Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի 27» գործի դատաքննությանը երեկ առաջին անգամ ներկա գտնվեցին ամբաստանյալներ Ավետիք Մինասյան

Մայիս 01,2001 00:00

ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼՆԵՐԻՑ ԵՐԿՈՒՍԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ «Հոկտեմբերի 27» գործի դատաքննությանը երեկ առաջին անգամ ներկա գտնվեցին ամբաստանյալներ Ավետիք Մինասյանի քույրն ու Արմեն Գասպարյանի եղբայրը։ Թե ինչո՞ւ նրանք չէին գալիս դատարան, բացատրվեց նրանով, որ իրենց ասել էին՝ տեղ չկա… Ամբաստանյալ Նաիրի Հունանյանը երեկ շարունակեց դատաքննական ցուցմունքներ տալ, մասնավորապես անդրադառնալով 1999թ. մարտ, ապրիլ, մայիս, հունիս ամիսներին իր եւ Մուշեղ Մովսիսյանի, Շանթ Հարությունյանի, Ալիկ Հարությունյանի հետ հանդիպումներին։ Երեկ մի տեսակ ընկճված տեսք ուներ ամբաստանյալը, իսկ նրա բառամթերքում գերիշխում էին հետեւյալ «եթե չեմ սխալվում», «կարծեմ», «հավանաբար», «իբր թե ասել եմ», «որքան որ հիշում եմ» բառերն ու բառակապակցությունները։ Նա ներկայացրեց իր եւ Մուշեղ Մովսիսյանի հանդիպումը, որը տեղի էր ունեցել Այգեկ գյուղում։ Մեկնել էին ամբաստանյալ Միսակ Մկրտչյանի հետ։ Խոսել էին երկրի վիճակի, 1995թ. խորհրդարանական ընտրությունների մասին, ուր Մուշեղը, ըստ ամբաստանյալ Հունանյանի, «պատմեց, որ իբր ուզել է իր թեկնածությունը դնել իրենց տարածքում, սակայն Վազգեն Սարգսյանը ստիպել է հանել թեկնածությունը, չմասնակցել ընտրություններին, որպեսզի ընտրվի Շահեն Պետրոսյանը»։ Հունանյանը տեղեկացրեց, որ Մուշեղը «բավականին օղի էր խմել» եւ «հայհոյանք արեց Վազգեն Սարգսյանի հասցեին, ասաց՝ քանի Վազգենը կա, էս երկրում ոչինչ անել չի լինի»։ Նա ասաց նաեւ, որ Մուշեղի հետ որեւէ մեկին սպանելու մասին չեն խոսել, «չնայած, որ իր արտահայտությունը ես ընկալել եմ այդ իմաստով»։ Շանթ Հարությունյանը ցուցմունք էր տվել իր եւ Նաիրիի հանդիպման մասին, թե Նաիրին ասել է, որ «պետք է Վազգեն Սարգսյանին վերացնել», նաեւ նշել էր, որ ինքը համաձայն չի եղել դրան։ Ամբաստանյալը երեկ հիշեց, որ Շանթի հետ հանդիպել է նոր քաղաքական կազմակերպություն ստեղծելու նպատակով եւ իբրեւ սկիզբ առաջարկել է «մի հզոր հանրահավաք», ուր նշվել էր մոտավոր օրը՝ մայիսի 9-ը։ «Որեւէ բառով չբնութագրելով իրավիճակը, ըստ էության, երկուսս էլ նույն տեսակետին ենք եկել, որ առանց Վազգեն Սարգսյանի բռնապետական եւ ահաբեկչական ռեժիմը վերացնելու, անհնար է որեւէ լուծում գտնել եւ քայլ կատարել»,- ասաց նա եւ քիչ անց, մոռանալով ասվածը, նշեց, թե նման առաջարկ ինքը չէր կարող անել, քանի որ, 6 տարի չտեսնելով Շանթին, բնականաբար, առաջին իսկ հանդիպման ժամանակ այդպիսի բան չէր առաջարկի։ Ամբաստանյալը նաեւ ասաց, որ կազմակերպություն ստեղծելու համար ամենակարեւորը «մաքուր» փողն էր, որովհետեւ «մենք հասկանում էինք, որ կեղտոտ փողերով առողջ, ժողովրդի իրական շահերը պաշտպանող կազմակերպություն հնարավոր չէր»։ Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանի եւ Մուշեղի (նաեւ՝ Մովսիսյան եղբայրների) հարաբերությանը՝ ամբաստանյալը հայտնեց, որ որեւէ կոնկրետ խոսակցություն նրանց կապերի մասին «կոնկրետ ինձ համար չեմ արձանագրել»։ 1990թ. ապրիլին պատահաբար հանդիպել է «կառավարության շենքի մոտով անցնելիս» նախագահի աշխատակազմի ղեկավար Ալիկ Հարությունյանին, որի հետ դուրս էին գալիս այդ ժամանակ այլ մարդիկ եւ «որոնցից հիշում եմ Սուրեն Աբրահամյանին»։ (Սա նշում եմ նրա համար, որ պնդում էին, թե Նաիրին չէր իմանում ՆԳ նախարարին)։ Պայմանավորվել են հանդիպման մասին՝ իր աշխատանքի հետ կապված։ Այդ կապակցությամբ ամբաստանյալը հայտնեց նաեւ, որ եղել են նախագահի նստավայրում, իսկ Ալիկն ասել էր, որ «խառնակ իրավիճակ է, ամենուր նախընտրական եռուզեռ է, եւ նպատակահարմար էր գտել հարցը հետաձգել ընտրություններից հետո»։ Փոխվել էր Ա. Հարությունյանի հեռախոսահամարը, որը գտնելու հույսով Ն. Հունանյանը զանգել էր ներկայիս մամլո խոսնակ Վահե Գաբրիելյանին, ապա՝ աշխատակազմի աշխատակից Արմեն Դավթյանին։ Մեկ-երկու անհաջող փորձերից հետո հրաժարվել էր զանգել Ա. Հարությունյանին։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031