Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ՓՈԽՎԵԼ»

Հոկտեմբեր 21,2000 00:00
Stepan Demirchyan

Հարցազրույց Ստեփան Դեմիրճյանի հետ

-Սեպտեմբերի 26-ին, դրանից առաջ եւ հետո ԱԺ-ում ստեղծվել էր այնպիսի իրավիճակ, երբ չափազանց իրական էր դարձել խորհրդարանական նոր մեծամասնության ձեւավորումը։ Սակայն, ի զարմանս շատերի, հանկարծ ՀԺԿ-ն «Միասնությունը» պահպանելու իր մղումով խառնեց բոլորի խաղաքարտերը։ Ի՞նչ շահ էր հետապնդում ՀԺԿ-ն այս քայլով։

– ՀԺԿ-ի դիրքորոշումները շատ հստակ են։ Ես չեմ կարծում, որ երբ ասվեց, թե ՀԺԿ-ն պաշտպանում է կառավարության ծրագիրը, ինչ-որ սենսացիոն բան եղավ։ Այս դիրքորոշումը միշտ էլ ՀԺԿ-ն ունեցել է։ Եվ հետո, ինչո՞ւ եք մոռանում, որ ոչ ՀԺԿ-ն, ոչ էլ ՀՀԿ172ն երբեք պաշտոնապես չեն հայտարարել դաշինքի լուծարման մասին։ Առհասարակ բարոյական չէ «Միասնության» ցուցակներով գալ եւ խոսել նոր մեծամասնություն ձեւավորելու մասին։ Այդ դեպքում ավելի ազնիվ կլիներ դնել մանդատները եւ հետո խոսել։ Տարաձայնություններ, տարբեր կարծիքներ դաշինքում կարող են լինել, եւ դա նորմալ է։ «Միասնությունը», վերջին հաշվով, երկու կուսակցությունների միաձուլում չէ։

– Սակայն հենց «Միասնության» ծրագրում ընդհանրապես մասնավորեցման մասին կետ կա, այսինքն՝ դաշինքը դեմ չի կարող լինել մասնավորեցմանը։ Բայց ի՞նչ կատարվեց. ՀԺԿ-ն դեմ քվեարկեց ԲՑ-երի մասնավորեցմանը, ուրեմն ծրագրի՞ն դեմ։

– ՀԺԿ-ն ոչ թե մասնավորեցմանն է դեմ եղել, այլ կոնկրետ այդ օրենքին։ Եվ դեմ քվեարկելով ներկայացված օրենքին, մենք չենք համարում, որ դեմ ենք քվեարկել «Միասնության» ծրագրին։ ՀԺԿ-ն միշտ եղել է եւ կլինի հաստատակամ իր դիրքորոշումներում։ Մենք կպաշտպանենք «Միասնության» ծրագրային դրույթներից բխող ցանկացած քայլ։ ՀԺԿ-ն կարեւոր է համարում սեփականաշնորհման թափանցիկությունն ու հրապարակայնությունը եւ, այդ իսկ պատճառով, հենց ՀԺԿ-ն նախաձեռնեց ԲՑ-երի սեփականաշնորհման հարցի քննարկումը ԱԺ-ում։ ՀԺԿ-ն ունեցել է իր մոտեցումները եւ առաջարկել է հարցի լուծման իր տարբերակները։

– ՍԴ-ի հոկտեմբերի 17-ի որոշման մասին ձեր դիրքորոշումը։

– Ի՞նչ դիրքորոշում կարող եմ ունենալ ՍԴ-ի որոշման մասին։

– Այսինքն դուք համամի՞տ եք, համամի՞տ չեք, որ Արմեն Խաչատրյանը վերադառնա ԱԺ նախագահի աթոռին։

– Համամիտ եմ, համամիտ չեմ, դա ի՞նչ նշանակություն ունի։ ՍԴ-ն որոշում է կայացրել եւ վերջ։

– Կարծում եմ, նշանակություն ունի, քանի որ հենց ձեր կուսակցության ներսում խիստ ակնառու խմորումներ կային, եւ կարծես թե, կան Արմեն Խաչատրյանի դեմ։

– Այո, առաջինը հենց ՀԺԿ-ն է քննադատության ենթարկել Արմեն Խաչատրյանի առանձին սխալներն ու բացթողումները։ Կարծում եմ, որ Արմեն Խաչատրյանը պարտավոր է որոշակի հետեւություններ անել։

– Հնարավո՞ր է ՀԺԿ-ն ինքը հետ կանչի Արմեն Խաչատրյանին։

– Կյանքը եւ Սահմանադրությունը ցույց տվեցին, որ Արմեն Խաչատրյանին հետ կանչել հնարավոր չէ ։

– Կասկածներ կան, որ ՀԺԿ-ն անդրկուլիսային պայմանավորվածություններ է ձեռք բերել Ռոբերտ Քոչարյանի հետ։

– Մեր կուսակցությունը երբեք խաղեր չի խաղում, ամեն ինչ անում է հրապարակային։

– Այդ դեպքում ինչո՞ւ էիք այդքան հաճախ հանդիպում նախագահին եւ ի՞նչ հարցեր էիք քննարկում։

– Քոչարյանի հետ քննարկվել է ստեղծված իրավիճակը։

– Իսկ որքանո՞վ են հավաստի այն շշուկները, որ Ռ. Քոչարյանը ձեզ «խոստացել» է տնտեսական ճնշման ենթարկել, եթե չանենք այն, ինչ ինքը կուզի։

– Անիմաստ եմ համարում անդրադառնալ այդ անհեթեթ եւ անլուրջ խոսակցություններին։

– Դուք հավանական համարո՞ւմ եք, որ պառակտում կսկսվի հենց ՀԺԿ-ական թեւում։

– Կյանքը ցույց է տալիս, որ այդպես չէ։ Ուղղակի ոմանք մեծ ցանկություն ունեն ՀԺԿ-ն պառակտված տեսնել։

– Կուսակցությունը ինչպե՞ս է քվեարկելու, եթե Անդրանիկ Մարգարյանը ԱԺ ներկայացնի եկող տարվա բյուջեն եւ այս տարվա բյուջեի սեկվեստրը։

– Երբ կներկայացնի, այն ժամանակ կքննարկենք։

– Բայց դուք ձեր դիրքորոշումը ունե՞ք։

– Նախ պետք է իմանանք, թե դա ի՞նչ սեկվեստր է։

– Ինչո՞վ էր պայմանավորված Աշոտ Գալոյանի անվան շահարկումը, մանավանդ նա ձեր ցուցակներում վերջին տեղում էր։

– Նա վերջինը չէր, դուք էիք գրել, որ պատվավոր 41-րդ տեղում էր։ Իսկ ավելի լուրջ՝ նա շատ արժանիքներ ունի, թեպետ եղել են ուրիշ արժանավոր թեկնածուներ եւս։ Բայց հիմա այդ մասին խոսելն անիմաստ է, որովհետեւ կա ՍԴ-ի որոշումը։ Մանավանդ, մենք որոշել էինք նրան առաջադրել այն դեպքում, եթե ՍԴ-ն բացասական պատասխան տար։ Այսօր այդ թեման փակ է։

– Քանի որ ասում եք՝ փակ է, վերադառնանք ձեր տնտեսական գործունեությանը։ Արդյոք դուք կատարո՞ւմ եք ձեր պարտավորությունները բյուջեի առջեւ։

– Մենք ոչ մի պարտք չունենք ոչ աշխատավարձի, ոչ էլ բյուջեի մասով։

– Ըստ ամենայնի, վարչապետն այժմ կառաջարկի գործադիր իշխանության մեծ ու միջին օղակներում կրկին ՀԺԿ-ականների ներկայացնել։

– Երբեւէ դիրքեր գրավելը ինքնանպատակ չէ։ Մեզ համար կարեւորը ծրագրերի իրականացումն է։ Իհարկե, ՀԺԿ-ում շատ բանիմաց եւ լուրջ մասնագետներ կան, որոնց մասնակցությունը գործադիր իշխանության աշխատանքներում կարող է միայն օգուտ բերել կառավարությանը։

– Չնայած մայիսին դուք չպաշտպանեցիք Անդրանիկ Մարգարյանի թեկնածությունը, բայց նա շարունակում է ընկալվել որպես «Միասնության» վարչապետ, իսկ դուք համառորեն շարունակում եք ասել, որ կառավարության գործունեության համար պատասխանատու չեք։

– Նախ, եկեք չմոռանանք, որ մենք խորհրդարանական հանրապետություն չենք։ Երկրորդը՝ շատ հստակ է ասվել, որ կառավարության գործունեության համար պատասխանատու է ինքը՝ կառավարությունը։ Ասվել է նաեւ, որ ամբողջական պատասխանատվություն վերցնելու համար անհրաժեշտ է ունենալ կառավարություն ձեւավորելու լիարժեք հնարավորություն։ Մեր դիրքորոշումները չեն փոխվել: Եվ չի կարելի անվերջ նույն բաների մասին խոսել:

– Անկեղծ ասած, մեզ էլ է ձանձրացրել նույն բաների մասին խոսելն ու լսելը, բայց մեղքը լրագրողներինը չէ։ Մեր քաղաքական գործիչները ավելի վառ երեւակայություն եթե ունենային, քաղաքական կյանքն ավելի հետաքրքիր կլիներ։ Հիմա պարզապես ստիպված ենք քննել այն, ինչ ունենք։ Ի դեպ, պրն Դեմիրճյան, ի՞նչ երաշխիք եք ներկայացրել ՀՀԿ-ին (եթե ներկայացրել եք), որ այլեւս չեք կրկնի ԲՑ-երի պատմության նման մի պատմություն։

– Մենք միշտ էլ աշխատել ենք մեր սկզբունքային դիրքորոշումներից ելնելով։ Ի՞նչ է նշանակում՝ երաշխիքներ, չարությո՞ւն ենք արել, որ հիմա էլ պիտի խոսք տանք, որ էլ չենք անի։ Մերժում եմ նման մոտեցումը։ Բոլոր դեպքերում մենք պետք է փորձենք լուծումներ գտնել, քանի որ կառուցողական կուսակցություն ենք։

– Պրն Դեմիրճյան, արդյոք կուսակցության բոլոր անդամները, քաղաքական խորհուրդն ամբողջությամբ կիսո՞ւմ են ձեր դիրքորոշումը, թե՞ դուք միայնակ եք որոշումներ կայացնում։

– Կուսակցության բոլոր տեսակետները արտահայտվում են դեմոկրատական քննարկումների հիման վրա։ Կարող են լինել տարբեր կարծիքներ, բայց քննարկումներից հետո կուսակցության կայացրած որոշմանը պետք է ենթարկվեն բոլորը։

– Դուք եւ ձեր կուսակցության անդամները հաճախ եք շեշտում, թե կարեւոր եք համարում տարածքային կազմակերպությունների կարծիքը։ Բայց առիթ ունեցել եմ ձեզ հետ լինել շրջաններում։ Գրեթե ամենուրեք պահանջում են, որ ՀԺԿ-ն բաժանվի ՀՀԿ-ից։ Ինչո՞ւ չեք լսում ներքեւից եկող ձայները։ Չէ՞ որ ձեր կուսակցության հիմքը սկզբնական կազմակերպություններն են։

– Նախ, ես պետք է ասեմ, որ շատ տեղերում ՀՀԿ-ի եւ ՀԺԿ-ի կառույցներն արդյունավետ համագործակցում են։ Մյուս կողմից, ես հասկանում եմ այդ դժգոհությունները։ Եթե ընդհանրացնենք, մեր կուսակցականները կողմ են դաշինքին, ուրիշ բան, եթե հիշում եք, նրանք ասում էին նաեւ, որ գործադիր իշխանության օղակներում միայն հանրապետականներ են, ժողովրդական կուսակցությանը տեղեր չեն տրված։

– «Կայունություն» պատգամավորական խումբը հայտարարում է, թե ինքը ժամանակին կիսել է Անդրանիկ Մարգարյանի կառավարության պատասխանատվությունը, ՀԺԿ-ն՝ ոչ։ Եվ ինքը թույլ չի տա, որ ինչ-որ հարցեր լուծվեն իր քաղաքական կապիտալի հաշվին։

– Նախ բացատրեք, թե ի՞նչ է նշանակում «Կայունության» քաղաքական կապիտալ։ Մենք ուրիշի կապիտալի հետ գործ չունենք։ Մենք մերն ունենք:

– Կոմկուսը հայտարարում է, թե բանակցություններ են վարվում սոցուժերի եւ ռուսամետ բոլոր ուժերի հետ, այդ թվում նաեւ՝ ՀԺԿ-ի։ Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ որոշ ժամանակ անց կձեւավորվի նոր դաշինք, որում կլինեն բոլոր սոցուժերը, կոմկուսը եւ ՀԺԿ-ն։

– Նոր դաշինքի մասին խոսելն անիմաստ է։ Մենք կոմունիստների հետ լավ հարաբերությունների մեջ ենք եւ կշարունակենք պահպանել այդ հարաբերությունները։ Իսկ առանձին, կոնկրետ հարցերի շուրջ բոլոր քաղաքական ուժերի հետ պատրաստ ենք համագործակցել, ինչը եւ մենք անում ենք։ Նկատի ունեմ մեր հանդիպումները Արտաշես Գեղամյանի, ՀՅԴ-ի եւ մյուս քաղաքական ուժերի հետ։ Եվ առհասարակ, պետք է բոլոր տեսակի դատարկ խոսակցություններին եւ բառախաղերին վերջ տալ եւ գործով զբաղվել։

Հարցազրույցը վարեց

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031