Հարկերը հավաքվել են փոքր եւ միջին հարկատուների հաշվին Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կառավարության երեկվա նիստը սկսեց շնորհավորանքով՝ նշելով, որ վերջին 10 տարիների համար աննախադեպ քայլ է, երբ հունվարին հավաքվում է 9,5 մլրդ դրամ հարկ։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել պետեկամուտների նախարար Անդրանիկ Մանուկյանին՝ բյուջեն լցնելու համար եւ ցավով նկատել, որ մյուս նախարարներն առանձնապես ջանք չեն գործադրում այդ ուղղությամբ։ Պրն Մանուկյանի պնդմամբ, հարկերի հավաքագրման նման արդյունքները պայմանավորված են նրանով, որ «երկրի տնտեսությունը գործում է, եթե չգործի, պարզ է, այդքան հարկեր չեն հավաքվելու։ Եվ մյուս կողմից էլ նշում եմ պետական եկամուտների նախարարության դրական աշխատանքն այդ ուղղությամբ»։ Որն է գաղտնիքը, արդյո՞ք առավել խոշոր հարկատուները հրաշքով պարտաճանաչ դարձան։ Ըստ նախարարի՝ ոչ։ Պարզվում է՝ ամենաանպարտաճանաչը կրկին առավել խոշորներն են, եւ հունվարի հարկերը հավաքագրվել են բացառապես փոքր եւ միջին հարկատուների հաշվին։ Արդյո՞ք ճնշումներ եղել են հարկատուների վրա։ Հարցը Անդրանիկ Մանուկյանը չհասկացավ. «Այսինքն ի՞նչ ճնշում, ծեծե՞լ ենք, թե՞ ինչ… Ոչ մի այդպիսի բան։ Առաջին ամիս մեղադրում էիք՝ կանխավճար, երկրորդ ամիս՝ կանխավճար, երրորդ ամիս՝ կանխավճար։ Էդ կանխավճարը ի՞նչ է, գիտե՞ք։ Ոնց կարող է կանխավճար լինել։ Մարդիկ, ի վերջո, աշխատում են»։ Անդրանիկ Մանուկյանը վստահ է, որ փետրվար ամսին ավելի շատ հարկ կհավաքվի։ Խոշոր հարկատուներից պետեկամուտների նախարարությունը դժգոհ է. «Նրանք այս ամիս գրեթե վճարումներ չկատարեցին, որովհետեւ հունվարին նրանք իրենց աշխատանքային գործունեությունը սկսեցին 15-ից հետո»։ Պետեկամուտների նախարարը ուզում է, որ պետական պաշտոնյաները հայտարարագրեն եկամուտները, գույքը, իրենց կատարած ծախսերը եւ կարեւորում է եկամուտների հայտարարագրման մասին օրենքի ընդունումը։ Ներկայումս Հայաստանի պետական պաշտոնյաներից ո՞ր մեկը հանգիստ խղճով կհայտարարագրի իր եկամուտները. «Հարցը տվեք պետական պաշտոնյաներին։ Ես հանգիստ խղճով հայտարարագրում եմ»,- հայտարարեց պրն Մանուկյանը։ Մ. ԵՍԱՅԱՆ


















































