Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 07,2000 00:00

ՍՈ՛ՒՍ ՄՆԱ, ԹԵ ՉԷ ԿԶՐԿՎԵՍ ԱԺ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԻՑ Այս նստաշրջանից գործելու է «ԱԺ-ում ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքների կազմակերպման կարգը»։ Յուրօրինակ պայմանագիր հիշեցնող այս փաստաթղթի վերաբերյալ «Առավոտին» պարզաբանումներ ներկայացրեց ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սեւակ Մանուկյանը։ Դեռ հնարավոր են փոփոխություններ «Այս կարգը դեռեւս վերջնական չէ,- նախ նշեց Սեւակ Մանուկյանը։- Ըստ էության, սա առաջին փորձն է կանոնակարգելու լրագրողների աշխատանքն ԱԺ-ում։ Միանշանակ է, որ այն դեռ լրամշակման եւ առավել կատարելագործման կարիք ունի եւ այս նստաշրջանի ավարտից հետո կարվեն որոշակի փոփոխություններ։ Բայց սա այն հիմքն է, որով սկսում ենք աշխատել»։ Խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրողները պիտի գործեն սույն կարգի համաձայն։ Իսկ այս տարի 120 լրագրողի հավատարմագրման հայտ է ստացվել։ Ըստ Սեւակ Մանուկյանի, այդ հայտերի շուրջ 1/3-ը մերժվել է։ Ընդ որում, ինչպես համոզվեցինք «Առավոտի» երկու թղթակիցների հավատարմագրումը մերժելու վերաբերյալ գրությունից՝ պատճառներն արդեն իսկ հիմնավորվում են այս փաստաթղթի դրույթներով։ Ըստ այդմ, այն արդեն իսկ գործում է։ Սահմանագծից անդին Այս կարգի համաձայն՝ հավատարմագրման ենթակա չեն, մասնավորապես, 2500-ից պակաս տպաքանակ ունեցող թերթերը (բացառությամբ ԱԺ-ում ներկայացված քաղաքական կուսակցությունների պաշտոնաթերթերի)։ Սեւակ Մանուկյանի ուշադրությունը հրավիրեցինք, որ այս դեպքում մի շարք թերթեր զրկվելու են խորհրդարանի աշխատանքները լուսաբանելու հնարավորությունից. «Թույլ տվեք չհամաձայնել այդ գնահատականին, քանի որ որքանով տեղյակ եմ՝ կարծես թե օրաթերթերի ճնշող մեծամասնությունը տվյալ տպաքանակն ապահովում է։ Նաեւ դրանից ելնելով ենք տվյալ սահմանագիծն ընտրել։ 2500-ը, մեր կարծիքով, այն թիվն է, որ նվազագույնս ապահովում է թերթի ներկայացուցչականությունը»։ Սեւակ Մանուկյանը հայտնեց, որ փորձելու են ճշտել թերթերի իրական տպաքանակները։ Ժամանակին հրապարակել էինք դրանց ապրիլյան տվյալները, եւ եթե տպաքանակները դրանից հետո չեն ավելացել՝ թերեւս ԱԺ աշխատանքները լուսաբանելու հնարավորությունից զրկվեն «Ազգը», «Նովոյե վրեմյան», «Հայաստանը»… Մտադրությունների հռչակագիր «Չեն կարող հավատարմագրվել նաեւ Հայաստանի եւ օտարերկրյա ԶԼՄ-ների արտահաստիքային աշխատակիցները»,- նշված է այս կարգում։ Մինչդեռ արտերկրի լրատվամիջոցների հայաստանյան թղթակիցների գերակշիռ մեծամասնությունը հենց արտահաստիքային է։ Սեւակ Մանուկյանն այս անգամ համաձայնեց. «Այս դրույթն ինչ-որ տեղ ապագային է միտված. թերեւս հաջորդ հավատարմագրման դեպքում այս կարգն ավելի հստակ կաշխատի»։ Ամենավիճահարույց դրույթը Թերեւս ամենաթունդ բանավեճի տեղիք կտա այն դրույթը, որով հավատարմագրումից զրկման հիմք է նշվում «Ազգային ժողովի գործունեության վերաբերյալ կեղծ եւ զրպարտչական բնույթի, ԱԺ պատգամավորների անձը վիրավորող տեղեկությունների պարբերաբար տարածումը»։ Ըստ այդմ, հիմք է ստեղծվում պատգամավորների քիմքին հարմար չեկած հրապարակումներին պատասխանել լրագրողին ԱԺ-ից քշելով։ Բավական սուբյեկտի՞վ դրույթ չէ սա, իսկ ո՞վ է որոշելու, թե ինչն է վիրավորական պատգամավորների համար. «Պատգամավորները չեն որոշելու, թե իրենց անձը կամ արժանապատվությունը վիրավորվե՞լ է, թե՞ ոչ։ Տվյալ պարագայում որոշելու է հասարակայնության հետ կապերի վարչությունը, իսկ մենք պիտի փորձենք օբյեկտիվ լինել»,- Սեւակ Մանուկյանի այս պարզաբանմանն արձագանքեցինք թերահավատությամբ, թե իրենց կհաջողվի զերծ մնալ պատգամավորների ճնշումից՝ ազատվել այս կամ այն անցանկալի լրագրողից։ Այսուհանդերձ, նա բացառեց ճնշումների ենթարկվելու հավանականությունը։ Որպես ակնհայտ վիրավորանքի դրսեւորումներ՝ վերջին օրերի մամուլից օրինակներ բերեց. լուսանկար, որտեղ ԱԺ-ի դիմաց ոչխարների հոտ է նկարված կամ հրապարակում, որտեղ նշվում է, թե ԱԺ-ում 131 գողեր ու թալանչիներ են։ Սեւակ Մանուկյանն, այնուամենայնիվ չթաքցրեց, թե այս դրույթի նկատմամբ ինքն էլ վերապահումներ ունի. «Եվ չեմ պատկերացնում, թե ինչպես ենք այն կենսագործելու։ Բայց հուսով եմ, որ այս դրույթը կիրառելու կարիք չի լինի»։ Դիմեք դատարան Եթե անձնագիրդ գողանան կամ կորցնես՝ նորը կտան, բայց եթե կորցնես ԱԺ հավատարմագիրդ՝ կզրկվես հավատարմագրումից։ Դրանից կարող ես զրկվել նաեւ հերքում չհրապարակելու դեպքում։ Սակայն ե՛ւ այս, ե՛ւ նախատեսված այլ «զրկման հիմքերով» որոշումներն, ըստ կարգի, «կարող են բողոքարկվել դատական կարգով»։ Մեր հարցին ի պատասխան, թե իրավական ի՞նչ հիմք կա հավատարմագրումից զրկվելու դեպքում դատարան դիմելու համար, Սեւակ Մանուկյանը մասնավորապես ասաց. «Դատարանին կարող եք ապացուցել, որ ձեր հրապարակումը կեղծ եւ զրպարտչական բնույթի չէ կամ պարբերաբար չի արվել, այլ ընդամենը մի դեպք է եղել եւ այլն։ Այս կարգով հավատարմագրումից զրկելու իմ որոշումը չեղյալ կհայտարարվի»։ Վարքից՝ երկուս «Լրագրողներն ԱԺ նիստերի ընթացքում պարտավոր են պահպանել լռություն,- նախատեսված է այս կարգով։- Ոչ պատշաճ վարք դրսեւորելու եւ սահմանված կարգը պարբերաբար խախտելու դեպքում՝ նիստերի դահլիճում գտնվող վարչության աշխատակիցը, խորհրդակցելով վարչության պետի հետ, կարող է դահլիճից դուրս հրավիրել ԶԼՄ ներկայացուցչին»։ Որպես ոչ պատշաճ վարքի ակնառու օրինակներ՝ Սեւակ Մանուկյանը նշեց, թե անցած նստաշրջանի ընթացքում մի թղթակցուհի փորձել է հուշել ամբիոնից ելույթ ունեցող պատգամավորին, թե նա ինչ պիտի ասի։ Նույն թերթի մեկ այլ թղթակցուհի, երբ ինչ-որ բաների չի համաձայնում, «տեղից ռեպլիկներ է նետում ԱԺ նախագահությանը, թե անընդունելի՜ է եւ այլն»։ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետը նշեց. «Այս ամենին կյանքի փորձով են եկել»։ Եվ երբ կարգում նախատեսել են, որ նիստերի դահլիճից դուրս գալով այլեւս չես կարող վերադառնալ՝ աչքի առաջ են ունեցել, որ մի լրագրողուհի մեկ նիստի ընթացքում հինգ անգամ ելումուտ է արել։ Նպաստավոր պայմաններ Այս ամենի դիմաց՝ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունն էլ է պարտականություններ ստանձնել։ Ասենք, պարտավորվել է ապահովել առավել բարենպաստ պայմաններ ԱԺ-ում ԶԼՄ ներկայացուցիչների գործունեության համար։ Պետդումայի լրագրողների համար այս նստաշրջանում հատուկ աշխատասեղաններ էին նախատեսել՝ կապի միջոցներով, եւ այդ մասին «Վեստին» ռեպորտաժ հաղորդեց։ Փորձեցինք պարզել, թե Հայաստանի ԱԺ-ի պարագայում որո՞նք են այդ բարենպաստ պայմանները. «Վարչությունը պարտավոր է իր կապի միջոցները տրամադրել լրագրողներին՝ տեղեկատվությունը հրատապ հաղորդելու համար,- պարզաբանեց Սեւակ Մանուկյանը։- Եվ մնացած բոլոր խնդիրներում՝ սկսած օրինագծերից եւ փաստաթղթերից, վերջացրած քվեարկության արդյունքների տրամադրումով՝ պարտավորվում ենք օգնել լրագրողներին»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել