Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 09,2000 00:00

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՄՆՈՒՄ Է ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼ Քաղաքական գործունեության հայտ է ներկայացրել մեկը,որի վրա կոմպրոմատներ կամ չկան, կամ դրանք քիչ են եւ անլուրջ։ Փոխարենը Արամ Սարգսյանը հասարակության ներսում դեռեւս չփչացած գործչի վարկանիշ ունի, ուստի ունի նաեւ բոլոր հնարավորությունները քաղաքական դաշտում ուրույն տեղ զբաղեցնելու համար։ Իհարկե, այս պարագայում էական է այն, թե Ա.Սարգսյանն ի՞նչ թիմ կձեւավորի եւ նրա զինակիցները որքանով սկզբունքային եւ ընդունելի կլինեն հասարակության քաղաքականացված հատվածի համար։ Փաստ է, որ վերջին շրջանում մամուլը սկսել է հաճախ անդրադառնալ նախկին վարչապետի տնտեսական, կադրային քաղաքականությանը, զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ նրա վերաբերմունքի վայրիվերումներին։ Այդ գնահատականները թեեւ խիստ զգուշավոր են, բայց Ա.Սարգսյանին բացասական կերպար ներկայացնելու մտայնությունն ակնհայտ է։ Ոմանք քննարկում եւ փորձում են ջարդել Ա.Սարգսյանի գործունեությունն իբրեւ վարչապետ, եւ արդարացիորեն նշում են, որ այդ շրջանում նա ավելի շատ զբաղված էր 27-ի գործով, քան տնտեսությամբ։ Նրանք, թերեւս, մոռանում են, որ նախկին վարչապետն այդ պաշտոնը ստանձնեց ներքաղաքական չափազանց լարված մթնոլորտում։ Ա.Սարգսյանն ինքն էր մի քանի անգամ նշել, նրա հիմնական առաքելությունն այդ ժամանակահատվածում ոչ այնքան տնտեսությամբ զբաղվելն էր, որքան ներքին կայունության ապահովումը։ Այլ է, որ Հայաստանն իբրեւ տիպիկ ասիական երկիր, հնարավոր էր համարել երկրի վարչապետ նշանակել մի մարդու, որը, դարձյալ իր խոստովանության համաձայն, չգիտեր անգամ, թե կառավարությունը քանի՞ նախարարություն ունի եւ որտե՞ղ է շենքի մուտքն ու ելքը, ո՞ւր մնաց տնտեսության ծանրագույն վիճակի մասին պատկերացում կազմելը։ Նրա նշանակման համար բավարար էր եղել այն, որ նա Վ.Սարգսյանի եղբայրն էր։ Փաստ է սակայն, որ Ա.Սարգսյանին այս պաշտոնում գրկաբաց ընդունել էին ոչ միայն նախագահն ու նրա շրջապատը, այլեւ խորհրդարանում եւ դրանից դուրս գործող քաղաքական ուժերը։ Այսուհանդերձ, Արամ Սարգսյանը, որ իր պաշտոնավարության ընթացքում ավելի շատ դիտվում էր իբրեւ 27-ի ոճրագործության բացահայտման անկաշառ երաշխիք, հասցրեց 6 ամիսների ընթացքում երեք գործարան վերագործարկել, բավական հյուրընկալ ընդունելության արժանանալ եւ հաջող բանակցություններ վարել մասնավորապես ՌԴ-ում՝ ներկրվող գազի գինն իջեցնելու, Մեղրիում ՀԷԿ-ի կառուցման եւ այլնի վերաբերյալ։ Նա ԱԺ-ում բյուջեն ներկայացնելիս կոնկրետ ծրագրեր էր առաջադրել նաեւ որոշ եւ հեռանկար ունեցող տնտեսվարող սուբյեկտներին պետական օժանդակություն ցուցաբերելու եւ արդյունաբերության առանձին ճյուղերի գործունեությունը խթանելու համար։ Նախկին վարչապետին մեղադրում են նաեւ այն բանում, որ նա հիմք դրեց բազմակուսակցական կառավարության ձեւավորմանը, որի գերին, իբր դարձել է տնտեսության մեջ հրաշքներ գործող Անդրանիկ Մարգարյանը։ Նկատի առնենք, որ այս գաղափարը դեռ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանինն է եղել։ Հարկ է հիշեցնել նաեւ, որ նախկին վարչապետ Ա.Սարգսյանի ձեւավորած կառավարության կազմում թեեւ ընդգրկվել էին տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, բայց նրանք իրենց կրթական եւ մտավոր մակարդակով մի քանի անգամ գերազանցում են վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կառավարության մականունավոր նախարարներին։ Համենայնդեպս, նախկին վարչապետը ԱԺ որոշ ուժերին դուր գալու համար կամ կոնյունկտուրային նպատակներով՝ այդպես էլ չէր համաձայնել նախարարական պորտֆելներ հանձնել, ասենք՝ Խուճուճ Էդոյին, Պահեստապետ Մուրադին, Իմակի Գագոյին Ալրաղացի Լյովիկին եւ այլոց։ Ինչեւէ, հարցն այս պարագայում Ա. Սարգսյանի շահերը պաշտպանելը չէ։ Խնդիրն ավելի շատ քաղաքական է եւ վերաբերում է օբյեկտիվ ճշմարտությանը։ Այդ ճշմարտությունից մեկն էլ այն է, որ Ա.Սարգսյանն այլեւս չի վստահում Գագիկ Ջհանգիրյանին, որին երբեւէ հավատացել եւ վստահել է։ Սա միայն նրա կարծիքը չէ։ Մայիսին ներքաղաքական պրոցեսներն ու ներիշխանական երկու հակադիր թեւերի նյարդամաշ հակամարտությունը, ի վերջո, լուծվեց հօգուտ նախագահ Քոչարյանի։ Արդյոք նախկին վարչապետի եւ նրա թիմակիցների վերաբերմունքն առ Գ.Ջհանգիրյանն այնպիսին կլիներ, ինչպես հիմա է, եթե մինչեւ մայիս ամիսը Գ.Ջհանգիրյանը հայտարարեր, որ Ռ.Քոչարյանը եւ նախկին մեղադրյալները 27-ի հետ առնչություն չունեն. դժվար թե։ Ով՝ ով, բայց գոնե Արամ Սարգսյանն ու նրա ընտանիքը հակված էին եւ են ոչ թե քավության նոխազներ ի հայտ բերել, այլեւ բացահայտել 27-ի իրական ոճրագործներին եւ այս հարցում քաղաքական շահարկումները բացառվում են։ Ինչեւէ, Ա.Սարգսյանի եւ շատ այլոց վերաբերմունքի կտրուկ փոփոխությունը Ջհանգիրյանի հանդեպ բացառապես պայմանավորված է միայն վերջինիս գործունեության անցյալի եւ ներկայի օբյեկտիվ գնահատականով՝ գունափոխությամբ։ Վերադառնալով Արամ Սարգսյանի՝ քաղաքական գործունեություն ծավալելու հնարավորությանն ու հեռանկարին, հարկ է նշել, որ նրա այս որոշումը ժամանակին եւ դեռ ուշացած է, առավել եւս, որ ինչպես, «Կայունություն» խմբի նախագահ Վարդան Այվազյանն ու այլոք նկատեցին, քաղաքական շրջանակներին նա արդեն ծանոթ է եւ անգամ համակրանք է վայելում։ Միաժամանակ, Ա.Սարգսյանն այն գործիչն է, որն իր անձով արդեն կարող է աշխուժացնել քաղաքական դաշտը։ Բացի այդ, նա հնարավորություն ունի ի մի բերել ԵԿՄ քաղաքական թեւի բեկորներին, որոնք ՀՀԿ անդամ լինելով դժգոհ են կուսակցության վարած քաղաքականությունից եւ նոր կուսակցության պոտենցիալ անդամներն են լինելու։ Բացի այս, քաղաքական դաշտում արդեն որոշակի կշիռ ունեցող ուժերը ոչ միայն բավական լոյալ վերաբերմունք ունեն Ա.Սարգսյանի հանդեպ, այլեւ ողջունում են նրա հնարավոր մուտքը քաղաքականություն։ Այսպես, ԱԺ ՀԿԿ խմբակցության անդամ Յուրա Մանուկյանն ասաց, թե՝ «Յուրաքանչյուր պարկեշտ մարդու մուտքը քաղաքականություն ես ողջունում եմ, առավել եւս, որ այդ մարդը հայրենասեր է եւ մտահոգված է երկրի ճակատագրով։ Ա.Սարգսյանին ես համարում եմ հենց այսպիսի մարդ»։ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, թե Ա.Սարգսյանի վերադարձը՝ նորմալ է։ «Ու թեեւ, չեմ կարծում, որ նրա գալով քաղաքական դաշտում արտառոց փոփոխություններ լինեն, բայց եթե նա լավ ծրագրեր ունի, պետք է փորձի իրականացնել։ Առայժմ նրան բացասաբար վերաբերելու պատճառ չկա։ Ես ընդհանրապես ողջունում եմ երիտասարդ գործիչների մուտքը քաղաքականություն»։ ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանն էլ նկատեց, թե ցանկացած ոք իրավունք ունի մասնակցել քաղաքական պրոցեսներին։ «Հարցը վերաբերում է Ա.Սարգսյանին, ուստի ես օրինականության մասին չեմ խոսում։ Հարց, որ վերջին օրերին կարեւոր է դարձել։ Քաղաքականություն մուտք գործող որեւէ գործչի դիտում եմ նախ իբրեւ պոտենցիալ դաշնակից ու նաեւ մրցակից։ Հանգամանքների բերումով վարչապետի պաշտոնում լինելով՝ նա փորձեց իր շուրջը համախմբել քաղաքական ուժերին եւ հարցեր քննարկել, բայց դրանք ավարտին չհասան։ Որպես անհատ բավականին անկեղծ է, բայց կարեւոր է, թե ինչ թիմով նա հանդես կգա»։ Ընդհանուր առմամբ տպավորությունն այն է, որ քաղաքական այն շրջանակները, որոնք կարող են Ա.Սարգսյանի պոտենցիալ դաշնակիցը լինել, մասնավորապես ՀԺԿ-ն, սպասում են նրա ավելի կոնկրետ քայլերին։ Քաղաքական որոշ գործիչներ էլ նկատեցին, թե Ա.Սարգսյանի շահերը պահանջում են ոչ թե շռնդալից, այլ ավելի հանդարտ եւ նախապատրաստված մտնել քաղաքականություն։ Դա նշանակում է՝ նախեւառաջ ձեւավորել կուսակցական տեղական ամուր կառույցներ եւ հետո միայն հայտարարել, որ դրա առաջնորդը Ա.Սարգսյանն է։ Հակառակ դեպքում, ինչպես ոմանք են պնդում, իշխանական ներկա համակարգը, որ համապատասխան տեխնոլոգիաների է տիրապետում, շատ հեշտությամբ կարող է վարկաբեկել եւ խոչընդոտել նախկին վարչապետի մուտքը քաղաքականություն։ Առայժմ այդ գործողություններն իրենց արտացոլումն են գտնում իշխանամետ մամուլում։ Այստեղ Ա.Սարգսյանի հասցեին արվող քննադատությունների հաճախականությունը յուրատեսակ ինդիկատոր է այն իմաստով, թե իշխանությունները որքանո՞վ են իրենց համար վտանգավոր համարում նախկին վարչապետի մուտքը քաղաքականություն։ Հետեւենք դրան։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել