Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ԳՐԱԲԵՐԴԻՑ

Մայիս 02,2001 00:00

ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ԳՐԱԲԵՐԴԻՑ Կոմունիստների օրոք գաղափարական լոյալությամբ ապահովագրում էին ցածրորակ գրարտադրանքի իրացումը։ Այսօր մեզանում արտասահմանյան գրական հոսանքների նմանակությամբ փորձում են իրացնել գաղափարական սնանկությունը։ Հուշագրությունը դարձել է ոչ միայն գլուխգովանության միջոց, այլեւ բամբասանքային զենք ուրիշների հետ հաշիվներ մաքրելու համար։ Սայաթ-Նովան ՍՍՀՄ-ին ձեռնտու էր որպես ազգերի բարեկամության գերբ Անդրկովկասում համապատասխան ինտերնացիոնալային քսուք՝ Վլադիաշխարհը իրականացնելու ճանապարհին։ Իսկ փաստորեն նա հայերեն էր ստեղծագործում, որովհետեւ հայ էր, վրացերեն, որովհետեւ ծառայում էր վրացական արքունիքում, ադրբեջաներեն, որովհետեւ պարսկալեզվայնությունը աշուղին պարտադիր էր, ինչպես լատիներենը՝ կաթոլիկ եկեղեցականին կամ գրաբարը՝ հայ հոգեւորականին։ Ի դեպ, կարո՞ղ եք պատկերացնել մեկին, որը գրաբար հայհոյի (սա իմիջիայլոց, որպես ինտերմեդիա)։ Մի գիծ թղթի վրա շեղվեց դեպի վերեւ, քանոնը հաճելի զարմանքից ընկավ հատակին։ Այդպես կայանում է տարերային սլացքը ծրագրված ստեղծագործական ընթացքից։ Ներշնչումն անողորմ է, եթե չտրվես նրա հոսանքին, անվերադարձ արտաշնչում է։ Գրողական ճշմարտություններ ի հայտ են գալիս, որպեսզի որդեգրվեն քաղաքական դեմագոգների կողմից։ Գրողական դեմագոգիան բարգավաճում է հատկապես բռնակալական ռեժիմի դեպքում։ Կպատահի, որ գրողը կենցաղում այս կամ այն ժամանակ անազնիվ լինի անկեղծորեն, մինչ ստեղծագործելիս նույնպես անկեղծորեն ազնվացել էր։ Այդպիսի տարուբերում տեղի է ունենում նաեւ ոչ ստեղծագործողների հետ։ Երբ գրողական նոր լիցք ես ստանում, շնորհակալ եղիր Երկնային շռայլության համար։ Լինում են այդպիսի խոնարհ ստեղծագործողներ, թեեւ ավելի շատ են նրանք, ովքեր գոռոզանալով իրենք իրենց են վերագրում հանճարի փայլատակումները։ Մի տրտմիր, երբ թուլանում ես. թուլությունդ քո կամալից զորության նախաբանն է։ Ստերով շրջապատված ճշմարտությունը փուչիկի միջի օդն է. առանց պայթյունի չի կայանում նրա ազատագրումը։ Միայն փոքրոգի ազգն է փոքր մնում, նա, որ ստեղծագործական մսուրի մեջ խեղդում է իր տաղանդավոր զավակներին։ Նոր տողից մի սկսիր քո հին ճշմարտությունը։ Չափածոն արձակի բառերը դուրս է բերում անուշադրությունից։ Պոեզիան չնկատված գեղեցիկ ճշմարտությունների պատուհանն է։ Պահի գռեհկությունը գեղեցիկն արարելու անկարողությունից է։ Դա վիճակվում է նույնիսկ տաղանդավորներին։ Երեւույթի օրինաչափություններին տրվելով՝ զրկվում ենք երեւակայության հայտնաբերելիք օրինաչափություններից։ Հատիկները կորցրած խաղողի ողկույզը տատասկ է դառնում, նրա պոետիկան՝ նույնպես։ ՎԱՐՈՒԺԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031