Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մարտ 09,2001 00:00

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Կանանց միջազգային տոնի առիթով հարկ ենք համարում դիմել ՀՀ ներկա կառավարիչներին՝ պետական պաշտոններ կրողներին, իրենց քաղաքական ուժ համարող գործիչներին, հայոց մտքի արդի տիտաններին։ Արձանագրում ենք. 1. Հաշվի առնելով երկրի այժմյան կացությունը՝ տնտեսական, սոցիալական անմխիթար վիճակը, ԼՂՀ հիմնահարցի կարգավորման՝ դեպի փակուղի տանող ընթացքը, որը սպառնում է վերածվել պատերազմի, հոկտեմբերի 27-ի ողբերգության դատական պրոցեսը իշխանությունների կողմից ուղղորդելու վտանգը՝ իր բոլոր հետեւանքներով՝ ծայրահեղ լարվածության քաղաքական շրջանակներում, հասարակության բացարձակ անտարբերությունը, անտարբերություն ոչ միայն վերոնշյալ պրոցեսի, այլեւ սեփական կյանքի հանդեպ, պետականության գոյատեւման անհեռանկարությունը ստեղծված պայմաններում, կոչ ենք անում սթափվել եւ վեր կանգնել անձնական շահերից, տղամարդ երեւալու նկրտումներից, մեկ անգամ գոնե հավաք եւ պատասխանատու վերաբերվել երկրի ճակատագրին, որովհետեւ առանց հասարակության չկա պետություն, առանց պետության չկա իշխանություն, իսկ առանց հասարակության եւ պետության Հայաստանը լոկ տարածք է՝ տարանցիկ ուղի ցանկացած բախտախնդրի համար՝ տեղացի թե օտար։ 2. Շնորհակալ լինելով ՀՀ ԱԺ-ին կանանց տոնը հասարակությանը վերադարձնելու համար՝ հարկ ենք համարում ավելացնել, որ տոնակատարությունն իմաստազուրկ է, քանի դեռ հասարակությունը հանդուրժում է բարձր ու ցածր տարբեր ամբիոններից կանանց հասցեին արվող հայհոյանքներն ու զազրախոսությունը, քանի դեռ հենց կանայք կարող են չարախնդալ այլ կնոջ հասցեին հնչող զրպարտանքից եւ անզոր են տեր կանգնել իրենց իսկ քաղաքացիական եւ մարդկային իրավունքներին ու արժանապատվությանը։ Եվ ուրեմն, ելնելով վերը նշվածից՝ շնորհավորանքները համարում ենք ձեւական եւ անիմաստ, որովհետեւ մեզ անհրաժեշտ է նորմալ պետություն, քաղաքակիրթ կենսակերպ, որոնք կարժեւորեն ցանկացած տոն ու ուրախություն։ «Շամիրամ» հասարակական-քաղաքական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել