Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԵՐԱ՞ԶՄ, ԹԵ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

Մարտ 24,2001 00:00
Ara Sahakyan

Ինչպե՞ս է այդ հարցը լուծելու նախկին ընդդիմությունը կամ ներկայիս վարչախումբը

«Արմատ» հասարական-քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ Արա Սահակյանը կարծիք հայտնեց, թե Քոչարյան-Ալիեւ 15 հանդիպումները, որոնք ՀՀՇ-ն եւ Աջ ուժերը հենց սկզբից գնահատել են որպես անհասկանալի նպատակներ հետապնդող եւ անպտուղ, սպառել են իրենց ռեսուրսները, ինչի մասին, ի դեպ, խոստովանեց նաեւ Քոչարյանը։ «Մնում է միայն պարզել, թե ինչի վրա են սպառվել այդ ռեսուրսները եւ ի՞նչ արդյունքներ են ձեռք բերվել։ Այդ մասին նրանք լռում են, քանի որ քարոզչական աղմուկի մեջ խլացվել է դրանց ձախողումը»,- նկատեց պարոն Սահակյանը։

Ըստ նրա, այդ հանդիպումների «ձեռքբերումն» այն էր, որ նսեմացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական դերը, բանակցություններից դուրս մղվեց ԼՂՀ-ն եւ նրա ինքնորոշման հարցը տրանսֆորմացվեց հայ-ադրբեջանական տարածքային վեճի։

«Երեք տարի հայհոյելով ընդդիմությանը, պիտակավորելով նրան, հետապնդելով այլախոհության ցանկացած դրսեւորում, իր ձեռքում կենտրոնացնելով տնտեսական լծակները, գերշահույթի փշրանքները նետելով քարոզչության բնագավառ եւ ապահովելով իրեն հարմար հասարակական կարծիք՝ իշխող վարչախումբը հանկարծ դարձել է մեծահոգի, հանդուրժող եւ հույս ունի իր կողմից հալածվող ու հետապնդվող ընդդիմության օգնությամբ դուրս գալ իր իսկ փորած փոսից»։ Պարոն Սահակյանն այսպես արձագանքեց Քոչարյանին ուղղված ՀՅԴ այն հորդորներին, թե պետք է ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համատեքստում խորհրդակցել անխտիր բոլոր քաղաքական ուժերի հետ՝ նկատի ունենալով ՀՀՇ-ն եւ Աջ ուժերը, որոնք անցած երեք տարիներին չեն համագործակցել իշխանությունների հետ։ «Ընդդիմությունն իր տեսակետը ոչ միայն արտահայտել, այլեւ ըստ այդմ գործել է մինչեւ 98-ի հեղաշրջումը։ Մեր տեսակետը ԼՂՀ հիմնահարցում մնում է անփոփոխ։ Ներկա վարչախումբը ոչնչացնում է նախկին իշխանության ձեռքբերումները։ Խրատ տվողները՝ ՀՅԴ-ն, ՀՌԱԿ-ը, թող ստանձնեն իրենց բաժին պատասխանատվությունը եւ ժողովրդին շիտակ պատասխան տան՝ ինչպե՞ս են արձանագրում ԼՂՀ-ի կարգավիճակը՝ Ադրբեջանի կազմո՞ւմ, թե՞ դրանից դուրս։ Իշխանություն նվաճելու համար «Փուլային» տարբերակը որակվեց «պարտվողական», մինչդեռ դա միակ տարբերակն էր, որտեղ ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմում չէր արձանագրվում։ Դրան հակադրվեց ԼՂՀ-ի լիակատար անկախության տեսլականը՝ գումարած Լաչինն ու Քելբաջարն ամբողջությամբ, հյուսիսային եւ արեւելյան ադրբեջանական հարակից շրջանների մի մասը։ Քոչարյանի եւ նրա ռեժիմի գլխին միշտ կախված է լինելու այն հարցը, թե որտե՞ղ է ձեր հաղթական լուծումը։ ՀՀՇ-ն եւ նրան աջակցող քաղաքական ուժերը, որոնք կռեցին անկախությունը եւ հաղթական պատերազմը, ե՛ւ ներկայում, ե՛ւ ապագայում զորավիգ են լինելու այս երկու արժեքների պահպանմանը։ Կարողանալու է արդյո՞ք իրեն հայրենասեր եւ անզիջում համարող վարչախումբը պահպանել այդ արժեքները»։

Ա.Սահակյանն անհանգստացնող համարեց փաստը, որ այսօր բացահայտ կոչ է արվում վաճառքի հանել Հայաստանի անկախությունը, որպեսզի Ղարաբաղի հարցի լուծումը ստանա, օրինակ՝ Ռուսաստանի շահերին համապատասխանող լուծում։ «Վարչախումբը հասավ նրան, որ ԼՂ հիմնահարցի շահեկան լուծման փոխարեն խաղասեղանին է դրվել Հայաստանի անկախությունը եւ նրա տարածքային ամբողջականությունը»,- ընդգծեց նա։

Նա անընդունելի համարեց ազատագրված տարածքներն ամբողջությամբ վերադարձնելու իշխանությունների պատրաստակամությունը՝ ԼՂՀ-ն թողնելով Ադրբեջանի գերիշխանության տակ։

«Իբրեւ ընդդիմություն, պետականության եւ քաղաքացիների առջեւ մեր խիղճը մաքուր է, մենք պայքարում ենք միայն քաղաքակիրթ ձեւերով։ Կայունությունից եւ ազգային շահերից ճամարտակող մեր նախկին ընդդիմությունը եւ, որ նույնն է՝ ներկա իշխանությունը, թող հիշեն, որ ղարաբաղյան պատերազմի ամենածանր շրջանում՝ 1992-ի գարնանը, իրենք խորհրդարանում եւ հրապարակներում տոտալ հարձակման էին անցել երիտասարդ հանրապետության օրինական ընտրված իշխանությունների դեմ։ Նրանք պահանջում էին ներկայացնել արտաքին քաղաքականության, սոցիալ- տնտեսական զարգացման, պաշտպանության կազմակերպման հայեցակարգեր, պատասխան տալ Մարտակերտի եւ Շահումյանի անկման համար, ուսումնասիրել վիճակը ՆԳՆ-ում, թույլ չտալ գազատարի պայթեցումներ Վրաստանի տարածքում, ապահովել 24-ժամյա էլեկտրամատակարարում, երաշխավորել աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացում, չշեղվել նվազագույն սպառողական զամբյուղից, պաշտպանել վրացահայության շահերը, անվավեր ճանաչել Կարսի պայմանագիրը, չօգտվել թուրքական ավիաընկերության ծառայությունից, ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը… Այս նախաձեռնությունների հեղինակներն այսօր բազմած են իշխանության աթոռներին եւ հիշել անգամ չեն ուզում իրենց նախկին պահանջների մասին, այնինչ՝ այդ բոլոր խնդիրներն այսօր էլ հրատապ են։ Բայց բնական է, որ նախկին ընդդիմությունն այդ ամենն այսօր մոռացել է. նա լուծել է հիմնական՝ իշխանության հարցը։ Պարզապես անամոթություն է մեզ՝ իշխանության հետ գործարքի չգնացած ընդդիմությանը խրատներ տալը. մենք գիտակցում ենք մեր իսկ ստեղծած պետության շահերը»։

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել