Գիվոեւի ցույցը «Իրավունքի» դեմ Երեկ ԱՎՄ անդամ ներկայացող կանայք բողոքի ցույց էին կազմակերպել ՍԻՄ-ի գրասենյակի առջեւ։ Նրանք բողոքում էին «Իրավունք» թերթի խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանի դեմ՝ «պատվերով տպագրված անհիմն հոդվածի» համար։ – Ո՞վ է իրավունք տվել մեզ անվանել աղքատներ, իսկ մեր երեխաներին՝ որբեր։ Չէ՞ որ այդ «որբերի» հայրերի շնորհիվ է, որ դուք այսօր խաղաղ պայմաններում եք ապրում։ Մենք պահանջում ենք Հայկ Բաբուխանյանից թերթի միջոցով պաշտոնապես ներողություն խնդրել զոհվածների այրիներից եւ հերքում տպագրել,- բարձրախոսով մեկը մյուսի ետեւից բղավում էին կանայք։ Իրենց կոչերին որեւէ արձագանք չստանալով, կանայք սկսեցին հավկիթներով հարվածել շենքի պատուհաններին, պահանջելով, որ «Բաբուխանյանը չթաքնվի եւ դուրս գա»։ Որոշ ժամանակ անց, երբ կրքերը փոքր-ինչ հանդարտվել էին (ձվերն էլ վերջացել) ՍԻՄ-ի ներկայացուցիչը (պրն Բաբուխանյանն այդ ժամանակահատվածում ԱԺ-ում էր) իջավ բակ եւ խնդրեց «կազմակերպիչներին» իր հետ բարձրանալ խմբագրություն՝ «հանգիստ պայմաններում զրուցելու համար»։ Երկար եւ ոչ այնքան հանգիստ «զրույցի» արդյունքում ՍԻՄ-ի ներկայացուցիչը կանանց հետ պայմանավորվեց, որ «գրեն պատասխան հոդված կամ հերքում, որն էլ խմբագրի հետ քննարկելուց հետո կտպագրվի»։ Պատասխանից ոգեւորված կանայք տեղում որոշեցին գնալ նաեւ ԱԺ՝ «իշխանավորներից իրենց հանդեպ հատուկ ուշադրություն պահանջելու համար»։ «Այս պետությունը պետք է բարելավի մեր պայմանները։ Մենք այլեւս չենք խնդրում, այլ պահանջում ենք, որ ժամանակին տան նպաստները, թոշակները, ապահովեն բնակարաններով, էլեկտրաէներգիայի վարձավճարները մեզանից գանձվեն 50% զեղչով եւ այլն»։ «Առավոտին» հաջողվեց կապվել պրն Բաբուխանյանի հետ, որը հետեւյալ կերպ մեկնաբանեց կատարվածը. «Իրականում ոչ թե հոդվածն է պատվերով, այլ այսօրվա խուլիգանությունը»։ Փետրվար ամսին «Իրավունքում» տպագրվել է մի հոդված, որտեղ նշվել է, թե ինչպես «Երեխաների իրավունքների պաշտպանություն» բարեգործական կազմակերպությունը խաբեությամբ հավաքել է զոհվածների ընտանիքների անդամներին (խոստանալով օգնություններ բաժանել), բայց իրականում ԱՄՆ դեսպանատան մոտ ցույց է կազմակերպել ի պաշտպանություն ՌԴ քաղաքական եւ հասարակական գործիչ Պավել Բորոդինի։ Ցույցի նախաձեռնողն էր հիշյալ կազմակերպության նախագահ Ալեքսանդր Գիվոեւը, որն, ըստ պրն Բաբուխանյանի, անամոթաբար օգտվել է մարդկանց սոցիալական վիճակից՝ իր հանցակից ընկերոջը ձերբակալությունից ազատելու համար։ «Ես հայտարարում եմ,- ասաց պրն Բաբուխանյանը,- որ վերոհիշյալ հոդվածի հերքում չի տպագրվի մեր թերթում։ Կտպագրենք միայն պատասխան հոդված՝ հասցեագրված ցույցի կազմակերպիչ Գիվոեւին»։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ


















































