Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի տնտեսության մասին խոսելիս մեր չինովնիկները հաճախ են սիրում կրկնել, թե կայացած բանկային համ

Փետրվար 10,2001 00:00

Ո՞ՒՄ Է ՁԵՌՆՏՈՒ ԲԱՆԿԵՐԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանի տնտեսության մասին խոսելիս մեր չինովնիկները հաճախ են սիրում կրկնել, թե կայացած բանկային համակարգ ունենք։ Իսկ Կենտրոնական բանկի վարչություններից մեկի՝ 20-25 տարեկան լավ սափրված ու օծանելիքով բուրող պետը (կարեւոր չհամարեցինք հիշել նրա անունը) սեմինարներից մեկի ժամանակ, ԿԲ-ի մասին խոսելիս, գյուտ արեց. «Դե… ո՞նց բացատրեմ Կենտրոնական բանկի դերը էսօրվա Հայաստանի տնտեսությունում։ Ոնց որ սպիտակ սմոքինգով մեկը կանգնած լինի աղբի մեջ»։ Թե ինչպես է այդ մեկին հաջողվել սպիտակ սմոքինգը պահպանել աղբի մեջ՝ վիճելի հարց է։ Սակայն փաստ է, որ, լավ թե վատ, ժամանակին ստեղծվել է բանկային համակարգ։ Հիմա հարց է առաջանում, թե արդյո՞ք պահպանվել է ստեղծված այդ բանկային համակարգը կամ թե (որն ավելի ռեալ է) ցանկանո՞ւմ են արդյոք պահպանել եղածը։ Այս հարցերին պատասխանելն այդքան չէր դժվարանա, եթե առեւտրային բանկերի պաշտոնյաները չխուսափեին հրապարակային խոսելուց։ 2000թ. ավարտվեց, արդեն ավարտվում է ընթացիկ տարվա երկրորդ ամիսը, սակայն տարեկան հաշվետվությունները տպագրելուց բացի (ինչը չանել չէին կարող), որեւէ առեւտրային բանկի նախագահ ոչ միայն մամուլի ասուլիս չհրավիրեց (ինչն անում էին անցած տարիներին), այլեւ անգամ հարցազրույցների չի համաձայնում։ Ընդ որում, նման գործելաոճը գալիս է ԿԲ-ից։ Վերջինիս նախագահ Տիգրան Սարգսյանն էլ հարկ չհամարեց հրապարակայնորեն ամփոփել անցած ֆինանսական տարին (ինչն, ի դեպ, արեցին բոլոր նախարարները. դե, իհարկե, ԿԲ-ն անկախ է կառավարությունից)։ Իհարկե, մենք էլ գիտենք, որ բանկային համակարգը շատ զգայուն է եւ ցանկացած փոքրիկ ակնարկ կարող է իր անմիջական ազդեցությունը թողնել համակարգի վրա։ Սակայն, ի տարբերություն բանկիրների, չենք կարծում, թե պետք է լռել ծածուկ կատարվող գործընթացների մասին։ Գրեթե բոլոր բանկերի պաշտոնյաները գիտեն, որ ԿԲ-ն տնտեսական նորմատիվների դաշտում փոփոխություններ է պատրաստում (ի դեպ, ժամանակին արված մեր հարցմանը՝ ԿԲ տեղեկատվական կենտրոնը հերքել էր այդ լուրը), սակայն որեւէ մեկը չի ցանկանում բարձրաձայնել այդ մասին։ Բանկերը ինչ-որ սպասումների մեջ են։ Հավանաբար մտածում են, թե ԿԲ նախագահի հետ լեզու կգտնեն, ու այդ փոփոխությունը իրենց կողքով կանցնի։ Այլ խոսքով ասած, նորմատիվային փոփոխությունների հետեւանքով, ուզած-չուզած, որոշ բանկեր «կսկեն», արդեն որոշակի լուրեր են պտտվում այն մասին, թե այդ գործընթացը սկսվել է։ Եթե այս գործընթացն իսկապես շարունակվի, մոտ մեկ տարվա ընթացքում ՀՀ-ն կունենա 10-ից պակաս բանկ։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, արդեն որոշ բանկերի նախագահներ, վերջին հույսի ակնկալիքով, իրենց փրկությունն են փորձում գտնել քաղաքական դաշտում այսօր որոշակի ազդեցություն ներկայացնող կուսակցությունների մոտ։ Հայտնի է նաեւ, որ որոշակի չինովնիկներ հրապարակային իրենց ելույթներում անընդհատ խոսում են այն մասին, թե Հայաստանում այսօր այդքան առեւտրային բանկ ունենալը ճոխություն է։ Թե քանի բանկ է հարկավոր Հայաստանին՝ այս հարցին կարող է պատասխանել միայն շուկան։ Ստացվում է, որ մի կողմից՝ ապահովում են հասարակական կարծիքը (առեւտրային բանկերի մեծաթիվության առումով), մյուս կողմից՝ բանկերի սնանկացման դեպքում, ԿԲ-ն հայտարարում է, թե այդ գործընթացը կասեցնելու գործիքներին չի տիրապետում եւ պատասխանատու չի առեւտրային բանկերի գործունեության համար։ Բազմիցս ԿԲ-ի ամենատարբեր չինովնիկներ, ի պատասխան լրագրողների (նաեւ քաղաքացիների) այն հարցին, թե՝ ԿԲ-ն չի՞ կարող արդյոք սնանկացումից փրկել կամ բանկի արդեն «պայթելուց» հետո վերադարձնել հաճախորդների ավանդները՝ պատասխանել են. «Կենտրոնական բանկը առեւտրային բանկերին միայն գործունեության լիցենզիա է տալիս»։ ԿԲ չինովնիկներից մեկը նույնիսկ առարկայական օրինակ բերեց. «Կրթության նախարարությունը բազմաթիվ լիցենզիաներ է տալիս մասնավոր համալսարաններին, բայց որեւէ մեկը կրթության նախարարությունից չի պահանջում, որ այդ համալսարանը որակյալ շրջանավարտ տա։ Կենտրոնական բանկը ինչո՞ւ պետք է պատասխանատվություն կրի առեւտրային բանկի սնանկացման համար»։ Այնինչ, բանկային գործից քիչ թե շատ հասկացող ցանկացած մարդու հայտնի է, թե առեւտրային բանկերի առողջացման ինչ գործիքների է տիրապետում Կենտրոնական բանկը։ Գուցե ԿԲ-ն առանձնապես մտահոգված չէ հանրապետության արդեն քայքայվող բանկային համակարգի առողջացման գործընթացով։ ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել