն առկա էր նաեւ հոկտեմբերի 27-ից առաջ, սակայն ամբողջ սրությամբ երեւաց դրանից հետո։

– Օգտվելով Ձեր բնորոշումից՝ պիտի ասեմ, որ իսկապես պատճառը վստահության բացակայությունն է։ Սակայն այն պիտի օգտագործեմ երեւույթի անհամեմատ ավելի լայն ընդգրկմամբ. անվստահության մթնոլորտը շատ ավելի մեծ է, քան գործադիր եւ օրենսդիր իշխանությունների շրջանակը։ Նույնիսկ կասեի, որ ավելի շատ հասարակության ճգնաժամն է, քան քաղաքական։

– Պետական կառույցների կաթվածահար վիճակին դեռ կանդրադառնանք, բայց մինչ այդ՝ հետաքրքիր է իմանալ Ձեր վերաբերմունքը հոկտեմբերի 27-ի գործով կալանավորվածներից մեկին, որին աշխատանքի բերումով առնչվել եք։

– Դուք նկատի ունեք Ալիկ Հարությունյանի՞ն։ Այս երիտասարդի նկատմամբ բավական ջերմ բարեկամական զգացումներ ունեմ։ Եվ չեմ կարողանում հասկանալ, թե ինչի՞ մեջ է նա մեղադրվում։ Բնականաբար, չեմ ուզում խառնվել Հայաստանի ներքաղաքական գործերին՝ դա իմ առաքելությունը կամ դերակատարությունը չէ։ Բայց անձամբ ես իսկապես դժվարանում եմ հասկանալ, թե ինչու են նման միջոցներ կիրառվում մի մարդու նկատմամբ, որը չի թողել ո՛չ մտավոր հիվանդությամբ տառապողի, ո՛չ էլ սարսափելի ահաբեկչի տպավորություն։ Ճիշտ հակառակը, ինձ վրա նա միշտ թողել է իսկապես հավասարակշռված եւ խելամիտ անձնավորության տպավորություն։ Դուք կարծո՞ւմ եք, որ ինչ-որ մեկը կարող էր դավադրությունների, խառնակ պատմությունների մեջ ներքաշվել, հրահրիչ դառնալ այն ժամանակ, երբ նրա կինը զավակի մոտալուտ ծնունդին էր սպասում։ Չեմ պատկերացնում, մի՞թե սա բնական է դիտվում։

Եվ այնքան ժամանակ, քանի դեռ ինձ հակառակը չեն ապացուցել եւ փաստարկել նրա մեղավորությունը, հավաստիացնում եմ, որ նրա նկատմամբ կտածեմ ամենաբարեկամական զգացումները։ Նրան ձերբակալելուց հետո այսքան ժամանակ դեռ որեւէ կոնկրետ բան չի ասվում։ Սակայն ընդհանրապես՝ արդարադատության իսկ շահերից է բխում հնարավորինս հստակություն մտցնել մեղադրանքը փաստարկելու առնչությամբ։ Այսքան հետաձգելը հնարավոր չէ։

– Սա Ձեր զուտ անձնակա՞ն տեսակետն է, թե՞ հոկտեմբերի 27-ի գործով նախաքննության ընթացքի շուրջ Ձեր վերապահումները փոխանցել եք նաեւ այն երկրի կառավարությանը, որ ներկայացնում եք Հայաստանում։

– Սրանք իմ անձնական մոտեցումներն են։

– Հարցը հետաքրքրում էր այս առումով, թե արդյոք նախաքննությանն առնչվող այս կասկածները կարո՞ղ են անդրադառնալ Եվրախորհրդին Հայաստանի անդամակցության գործընթացի վրա։

– Ես հույս ունեմ, որ այդ անդամակցությունը բավական արագ տեղի կունենա։ Եվ չեմ կարծում, որ վերջին իրադարձություններն են, որ պիտի ազդեցություն ունենան այդ գործընթացի վրա։ Կան այլ հարցեր եւս, որոնք առնչվում են մամուլին։ Պետք չէր, որ տեղի ունեցածը վերածվի լրատվամիջոցները խեղդելու եւ վախեցնելու փորձերի։

– Թերեւս Դուք ավելի իրազեկ եք, բայց ինձ հայտնի չեն դեպքեր, որ հոկտեմբերի 27-ի առնչությամբ լրատվամիջոցներին վախեցնեն։

– Ես դա չէի ուզում ասել։ Նկատի ունեի միայն «Նովոյե վրեմյայի» եւ «Հայկական ժամանակի» խմբագրություններ ներխուժումները, որոնք Հայաստանի արդարադատությունն իրենց նիրհից չարթնացրին։ Եվ հարկավոր չէ, որ սրանք նախադեպ դառնան։

– Վերադառնանք պետական կառույցների կաթվածահար վիճակին։ Որպես դրանց հաղթահարման միջոց շատ անգամ նշվում է արտահերթ նախագահական ընտրությունների անհրաժեշտությունը։

– Ինչո՞ւ։ Ինչո՞ւ են ցանկանում, որ նախագահը հեռանա։ Սա հենց այն է, ինչն ամենից քիչ եմ հասկանում։ Նա իրեն վերապահված իրավունքների շրջանակում է աշխատում։

Հարցն ընդամենը ճգնաժամից ելքերի փնտրտուքի մասին է։

-Մինչ այդ տարբերակն ընտրելն ախր ուրիշ ելքեր էլ կան։ Առաջին հերթին, հարկավոր է, որ բոլոր պետական հաստատություններն աշխատեն, ամեն ինչ իր տեղում լինի։

Չէ որ նախագահը չէ, որ խանգարում է խորհրդարանին աշխատել։ Ոչ էլ նախագահն է խանգարում աշխատել կառավարությանը։ Եվ եթե, բնականաբար, թե՛ մեկը, թե՛ մյուսը չեն աշխատում, երեւի թե պետք է պատճառն այդ երկուսի մեջ փնտրել եւ ոչ թե փորձել առաջին հերթին մեղադրել նախագահին։ Ես չեմ ստանձնել նախագահի փաստաբանի դերը, բայց նա իրավունք ունի պահանջելու, որ յուրաքանչյուրն իր ստանձնած պատասխանատվությունն իրականացնի։

Ֆրանսիայում այս իրավիճակին ծանոթ ենք, բայց մենք սկսում ենք նրանից, որ փոխում ենք կառավարությունը։ Եվ միայն, երբ դա չի բավարարում՝ ձեռնարկվում են այլ միջոցներ, խոսում ԱԺ-ի իրավասությունների մասին եւ եթե դա էլ չի գործում՝ նոր արդեն կարող է խոսք լինել նախագահական ընտրությունների մասին։

– Իրոք, ներիշխանական ճգնաժամը կարելի է նաեւ այդպես հաղթահարել՝ նախագահը մայիսից հետո կարող է լուծարել խորհրդարանը։ Եվ նոր ԱԺ-ն էլ հետագայում նոր կառավարություն կձեւավորի։ Գուցե թե այս մի արմատական տարբերակն է՞լ բացառված չէ։

– Հիշատակված տարբերակները՝ ԱԺ-ի լուծարումը, նոր կառավարության կազմավորումն այնքան էլ ողբերգական իրադարձություններ չեն եւ հարիր են բոլոր երկրներին։

Այնուամենայնիվ, զարմանալին այդ չէ, այլ անգործունեությունը։ Գրեթե ոչինչ տեղի չի ունենում՝ գոնե տպավորությունն այդպիսին է։ Չգիտեմ, թե այն իրոք համապատասխանո՞ւմ է իրականությանը։ Բայց այս անգործունեությունից տպավորությունն է՝ երկիր, որը կանգ է առել։ Հոկտեմբերի 27-ի ողբերգությունը խեղեց, հաշմեց եւ շտկել ու վերադառնալ հնարավոր չէ։ Հնարավոր չէ նաեւ այնպես ներկայանալ, կարծես ոչինչ տեղի չի ունեցել։ Մյուս կողմից էլ՝ չի կարելի դա որպես պատրվակ ծառայեցնել այսպիսի անգործունեության համար։ Անկախ ամեն ինչից՝ երկրի կյանքը շարունակվում է։

– Մեր զրույցի սկզբում մեջբերված երկու բնութագրումներից Դուք այնուամենայնիվ այսօր Հայաստանին ավելի բնորոշ եք համարում անիշխանությո՞ւնը։

– Այո, գոնե իմ տպավորությամբ մի քիչ այդպես է։ Պետական կառույցների մի մասը չի գործում այնպես, ինչպես պիտի լիներ։ Արդյոք այս կաթվածահար վիճակը նրա արգասիքն է, որ այդ կառույցները ներքին խնդիրներ ունեն եւ այդ պատճառով չեն աշխատում։ Կամ էլ գուցե պետական կառույցների մի մա՞սն է մյուսի գործունեությունը խոչընդոտում։ Իսկ գուցե այս կառույցներից դո՞ւրս ինչ-որ տարրեր են իսկապես խաթարողը։ Չեմ կարող ասել, ես ընդամենը դիտորդ եմ եւ յուրաքանչյուր հայ ինձնից անհամեմատ ավելի լավ է ճանաչում իր երկիրը։

– Այնուամենայնիվ, արդյոք առկա վիճակը Ձեզ չի՞ հիշեցնում այն նույնը, որ նախորդեց 1998-ի փետրվարի իշխանափոխությանը՝ պետական համակարգի երկատվածություն եւ սաստկացող քննադատություն Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացի շուրջ։

– Ոչ, իրավիճակը նույնը չէ։ Քանի որ այս ընթացքում տեղի ունեցած երկու իրադարձություններից, այսուհանդերձ, դասեր քաղեցին։ Նկատի ունեմ Կոսովոյի եւ Չեչնիայի ճգնաժամերը։

Եվս մի երրորդ հանգամանք էլ կա, որը շատ յուրահատուկ է Հայաստանին։ Թերեւս ավելի խոր գիտակցումով, քան երկու տարի առաջ, այսօր կա այդ համոզումը, որ հարկ է արտաքին տնտեսական օժանդակության դիմել երկիրը ոտքի կանգնեցնելու համար։ Հայաստանի տնտեսությանը հարկավոր են օտարերկրյա դրամագլուխներ։ Սրա բացակայության պայմաններում չկա ոչ մի ուժ, որ երկիրը կարող է տնտեսապես զարգացնել։ Սա, իհարկե, չի նշանակում, որ երկիրը տնտեսապես չի գոյատեւի, պարզապես չի զարգանա այն տեմպերով, որոնք անհրաժեշտ են միջազգային ընտանիքին մաս կազմելու համար։

… Ես պարզապես հավատում եմ, որ երկիրը պիտի արթնանա այս լեթարգիական քնից եւ պետական բոլոր կառույցները գործեն։ Պետք չէ քնած դշխուհու պես սպասել այնքան ժամանակ, մինչեւ կհայտնվի ցանկալի իշխանը եւ կհանի ընդարմացումից։ Ինձ համար առավել նախընտրելի է Մատնաչափիկի կերպարը, որն ինքը ելքն ինքնուրույն գտավ անտառի բավիղից։

Հարցազրույցը վարեց

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829