Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՂԾ «ՏԻՏԱՆԻԿ»

Ապրիլ 18,2001 00:00

ԿԵՂԾ «ՏԻՏԱՆԻԿ» «Թիվ կա աստղերին»՝ թիվ չկա հայաստանյան շուկայում վաճառվող կեղծված, անորակ, ժամկետանց մթերքներին, որոնց թվում՝ ռուսատառ եւ լատինատառ տուփերով տարբեր քաղցրեղեն։ Դրանք գնողները ոչ մի երաշխիք չունեն, թե ուտելուց հետո տհաճ անակնկալների չեն հանդիպի։ Նման անակնկալ, օրինակ, մատուցվել է «Տիտանիկ» հանրահայտ նավի անունը «սեփականաշնորհած» տուփերով շոկոլադե կոնֆետները վանաձորյան շուկայից գնողներին։ Պարզվել է, որ այդ կոնֆետները ոչ միայն տուփերի ներսի «փչակներին» համապատասխանեցված չեն եղել՝ ինչը «կեղծ» լինելու ամենաակնառու ապացույց է, միաժամանակ պատրաստված են եղել անորակ, անհայտ ծագում ունեցող ինչ-որ հումքից, որի պատճառով էլ պարզապես անհնար է եղել դրանք ուտելը։ Առանձին երջանիկների հաջողվել է անորակությունը հայտնաբերելուց հետո մի կերպ ընդհանուր հայտարարի գալ վաճառողի հետ եւ, իբրեւ վնասի փոխհատուցում, նույն արժեքի այլ ապրանք վերցնել (իսկ ի՞նչ վիճակում կհայտնվեն նրանք, ովքեր դա նվիրել են ինչ-որ մեկին՝ այս կամ այն առիթով)։ Շոկոլադե զանազան սալիկների տուփերին կարելի է հանդիպել նաեւ այսպիսի գրառումներ՝ ռուսերեն լեզվով. «Պատրաստված է ռուսաստանյան օրիգինալ ռեցեպտով»։ Եվ ուրիշ ոչինչ։ Լավագույն դեպքում՝ մթերքի պահպանման ժամկետը։ Հետաքրքիր է, համապատասխան որեւէ մարմին արդյո՞ք փորձել է հետաքրքրվել նման մթերքների ծագմամբ, եւ պարզել, թե որտե՞ղ, ո՞ւմ կողմից են արտադրվում դրանք, դրանց արտադրողները ի՞նչ անվան տակ են հանդես գալիս։ Չի բացառվում, որ օտարալեզու, անհասցե մթերքները «դրսից բերվող» «ձախ» ապրանք են։ Գ. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել