Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 09,2000 00:00

«ՀՐԱՅՐ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ ՔԱՅՔԱՅԵՑ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆՍ» Ղազար Ղազարյանի (ծնված 1955 թ. Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղում) առողջական վիճակը գնալով վատանում էր։ 1998-ի հոկտեմբերին «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում ստուգվելուց հետո թերապեւտիկ բաժանմունքի վարիչ Շահեն Խաչատրյանը նրան առաջարկում է շտապ վիրահատվել եւ փոխել սրտի աորտալ փականը։ «Լսել էի ամերիկահայ նշանավոր վիրաբույժ Հրայր Հովակիմյանի մասին։ Լսել էի նաեւ, որ նա օգտագործում է միայն արտասահմանյան փականներ»,- պատմում էր Ղազարյանը, որը դժվարությամբ հայթայթելով վիրահատության անհրաժեշտ գումարը (այն արժե 4000 դոլար, սակայն որպես սահմանամերձ գյուղի բնակիչ նրան համաձայնել էին վիրահատել 2700 դոլարով), շտապում է վիրահատության։ Հրայր Հովակիմյանն առաջարկեց դնել արհեստական փական, որի տեւողությունը 100 տարի է, իսկ հիվանդը ողջ կյանքում պետք է ֆենիլին օգտագործի։ «Հետաքրքրվեցի՝ ո՞ր երկրի արտադրության փական է դնելու։ Չպատասխանեց, միայն ասաց, որ ամեն ինչ լավ կլինի եւ, որ յուրաքանչյուր բժիշկ ունի իր մասնագիտական գաղտնիքը։ Հոկտեմբերի 27-ին վիրահատվեցի, նոյեմբերի 3-ին դուրս գրեցին»։ Ղազարյանի պատմության շարունակությունը հարմար ենք գտնում պարզապես մեջբերել. «99-ի հունվարի 20-ին ես եւ քույրս գնացինք Երեւան։ Որոշեցի բաժնի վարիչի համար մի համեստ նվեր տանել, քանի որ Վիլեն Մանուկյանն ինձ որոշ հարցերում օգնել էր։ Նրան ասացի, որ իր համար եղնիկ եմ նվեր բերել։ Նա ասաց, թե ինչո՞ւ եմ նեղություն քաշել, հետո էլ թե՝ ոչինչ, մի քանի օրից իմ ծնունդն է։ Ինչո՞ւ եմ սա պատմում, որպեսզի ասեմ, թե ինչպես բացվեց սրտի ինքնաշեն փականների գաղտնիքը։ Վիլենը ինչ-որ մի վարորդի հետ ինձ ուղարկեց իրենց տուն։ Եղնիկին մաշկելուց հետո ես եւ ոմն Էդիկ Գալստյան շարունակեցինք մեր ճանապարհը։ Վարորդը իմանալով, որ հիվանդը ես եմ, ասաց, որ վրայիցս չի երեւում։ Էդիկը հետաքրքրվեց, թե ինչ կլապան է դրված սրտիս վրա։ Ասացի՝ արտասահմանյան։ Էդիկը՝ համոզվելով, որ ես իրո՛ք ինձ լավ եմ զգում, մի փոքր մտածելուց հետո ասաց, որ սրտիս վրա դրված կլապանը մեր արտադրանքն է։ Նա հպարտացավ, որ 98-ի սեպտեմբերի 1-ից հետո բոլոր արհեստական կլապանները մեր սարքածն են, բայց վրան գրված է «MUKC»։ 99-ի փետրվարի 10-ին Ղազարյանը դարձյալ վատանում է։ Բուժող բժիշկ Շահեն Խաչատրյանը ստուգելով նրա վիճակը ասել է, որ փականի թելերից մեկը պոկվել է։ «Գնացի Վիլեն Մանուկյանի մոտ, որը պարզապես ասաց՝ պատրաստվիր երկրորդ վիրահատությանը։ Հետաքրքրվեցի, թե ինչո՞ւ էին սրտիս մոսկովյան արտադրության փական դրել, ոչ թե արտասահմանյան, պատասխանեց, որ մենք Ամերիկային 180 հազար դոլար ենք պարտք, դրա համար»։ Հրայր Հովակիմյանը, որն էլ հենց կատարել էր նախորդ վիրահատությունը, Ղազարյանին հանգստացրել է. «Արի նորից վիրահատեմ, այս անգամ ավելի ուշադիր կլինեմ»։ 1999-ի ապրիլի 6-ին Ղազարյանը երկրորդ անգամ է վիրահատվում։ Պալատ տեղափոխվելուց հետո նա Հրայր Հովակիմյանից հետաքրքրվել է՝ հնարավո՞ր է, որ փականի թելը այս անգամ էլ պոկվի (ի դեպ, երկրորդ վիրահատությունը եւս մոսկովյան արտադրության փականով էր), վերջինս էլ այսպես է սփոփել. «Եթե մինչեւ չորս ամիսը չպոկվի, էլ չի պոկվի»։ «Չորս ամիս անց, օգոստոսի վերջերին ես դարձյալ շատ վատ էի զգում եւ թույլ էի,- պատմում է Ղազարյանը,- չէի կարողանում քայլել, ճնշումս ընկել էր։ Սեպտեմբերի 20-ին նորից ստուգման գնացի»։ Հրայր Հովակիմյանը գործիքով ստուգել է հիվանդի սիրտը եւ նկատել, որ դարձյալ պոկվել է փականի թելերից մեկը. «Այդ ժամանակ հաստատ համոզվեցի, որ երկրորդ անգամ էլ են սրտիս վրա դրել Հրայր Հովակիմյանի եւ Էդիկի պատրաստած կլապանը»։ Հրայր Հովակիմյանը իր այս ձախողումը բացատրել է նրանով, որ մոսկովյան արտադրության փականն անորակ է, «մեջը երկաթ կա, կոպիտ է աշխատում, դրանից էլ պոկվում են կլապանի թելերը»։ Անցնում է երկու ամիս, Ղազարյանի վիճակն ավելի է վատանում։ Հրայր Հովակիմյանը նրան երրորդ վիրահատության առաջարկություն է անում՝ խոստանալով, որ այս անգամ դնելու է բրազիլական արտադրության կամ մարդու փական։ Նոյեմբերի 15-ին Ղազարյանին երրորդ անգամ են վիրահատում։ «Եվ այս անգամ էլ սրտիս վրա դրեց ոչ թե արտասահմանյան արտադրության, այլ իրենց պատրաստած կլապանը, «ինձ կարկատեց» եւ նոյեմբերի 26-ին դուրս գրեց։ Այդ օրվանից մինչեւ հիմա ես ավելի վատ եմ զգում, քան մինչեւ առաջին վիրահատությունը։ Ամբողջ մարմինս սառն է, թույլ եմ, ունենում եմ սրտի առիթմիաներ։ Երբ դիմում եմ իրենց, ասում են՝ դե, երեք անգամ վիրահատվել ես, էդպես էլ պետք է լինի։ Չնայած ճանաչված վիրաբույժ Հրայր Հովակիմյանին Աստծո տեղ էի դրել, սակայն իմ երեք վիրահատություններից եւ ոչ մեկի ժամանակ նա չդրեց սրտի արտասահմանյան կլապան՝ այդպիսով քայքայեց առողջությունս, իմ վրա փորձարկեց իր սարքած կլապանները՝ ինձ դարձնելով հաշմանդամ։ Ես նրանից, արդեն դատական եղանակով, պահանջելու եմ վերադարձնել անփութորեն քայքայված առողջությունս»։ Պատ. ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆԸ Լուսանկարում ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆՆ է Հ. Գ. «Առավոտը» ուշադրությամբ կհետեւի դատական պրոցեսին եւ ընթերցողին անպատճառ տեղյակ կպահի դրա ելքի մասին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել