Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 11,2000 00:00 Share

«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ՝ ԸՆԴԴԵՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ» Ահաբեկչությունն իբրեւ երեւույթ, անկախ շարժառիթներից, էթնիկական, կրոնական, թե՞ ազատագրական ուղղվածությունից, համամարդկային չարիք է, որի դեմ պայքարում է միջազգային առաջադեմ հանրությունը։ Այս տարվա սեպտեմբերին գրանցվեց նոր հասարակական կազմակերպություն՝ «Հասարակությունն ընդդեմ ահաբեկչության»։ Այս առիթով մենք զրույցի հրավիրեցինք կազմակերպության հիմնադիր Տիգրան Հակոբյանին։ -Պարոն Հակոբյան, արդյո՞ք հոկտեմբերի 27-ով է պայմանավորված կազմակերպության հիմնադրումը։ «Հասարակությունն ընդդեմ ահաբեկչության» անունն արդեն հուշում է կազմակերպության նպատակների մասին, բայց որո՞նք են այն մեխանիզմները, որոնք հնարավորություն են տալու պայքարել այս երեւույթի դեմ։ – Իսկապես, կազմակերպություն ստեղծելու մտահղացումը ծնվեց հոկտեմբերի 27-ից հետո։ Բայց միայն պաշտոնանկությունից հետո, արդեն մայիսի վերջին, մեծ դժկամությամբ ձեռնամուխ եղա այս ծրագրի իրագործմանը։ Դժկամությամբ, քանի որ հասարակական կազմակերպությունների դաշտ մտնելու ցանկություն չեմ ունեցել։ Երբ հաստատ որոշեցի այդպիսի կազմակերպություն ստեղծել, զրուցեցի մի շարք հեղինակավոր անձանց հետ, համապատասխան գրականություն ուսումնասիրեցի, զգացի, որ ահաբեկչությունն, իրոք, գլոբալ երեւույթ է, որը մարտահրավեր է նետել ամբողջ աշխարհին, եւ մասնավորապես, Հայաստանին։ Ցավոք, սրա վտանգը լիովին չի գիտակցվում մեր հասարակության եւ քաղաքական ուժերի կողմից այնպես, ինչպես դեռեւս ողջ լրջությամբ չի ընկալվել հենց հոկտեմբերի 27-ը։ Վերջինս առայժմ գնահատվում է իբրեւ արտառոց դեպք, որի մեղավորները կպատժվեն, կազմակերպիչները կամ կբացահայտվեն, կամ ոչ, իսկ 27-ը կմնա որպես պատմության սեւ էջ։ Մինչդեռ հայ հասարակության մի զգալի հատված ահաբեկչությունն ու նաեւ էքստրեմիզմը պատրաստ է ընդունել իբրեւ ազնիվ նպատակներ իրագործելու միջոց։ Այդ են ապացուցում վերջերս անցկացված սոցհարցումների արդյունքները։ Ինձ համար դրանք շշմեցուցիչ են, բայց, ըստ այդմ, Հայաստանում հասարակության մինչեւ 25 տոկոսը, այս կամ այն կերպ, արդարացնում է Նաիրի Հունանյանի գործողությունները՝ իբրեւ արդարություն հաստատելու միջոց։ Մեր կազմակերպությունում հավաքվել են մարդիկ, ովքեր բացառում են ահաբեկչությունը՝ որպես քաղաքական հարցեր լուծելու միջոց։ Կազմակերպությունը բաց է բոլոր նրանց համար, ովքեր կիսում են այս մոտեցումը։ Մենք առայժմ նախապատրաստական աշխատանքներ ենք տանում՝ առաջիկայում ավելի ակտիվ գործունեություն ծավալելու համար։ Առաջին հերթին, անշուշտ, կարեւորում ենք հասարակության հետ շփումները, քարոզչական աշխատանքը եւ այլն։ Նպատակ ունենք այս երեւույթի շուրջ սեմինարներ կազմակերպել, բանավեճ ծավալել, որի ընթացքում կփորձենք «դեղամիջոցներ» գտնել ահաբեկչության եւ էքստրեմիզմի դեմ պայքարելու համար։ – Քանի որ Դուք եք գլխավորում կազմակերպությունը, կարող է տպավորություն ստեղծվել, թե այստեղ հավաքվել են «նախկիններին» հարող գործիչներ։ – Ես հասկանում եմ ձեր հարցի ենթատեքստը եւ չէի ցանկանա, որ որեւէ մեկը այս կազմակերպության ստեղծման մեջ քաղաքական ենթատեքստ տեսներ։ Սա հասարակական կազմակերպություն է, քաղաքական հայացքներն այս պարագայում էական չեն։ Ավելին, մեր կազմակերպությունն իր խնդիրն է համարում ահաբեկչությունից պաշտպանել նաեւ իշխանություններին՝ անկախ այն բանից, թե ով է այսօր այն գլխավորում։ Կազմակերպությունն իր խնդիրն է համարում նաեւ պայքարել չհամակարգված, մարգինալ ընդդիմության դեմ։ Բանն այն է, որ Հայաստանում, ինչպես բոլոր այն երկրներում, որոնք քաղաքական ազատություն են ստացել տոտալիտար համակարգում երկար գոյատեւելուց հետո, ընդունված է հասարակության դժգոհության բոլոր պատճառները իշխանությունների մեջ տեսնել եւ արդարացնել նրանց դեմ ուղղված ընդդիմության բոլոր՝ արմատական, էքստրեմիստական գործողությունները։ Հիշեք 1991-ից սկսած ընդդիմության քայլերը. օրինակ՝ հայ երիտասարդները կռվում են Գետաշենում, իսկ Պարույր Հայրիկյանը հանրահավաքներում կոչ է անում փախչել բանակում ծառայելուց: Եվ ժողովուրդը սիրում էր Հայրիկյանին։ Դա՝ երեկ։ Արկադի Վարդանյանը որեւէ պոզիտիվ ծրագիր չներկայացնելով՝ հայհոյանքի վրա կառուցված ճառերով գրավում է տասնյակ հազարների ուշադրությունը, եւ ժողովուրդը սիրում է նրան։ Դա այսօր։ Դեստրուկտիվ ընդդիմությունը, որն էքստրեմիստական կոչեր է անում, կոշտ քննադատության պետք է ենթարկվի եւ պարտադրված լինի իր գործողությունները կարգավորել օրենսդրական դաշտում։ Այսինքն, չի կարելի այս կազմակերպությունն ընկալել իբրեւ ընդդիմադիր կամ ոչ ընդդիմադիր։ Այն կոչված է ահաբեկչության դեմ պայքարելու։ Իսկ, որ ահաբեկչությունը խոր արմատներ ունի հայ հասարակության մեջ՝ փաստ է։ Հայկական ահաբեկչությունը պետականություն եւ համապատասխան այլ միջոցներ չունենալու պայմաններում ժամանակին ընկալվեց որպես թուրք դահիճների դեմ պայքարի միջոց։ Սակայն, ինչպես տեսնում ենք, այն տրանսֆորմացվեց ահաբեկչության՝ սեփական իշխանությունների, քաղաքական ուժերի եւ ժողովրդի դեմ։ Դրա օրինակն են 27-ը, մարտի 22-ը, մի շարք պետական պաշտոնյաների քաղաքական սպանությունները։ Խնդրեմ, վերջերս, ՀՕՄ-ի գրասենյակում տեղի ունեցած պայթյունը։ Դուք կարող եք որակել դա որպես խուլիգանություն, իսկ ես որակում եմ որպես տեռորիստական ակտ։ Պակաս կարեւոր չէ այն հանգամանքը, որ ահաբեկչության դեմ պայքարում բացառվեն դրա նկատմամբ մոտեցման երկակի ստանդարտները։ Միջազգային հանրությունը, որի մասն է կազմում նաեւ Հայաստանը, դատապարտում է ահաբեկչությունն անկախ դրա դրդապատճառներից։ – Կարծում եք Հայաստանում ահաբեկչության դեմ պայքարն օրախնդի՞ր հարց է։ – Հայաստանում այսօր պարարտ հող կա ահաբեկչական գործողությունների համար։ Ընդհանրապես ահաբեկչության, բռնությունների համար պարարտ հող է այն հասարակությունը, որի ակնկալիքները երկրի բարեփոխումներից չեն արդարացել։ Նրա սպասումները սկսում են փոխակերպվել իրականությունն արմատական կամ ծայրահեղական մեթոդներով շտկելու ցանկության։ Ցավոք, հասարակության ընկալմամբ սրան էին ուղղված նաեւ Նաիրի Հունանյանի խմբի գործողությունները։ Այն մեծ տոկոսը, որ կարծում է, թե Հայաստանում ահաբեկչությամբ հնարավոր է ինչ-որ հարցեր լուծել, պետք է նվազի, եւ հասարակական կազմակերպություններն այս ուղղությամբ պետք է ջանքեր ներդնեն։ Հակառակ դեպքում դրա արդյունքը կարող են լինել քաոսը կամ բռնապետության հաստատումը։ – Իսկ հասարակական կազմակերպությունն իր ուժերով կարո՞ղ է ահաբեկչության դեմ արդյունավետ պայքար ծավալել առանց պետական համակարգի աջակցության։ – Երբ պատրաստ լինի կազմակերպության գործունեության ծրագիրը, մենք, հավանաբար, համագործակցության համար կդիմենք այն պետական հաստատություններին, որոնք կարող են ուղղորդել մեր գործունեությունը, օժանդակել ու նաեւ որոշակի ակնկալիքներ ունենալ մեզանից։ Բնականաբար, միայն հասարակական կազմակերպությունն ի վիճակի չի լինի առանց պետական օժանդակության պայքարել ահաբեկչության դեմ, մնում է միայն, որ այս հարցը չքաղաքականացվի։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930