Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահին առընթեր Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի երեկվա նիստի ընթացքում Պարույր Հայրիկյանի

Մարտ 15,2001 00:00

«ԱՅՍՏԵՂ ԿԱ՞ ՄԵԿԸ, ՈՐ ՉԻ ՍԻՐՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԻՆ» Նախագահին առընթեր Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի երեկվա նիստի ընթացքում Պարույր Հայրիկյանի այդ կեսկատակ հարցը հաստատ հռետորական էր։ Նախագահի հանդեպ սերը եւ նրա հակառակորդների նկատմամբ ճիշտ հակառակ զգացումներն էին թերեւս պատճառը, որ հանձնաժողովի անդամների առյուծի բաժինը կողմ քվեարկեց, որպեսզի «Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ» իրենց 2000 թ. զեկույցից հանվեն Աշոտ Բլեյանին եւ Արկադի Վարդանյանին վերաբերող հատվածները։ Այդ քվեարկությանը չմիացան միայն նախկին քաղկալանավորները՝ Պարույր Հայրիկյանը, Վարդան Հարությունյանը եւ Ռազմիկ Մարկոսյանը։ Ի դեպ, ի տարբերություն միջազգային իրավապաշտպան զանազան եւ հեղինակավոր կազմակերպությունների, որոնք իրենց զեկույցներում Աշոտ Բլեյանին եւ Արկադի Վարդանյանին ներկայացնում են իբրեւ քաղբանտարկյալ, այս զեկույցից դուրս մնացած հատվածներում ընդամենը նշված էր. «Հանձնաժողովը մի քանի անգամ միջնորդել է մեղադրյալ (ներկայումս՝ դատապարտյալ) Աշոտ Շամխալի Բլեյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը խափանման ավելի մեղմ միջոցով փոխարինելու հարցով, սակայն անարդյունք։ Հանձնաժողովը նման խնդիր է տեսել նաեւ մեղադրյալ Արկադի Արշավիրի Վարդանյանի դեպքում, գտնելով, որ նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը եւ նրան ներկայացվող մեղադրանքները համարժեք չեն կատարված գործողություններին։ Վերջին դեպքում իրավասու մարմինների կողմից վերացվեց խափանման միջոց կալանքը, սակայն քրեական գործը դեռեւս կարճված չէ»։ Նման մեղմ ձեւակերպումներն էլ շատ համարեցին նախագահին կից իրավապաշտպանները՝ առարկելով, թե ինչո՞ւ պիտի այս երկուսի անունը շեշտենք, երբ նման դեպքեր շատ կան։ Ասողն էլ փաստաբան էր՝ Հայկ Ալումյանը, որի խնդիրը մարդկանց պաշտպանելն է։ Մինչդեռ անձեր չշեշտելու նույն փաստարկը չներկայացվեց, երբ որոշվում էր զեկույցի այս դրույթը. «Բավական է հիշել խոշտանգումների հանրահայտ դեպքերը՝ մասնավորապես «Հոկտեմբերի 27»-ի գործով կալանավորված Հարություն Հարությունյանի, Նաիրի Բադալյանի, Ալեքսան Հարությունյանի, Մուշեղ Մովսիսյանի եւ այլ անձանց նկատմամբ»։ Ինչ-որ թույլ առարկություն հնչեց՝ «ստացվում է, որ բոլոր խոշտանգումները միայն ա՞յս գործով են»։ Եվ միայն Նորա Հակոբյանը, հաշվի առնելով «հասարակության մի զգալի մասի վստահությունը, որ մեր հանձնաժողովի սրտացավությունն առավել ահաբեկիչների նկատմամբ է դրսեւորվում», առարկում էր, թե ահաբեկչության աճի մասին զեկույցում բառ անգամ չեք գրել, բայց անմիջապես պաշտպանել եք դրանց իրականացման մեջ կասկածվողներին։ «Մենք դեռ առաջին օրն ենք դատապարտել ահաբեկչությունը»,- կարճ կապեց Պարույր Հայրիկյանը։ «Խոշտանգումների մասին էլ մի յոթ անգամ խոսել ենք՝ ինչո՞ւ ենք, ուրեմն, էլի խոսում»,- առարկեց Նորա Հակոբյանը։ «Եկեք ծիծաղելի չերեւանք,- ասաց պրն Հայրիկյանը։- Չեն ասի՝ սրանք ո՞վ են, որ դատապարտում են ահաբեկչությունը»։ Մի խոսքով, տիկին Հակոբյանին հանգստացրին, որ «հասարակության վստահությունն» արհեստականորեն է ձեւավորվել եւ ընդհանրապես՝ պետք չէ հաշվի առնել ամբոխի տրամադրվածությունը։ Ու անցան առաջ։ … Այս քննարկմանը ներկա գտնվելուց հետո Մարդու իրավունքների հանձնաժողովի տարեկան զեկույցի ամենացավալի արձանագրումն այն թվաց, որ դեռեւս ընդունված չէ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքը եւ «նման իրավիճակը հատկապես Եվրախորհրդին Հայաստանի անդամակցությունից հետո անթույլատրելի է»։ Իրոք անթույլատրելի է, քանի որ օրենքի բացակայության պայմաններում չի ձեւավորվելու օմբուդսմենի ինստիտուտը ու եւս մի որոշ շրջան պիտի հանդուրժվի մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ նման մոտեցումներ ունեցող մարդկանցով գերազանցապես համալրված հանձնաժողովի գոյությունը։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել