Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրի Բադալյանի որոշ հակասական ցուցմունքների անդրադարձող մեր հրապարակման

Մայիս 05,2001 00:00 Share

«Ինչպես կարող է մարդ խառնել» Նաիրի Բադալյանի որոշ հակասական ցուցմունքների անդրադարձող մեր հրապարակման մեջ («Իսկ նա դեռ մեղադրում էր լրագրողներին», 27-ը ապրիլի) մեջբերել էինք նաեւ պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանի ցուցմունքները։ Նշել էինք, որ Դավիթ Վարդանյանը 1999-ի նոյեմբերի 11-ի ցուցմունքում պնդել էր, թե Նաիրի Բադալյանը ստում է՝ ասելով, թե հոկտեմբերի 27-ի կրակոցներից հետո ԱԺՄ խմբակցության սենյակ է եկել մենակ։ Սակայն 2000 թ. հունվարի 19-ին Նաիրի Բադալյանի հետ առերեսման ընթացքում պրն Վարդանյանն արդեն խուսափողական պատասխաններ էր տվել։ Ասել էր, թե իր մեջ չի տպավորվել, ինքը լավ չի հիշում մանրամասները եւ չի պնդում իր ցուցմունքը։ Դավիթ Վարդանյանն այժմ նշեց, որ թեեւ իր պատասխաններն ու հանգամանքները ճիշտ էինք մեջբերել, բայց դրանց շարադրանքից կարող էր ստեղծվել այն տպավորությունը, թե ինքը որեւէ կողմնակի ազդեցությամբ եւ թելադրանքով էր հրաժարվել Նաիրի Բադալյանին վերաբերող իր ցուցմունքներից։ Հարկ էր համարել, որ պարզաբանվեր, թե իրականում ինչ էր եղել. «Այո՛, հետո ասել եմ, թե վստահ չեմ իմ ցուցմունքների մեջ։ Սկզբում՝ վստահ էի։ Սա ինձ համար ակնառու օրինակ է, թե ինչպես կարող է մարդ խառնել եւ ներկա գտնվելով՝ տալ ոչ ճիշտ ցուցմունքներ։ Նաիրի Բադալյանի հետ առերեսումից մի երկու օր առաջ Վարդան Պողոսյանի հետ (որը հոկտեմբերի 27-ին նույնպես ԱԺՄ խմբակցության սենյակում էր.- Ա. Ի.) խոսելիս հարց առաջացավ, թե Նաիրի Բադալյանն ինչո՞ւ է ասում, որ երբ եկել էր մեր սենյակ՝ եղել եմ ես եւ եւս երկու հոգի։ Իսկ իմ հիշողության մեջ տպավորվել էր, որ սենյակում միայն ես ու Վարդանն էինք։ Ասացի, թե նման ապուշ հակասություն ո՞նց կարող է լինի, ուրիշ մարդ չի եղել։ Վարդանն ասաց. «Ո՞նց չի եղել՝ եղե՛լ է, կրակոցներից հետո մտավ իմ ընկերը»։ Ես նրա ոչ դեմքն էի հիշում, ոչ տեսել էի։ Եվ հասկացա, որ կարող է ե՛ւ մարդկանց, ե՛ւ ժամանակները սխալ եմ ասել ցուցմունքում։ Հիմա ինչո՞ւ պիտի այդ մարդու ճակատագրի հետ խաղայի։ Եվ ես դեռ ուրիշ մի 3-4 բան էլ էի խառնել։ Վարդանն ասաց, որ պատճառն այն էր, որ երբ կրակոցները հնչեցին՝ ես ռադիոյի կողքը նստած կլանված լսել եմ եւ ոչ մեկին չեմ նայել։ Ժամանակի զգացողությունն էլ էի կորցրել։ Ինձ թվում էր, որ ես դուրս եմ եկել միջանցք՝ նոր եմ տեսել Նաիրի Բադալյանին այլ լրագրողների հետ միասին։ Դու մի ասա, ինքը եկել մտել է մեր սենյակ, ինձ բան է հարցրել, ես էլ ջուր եմ առաջարկել»։ Հետաքրքիրն այն է, որ թեեւ ԱԺՄ խմբակցության գլխավոր մասնագետ Վարդան Պողոսյանը փաստորեն օգնել էր պրն Վարդանյանին շտկել իր ցուցմունքները, բայց ինչպես ինքը, այնպես էլ սենյակում գտնված երրորդ անձնավորությունը՝ ներկայումս բնապահպանության փոխնախարար Հրայր Թովմասյանը շարունակել էին հերքել, թե կրակոցներից մի երկու րոպե անց Նաիրի Բադալյանն արդեն եկել է այդ սենյակ։ Երկուսն էլ պնդել էին, թե նա խմբակցության սենյակ է եկել այլ լրագրողներից 1-2 րոպե առաջ։ «Քանի որ երկուսն էլ ավելի ուշադիր են եղել՝ նրանք կարող էին չկասկածել,- ասաց պրն Վարդանյանը։- Ես էլ իմ ասածների վրա չեմ կասկածել մինչեւ առերեսումից առաջ այդ խոսակցությունը։ Եթե չպարզվեր, որ ես շատ բաներ սխալ եմ հիշում՝ ես էլ մինչեւ վերջ կպնդեի իմ ցուցմունքները։ Բայց ես հասկացա, որ իմ սուբյեկտիվ հիշողությամբ կարող եմ մարդուն հարվածի տակ դնել, դրա համար էլ ասացի, որ չեմ պնդում իմ ասածները։ Սա էր կարեւորը, այլապես որեւէ մեկին պաշտպանելու կամ մեղադրելու միտում չեմ ունեցել»։ Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել