
ՄԵԿ ՓԱՄՓՈՒՇՏԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ Պատկերացնենք մի սցենար. հավաքված մարդկանց բազմությանը (պայմանականորեն անվանեք ամբոխ) մոտենում է մի մարդ՝ ձեռքին հրացան, փամփշտակալի մեջ ընդամենը մեկ փամփուշտ։ Այդ մարդուն էլ պայմանականորեն անվանենք հրացանավոր։ Մոտենալով ամբոխին՝ սկսում է հայհոյել եւ սպառնալ։ Ո՞րն է լինում ամբոխի անմիջական ռեակցիան. նախ, փորձում է պատասխանել հասցված վիրավորանքներին եւ, անգամ, հարձակվել հրացանավորի վրա։ Հրացանավորին մնում է կամ փախուստը, կամ էլ կրակ բացելը ամբոխի ամենաագրեսիվներից մեկի վրա՝ մյուսներին սաստելու ակնկալիքով։ Այդպես էլ վարվում է մեր բախտախնդիր հրացանավորը։ Ի՞նչ կարող է կատարվել հետագայում (եթե հաշվի առնենք, որ դեպքը կատարվել է Հայաստանում)։ Ամբոխը, տեսնելով ամենաուժեղի արնաշաղախ վիճակը, մի պահ կանգ է առնում, սակայն դեռ պատրաստ չէ հաշտվել կատարվածի հետ, հետագա հարձակումը վտանգավոր է համարում։ Պայքարը, անշուշտ, մի քանի կյանք կխլի։ Հանդարտվելուց հետո՝ նախ շարքի մեջ գտնվող մի խումբ մարդիկ կփորձեն աննկատ փախչել, մյուսները՝ մտածել, որ հետագա հարձակումն անիմաստ է, քանի որ աչքի առաջ կատարվածը դա է վկայում։ Մի քանիսը կմտածեն, որ եթե զոհվածի մտերիմները չեն հարձակվում, իրենք ինչո՞ւ պետք է ռիսկի դիմեն։ Կգտնվեն մարդիկ, ովքեր կմտածեն, որ հրացանավորի հայհոյանքները իրենց հասցեագրված չէր։ Պաուզան, հօգուտ հրացանավորի է, քանի որ, նախ, զգացել է իր իշխանությունը ամբոխի վրա եւ հետո նա առանձնապես ելք էլ չունի չշարունակելու. կա զոհ եւ խուսափել պատասխանատվությունից՝ իրեն չի հաջողվի։ Կարճ դադարից հետո ամբոխի մեջ կգտնվեն մարդիկ, ովքեր իրենց մաշկը փրկելու համար կփորձեն իրենց ծառայությունն առաջարկել հրացանավորին՝ ասելով, որ սրանց մի մասին իրենք կխաղաղեցնեն, մեկ է, սրանք այդքան հայհոյանք լսելուց հետո որ չպատասխանեցին, սրանք ո՞վ են, որ չենթարկվեն (շարքի մեջ կարգուկանոն հաստատողներին պայմանականորեն անվանենք պոլիցայներ)։ Այդ տարբերակը, ինչ խոսք, ձեռնտու է հրացանավորին, քանի որ նա այլեւս փամփուշտ չունի եւ ուշ թե շուտ դա կպարզվի, իսկ այս դեպքում նա շանս է ստանում կարգուկանոն հաստատել ուրիշների ձեռքով։ Ակնհայտ է, որ պոլիցայը պետք է համոզի ամբոխին, որ դիմադրությունն անիմաստ է, որ ինքը ամբոխի համար է մտահոգված։ Իսկ նրանք, ովքեր իրենց լավը չեն հասկանում, դաժանորեն կպատժվեն, այս դեպքում արդեն պոլիցայի կողմից։ Պոլիցայը նախ պետք է ապացուցի իր նվիրվածությունը հրացանավորին, բացի դրանից իրեն էլ է սկսում դուր գալ իր իշխանությունը՝ թեկուզ ամբոխի մի մասի վրա։ Հրացանավորը գիտի, որ ինքը կրակելու հնարավորություն չունի եւ այս թվացյալ կարգուկանոնը, ուշ թե շուտ, ավարտվելու է։ Նույնիսկ հասկացնել է տալիս ամբոխին, որ եթե իրենց լավ պահեն, ինքը արդեն կարող է հեռանալ, քանի որ ի սկզբանե իր նպատակը կարգուկանոն հաստատելն էր։ Պոլիցայները հայտնվում են շատ վատ վիճակում. նախ կորցնելու են իրենց իշխանությունը եւ հետո ստիպված են լինելու պատասխան տալ ամբոխին իրենց արածների համար։ Բացի դրանից, նրանք չեն պատրաստվում հեռանալ հրացանավորի հետ միասին։ Ի՞նչ է մնում անելու պոլիցայներին. համոզել հրացանավորին, որ նա չհեռանա։ Պոլիցայները ջանասիրաբար համոզում են ամբոխին, որ հրացանավորը փամփուշտ ունի, որ իրենք դրա մասին նախապես գիտեին, դրա համար էլ չպայքարեցին եւ իրենք էլ ամբոխին հեռու պահեցին հետագա արյունահեղությունից։ Պոլիցայները սկսում են համոզել հրացանավորին, որ վերջինս հաստատի փամփուշտ ունենալու փաստը։ Անշուշտ, հրացանավորը վստահեցնում է, որ փամփուշտ ունի եւ վճռական է տրամադրված նորից կրակելու համար։ Կասկածն ընկնում է նաեւ պոլիցայների սրտերը. նրանք արդեն հրացանավորի հրացանը վերցնելու եւ ամբոխին կառավարելու պլաններ են մշակում, քանի որ հրացանավորի հեռանալուց հետո ամբոխն անկառավարելի կդառնա, իրենք էլ չեն խուսափի պատժից։ Պոլիցայներից յուրաքանչյուրը մտածում է նախաձեռնությունը ձեռքից բաց չթողնել, քանի որ դա կարող է անել մեկ ուրիշ պոլիցայ։ Պոլիցային մնում է համոզել ամբոխին, որ ինքը ոչ թե հրացանավորի ներկայացուցիչն է, այլ ամբոխի ծոցից ելածը, եւ որ ինքն այս ամենն արել է հրացանավորի վստահությանն արժանանալու համար, որպեսզի հարմար պահի ամբոխի աջակցությամբ գահընկեց անի հրացանավորին։ Պոլիցայը չափազանց կարեւորում է այն հանգամանքը, որ իր տիրապետության տակ գտնվողները օգնեն իրեն իշխանությունը վերցնելու հարցում, քանի որ դա կարող են անել ուրիշ պոլիցայներ։ Լինո՞ւմ են կյանքում նման դեպքեր։ Իհարկե։ Պատմությունից հայտնի է, թե ինչեր են կատարվել Ստալինի օրոք։ Ամենաաննշան հանցանքի համար կարող էին մարդուն գնդակահարել կամ աքսորել։ Եվ ինչո՞ւ միայն հանցանքի. ասենք մի խուլ գյուղի գյուղացու կարող էին տրոցկիստ անվանել, խեղճն անգամ չգիտեր Տրոցկին բույսի տեսա՞կ է, թե՞ մարդու անուն, բայց տրոցկիստ էր։ Չեմ ուզում մեղադրել այն մարդկանց, ովքեր հնազանդ ծառայում էին ստալինյան ռեժիմին, ի՞նչ կարող էին անել, չհնազանդվեին՝ իրենց էլ կսպանեին կամ կաքսորեին։ Դատապարտենք այն ժամանակները, բայց օբյեկտիվորեն ընդունենք, որ ոչ ոք դրա դեմն առնել չէր կարող եւ, չգիտենք, եթե մենք լինեինք՝ արդյո՞ք չէինք ենթարկվի։ Սակայն խոսքս սրա մասին չէ։ Պատմությանը հայտնի են դեպքեր, երբ հայկական գյուղերից նամակներ են գնացել «վերեւները»՝ խնդրանքով, որ իրենց գյուղին իջեցված տրոցկիստի պլանը իրենք կատարել են, բայց գյուղում մի տրոցկիստ էլ է մնացել, եւ խնդրում են լրացուցիչ տեղ իջեցնել իրենց գյուղի համար։ Ո՞վ կարող է լինել այդ արտապլանային տրոցկիստը։ Երեւի մի հաջողակ պոմիդոր աճեցնող, որի ապրանքը շուկայում ավելի լավ է վաճառվում, քան իր վրա գրող հարեւանինը։ Հարյուրհազարավոր բռնադատվածների փաստի հետ մի կերպ հաշտվում եմ՝ այն վերագրելով դաժան ժամանակին, սակայն ոչ մի կերպ չեմ հաշտվում այդ մեկ «տրոցկիստի» մահվան հետ, քանի որ այդ մեկի կյանքը մենք ենք խլել։ Ամոթ եմ զգում այդ մեկի հիշատակի առաջ, քանի որ մեծ արհավիրքին ոչ միայն հաշտվել ենք, այլ Ստալինի ամենազոր ձեռքով մեր անձնական մանր հաշիվներն ենք լուծել։ Ասել է թե, այդ խաղը մեզ դուր է եկել եւ մեզ խաղացող ենք զգացել այդ խաղադաշտում։ Ո՞ր հայը չի դատապարտում Հայոց ցեղասպանությունը։ Ինչպե՞ս կարելի է մոռանալ այդ ոճրագործությունը։ Փորձում ենք ողջ աշխարհի ուշադրությունը հրավիրել կատարվածի վրա։ Բայց ուզում եմ անդրադառնալ այդ ժամանակներում կատարված մեկ այլ փաստի։ Պատմությունից հայտնի է, որ Արեւմտահայաստանի քաղաքներում, ուր հայերը բնակվում էին այլ ազգերի հետ, եղել են դեպքեր, երբ թուրքերը պատահաբար հայերի տներ մտնելով, հարցրել են, թե այս փողոցում որտե՞ղ են հայեր ապրում։ Հայը ցույց չի տվել, որ ինքը հայ է եւ մատնացույց է արել մեկ ուրիշ հայի տուն։ Ո՞վ էր այն հայը, որին մատնացույց են արել. երեւի կոշկակար, որի կարած կոշիկները ավելի լավ էին վաճառվում։ Չէ՞ որ բացառիկ շանս է առաջացել իր մրցակից կոշկակարին Թալեաթի ձեռքով շարքից հանել։ Խոսքս ոչ թե Ստալինի դեմ պայքարելու մասին է, այլ, եթե մարդը պատրաստ է մեծ քաղաքականությունն իր մանր շահերին ծառայեցնել, նրան մեկ փամփուշտ ունեցող հրացանավորն էլ հերիք է։ Ինչպիսի՞ վերջաբան կունենա մեր հրացանավորի պատմությունը. նույնպիսի անհեթեթ վերջաբան, ինչպիսի անհեթեթ սկիզբ ուներ։ Ուղղակի, որքան ձգձգվի այդ պատմության ավարտը, այնքան վերջաբանն ավելի անհեթեթ կլինի, քան սկիզբը։ Եվ անգամ ամբոխի մեջ կգտնվեն մարդիկ, ովքեր կասեն, թե եթե որեւէ անարժան պոլիցայ պետք է իշխանությունը գրավեր (իսկ դրա հավանականությունը շատ մեծ է, քանի վերջինս հաջողությամբ կօգտվի իր երկակի ֆունկցիայից, բացի դրանից նա ունի բավարար ինֆորմացիա թե՛ այստեղից, թե՛ այնտեղից, որպեսզի պահը ճիշտ ընտրի այս թեւից այն թեւ անցնելու համար), էլ ի՞նչ կարիք կար պայքարելու. ոնց որ ամեն ինչ իր տեղում էր՝ հրացանավորը կար, պոլիցայների իշխանությանն էլ արդեն հարմարվել էինք, մեկ է, համոզվեցինք, որ հաջորդն ավելի վատը դուրս եկավ, ո՞րն էր այդ դեպքում այս անտեղի ցնցումների իմաստը, էլ չենք խոսում ավելորդ զոհերի մասին։ Ուզում եմ յուրաքանչյուրս մեզ համար հետեւություն անենք՝ հրացանավո՞ր ենք, պոլիցա՞յ, թե՞ ամբոխի պասիվ անդամ։ Եթե մեզնից յուրաքանչյուրը տեղավորվում է այս կատեգորիաների մեջ, ուրեմն մենք այս վիճակից շուտ դուրս գալու տարբերակ չունենք, կամ էլ եթե նույնիսկ դուրս գանք, ավելի վատ վիճակում ենք հայտնվելու։ Իսկ եթե մեզ արժանապատիվ մարդ ենք համարում եւ գտնում, որ մեր նման մարդկանց մասին այս պատմության մեջ ոչինչ չասվեց, մինչդեռ մեր նմանները կան եւ քիչ չեն հասարակության մեջ, պետք է համոզված լինենք, որ մեկ փամփուշտ ունեցող հրացանավորի դեմ պայքարելու համար մեկ արժանապատիվ մարդն էլ բավական է։ Եթե չի գտնվում մեր շարքերում թեկուզ այդ մեկը, ուրեմն հաջորդ անգամ մեզ հնազանդեցնելու համար ոչ թե մեկ փամփուշտ է հարկավոր, այլ անգամ ասելը, որ տանը այդ փամփուշտը կա, կարող է գնալ ու բերել, ավելի լավ է՝ չգնա, հասնի տուն. ուղղակի ամբոխը հավատա իրեն եւ անմիջապես հնազանդվի։ Ժամանակին Մատրոսովի օրինակին հետեւող Հունան ունեինք, եւ նրա շնորհիվ կարող էինք թշնամու կրակակետը լռեցնել, իսկ այսօր «անօրինակ» Հունանյան ունենք, որի շնորհիվ կարող են ամբողջ ժողովրդին լռեցնել։ Մի՞թե յուրաքանչյուր արարք հենց հայկական է դառնում՝ «յան»-ով վերջանում, այսպիսի ձեւ է ստանում։ ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ


















































