Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 13,2000 00:00

Սա ավելին է, քան փաստը Այդպես է եղել իրականում Այս ամենն արդեն զավեշտ է դառնում. անցած տասնամյակում նախկին իշխանություններին իսկապես քննադատածներն այժմ նրանց մասին գերազանցապես գերադասում են լռել։ Իսկ, ասենք, ռամկավար կուսակցության գործիչները, որոնք ե՛ւ 1991-ի, ե՛ւ 1996-ի ընտրություններում պաշտպանել էին Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, այժմ իրենց հետին թվով ընդդիմադիր են ցուցադրում։ Ի դեպ, այս գործելաոճը նրանց համար կարծես ավանդական է նաեւ այլ պարագաներում. ասենք միայն, երբ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ճաղերի ետեւում, ապահով հեռավորության վրա հայտնվեց՝ նոր ռամկավարները հիշեցին, թե նա «մոյշչիկ» է եղել։ Ի տարբերություն, ի դեպ, «Առավոտի», որն այդ եւ բազմաթիվ այլ փաստերի մասին գրում էր այն ժամանակ, երբ Սամվել Բաբայանը պատասխանելու հնարավորություն ուներ։ Ինչեւէ։ Ռամկավար առաջնորդին, որ այդպես էլ քաջություն չի ունենում իր քերթվածները սեփական ազգանունով ստորագրելու, երեւի թվում է, որ եթե ինքն անտեսի հայտնի փաստերը, դրանք կդադարե՞ն գոյություն ունենալ եւ այլեւս ոչ ոք դրանց մասին չի՞ մտաբերի։ Ասենք, եթե ձեռնտու է ներկայացնել, որ ԱԺ-ում հունիսի 1-ին «Հայաստան» խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանը չէ ճեպազրույցում խոսել Ռուբեն Միրզախանյանի հեռուստաելույթի մասին, այլ լրագրողն է դա մոգոնել՝ իրականությունը կհամապատասխանի՞ այդ ցանկություններին։ Այս երանավետ մոլորությունից դուրս բերելու համար մեջբերում ենք Մյասնիկ Մալխասյանի խոսքի այդ հատվածն ամբողջությամբ, ըստ պահպանված ձայնագրության. «Թշնամիների՛ բերանով են խոսում նրանք, ովքեր ասում են, թե երկիրը չի զարգանա, քանի դեռ հրացանավոր մարդն է ասպարեզում։ Թշնամիների բերանով եւ արտաքին թելադրանքով են խոսում։ Ի՞նչ անի «Երկրապահը». կռվել, զոհվել է այս հողի համար։ Թողնի հեռանա՞ այս երկրից։ Նրանց ցանկությունը դա՞ է, որ որոշ մարդիկ էլ փորձում են նրանց ջրաղացին ջուր լցնել։ Ես լսել եմ Ռուբեն Միրզախանյանի ելույթը հեռուստատեսությամբ, երբ որ նա ասում էր՝ մոռանալով այս բոլոր խարդավանքները, քաղաքական դաշտի գզվռտոցը, մոռանալով, որ այս երկրում կատարվում է գլխավոր դատախազի, պաշտպանության եւ ՆԳ փոխնախարարների սպանություններ, օրը ցերեկով ԱԺ դահլիճում գնդակահարվում են երկրի վարչապետը, ԱԺ նախագահը, պատգամավորներ՝ սրանք չեն պատճառը, որ այս երկրում ներդրումներ չեն կատարվում, սրա մասին չեն խոսում, մոռանում սրա մասին եւ՝ թե այս ամենի, ողջ դժբախտությունների պատճառը «Երկրապահն» է։ Չի՛ կարելի, ամեն ինչից զատ պետք է բարոյականություն ունենալ, եթե հայ ես, ապրում ես այս երկրում»։ Երեկ Մյասնիկ Մալխասյանը դարձյալ ձայնագրիչի առջեւ կրկնեց ճեպազրույցի իր այս հայտարարությունը եւ ի հավելումն ասաց. «Ռուբեն Միրզախանյանի հեռուստաելույթը անձամբ ես եմ լսել… Չէի մտածի, թե այդ քաղաքական գործիչը կարող է այդպիսի պատվեր կատարել։ Ռուբեն Միրզախանյանն ամեն ինչի պատճառը եւ մեղքը տեսնում է «Երկրապահի» դեմքով՝ նրան հրացանավոր մարդ անվանելով եւ նշելով, թե սարսափում են ներդրումներ կատարել, քանի որ «Երկրապահը» կարող է մի օր գա եւ ասի՝ այսինչ խանութի գեղեցիկ բանալին տվեք։ Եթե նա ազնվություն ունի՝ պիտի հրապարակավ խոստովանի, որ ասել է այս ամենը»։ Այս կոչին հավելենք մեր միամիտ հույսը՝ որ ՀՌԱԿ առաջնորդը նաեւ համարձակություն կունենա փորձել այս անգամ իր ռամկավարական «պերճախոսության» պաշարը բանեցնել այս գնահատականների հեղինակի եւ ոչ թե դրանք ու միայն փաստերն արձանագրող լրագրողի վրա։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930