
ՇԱԲԱԹՎԱ ՈՒՇԱՑԱԾՆԵՐԸ ԱՄՆ պետդեպարտամենտը Սույն գերատեսչությունը «հանկարծ» հայտնաբերեց, որ Քոչարյանի լեգիտիմությունը կասկածելի է, եւ 98-ի ընտրությունների ժամանակ նրա օգտին կեղծվել է 100 հազար ձայն: Այդ փաստի ուշացած հրապարակմամբ ԱՄՆ-ը, անշուշտ, իր դժգոհությունն է հայտնում ղարաբաղյան հարցում Քոչարյանի վարքագծից. 98-ի պալատական հեղաշրջման ժամանակ նա, հավանաբար, մեծ-մեծ խոստումներ է տվել Արեւմուտքին, որից հետո, 3 տարի շարունակ, փորձում էր դրանք չկատարել: Պետք է ասել, որ ներքին կյանքում ու թերեւս ազերիների հետ որոշ շփումներում մանր գավառական խարդավասերի այդ մարտավարությունը (պայմանավորվել, հետո ճիշտ հակառակն անել) Քոչարյանի համար բավականին արդյունավետ էր: Սակայն գերտերությունների հետ նման խաղերը կարող են վատ վերջանալ: Վարդան Օսկանյանը Ինտենսիվ շփումները Սադամ Հուսեյնի զինակիցների հետ, թեեւ ուշացումով, բայց բացահայտեցին պրն Օսկանյանի իրական տեսակետը մարդու իրավունքների խնդրի վերաբերյալ: Ըստ այդմ, օրինակ, հայացքների համար մարդկանց հետապնդումը կամ կալանավորների խոշտանգումը մարդու իրավունքների խախտումներ չեն: Պարզապես բարեբախտություն է, որ մի քանի տարի առաջ դժոխք գնաց Պոլ Պոտը, թե չէ Կամբոջայի այցելությունից հետո պրն Օսկանյանի դիրքորոշումն էլ ավելի արմատական դրսեւորումներ կունենար: Անդրանիկ Մարգարյանը Այս կիրակի լրանալու է մեկ տարի այն օրվանից, երբ «Միասնություն» դաշինքի ղեկավար Ա. Մարգարյանն իր խորիմաստ տեսքով եւ հստակ առոգանությամբ պահանջեց Սերժ Սարգսյանի եւ Տիգրան Նաղդալյանի հրաժարականը: Այս մեկ տարվա ընթացքում պրն Մարգարյանի սրտում այնպիսի մի սեր արթնացավ հիշյալ գործիչների հանդեպ, որ նա անուշադրության մատնեց, մասնավորպես, պաշտպանության նախարարի թափանցիկ ակնարկները երկրորդ դասարանում մնացած երկտարեցիների մասին: Վարչապետն, իհարկե, իրավացի է. լինում են երեխաներ, որոնք ուշ են զարգանում, բայց՝ շատ բուռն: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


















































