Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ

Մայիս 05,2001 00:00 Share

«ՊԱՐՏՔՈ՞Վ» ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Երեկ «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունից բացակայում էր Սարգսյանների շահերի ներկայացուցիչ, ռուսաստանցի փաստաբան Ա. Յունոշեւը։ Ամբաստանյալ Ն. Հունանյանը ներողություն խնդրեց նախորդ դատական նիստի ձախողման համար, հոգեբանին էլ այս անգամ մատուցելով 60 էջից բաղկացած իր 41 ասացվածքները։ Նա առարկեց մեղադրականում առկա այն բնութագրումների դեմ, ըստ որի՝ ինքն օժտված է «օրենքները խախտելու ներքին պատրաստակամությամբ», կասկածի ենթարկեց հոգեբուժական փորձաքննության 1999թ. նոյեմբերի եզրակացությունը՝ ասելով, թե փորձագետն ինչպես կարող է երկու մետր հեռավորության վրա մանրամասնությամբ տալ բոլոր ներքին օրգանների աշխատանքը։ Ամբաստանյալի ցուցմունքները երեկ գլխավորապես վերաբերում էր ոճրագործության գաղափարի ձեւավորմանը, դրա իրականացման ծրագրին եւ, մասնավորապես, ամբաստանյալ Աշոտ Կնյազյանից զենք ձեռք բերելուն։ Նորից տեղեկացնենք, որ 13 ամբաստանյալներից 4-ը դատարանի դահլիճ չեն բերվում՝ Կարեն Հունանյանը, Էդիկ Գրիգորյանը, Վռամ Գալստյանը եւ Դերենիկ Բեջանովը (դատարանի որոշմամբ)։ Երեկ թերեւս հնչեց Էդիկի անունը մի քանի անգամ, որը փաստորեն տեղյակ է եղել ամբաստանյալ Հունանյանի ծրագրերին՝ դեռ 1999թ. սեպտեմբերին։ Հունանյանը խոսելով գաղափարի ձեւավորման մասին, անգամ ցիտելով 20-րդ դարի հայ ազատագրական շարժման հայտնի գործիչ Ռուբեն Տեր-Մինասյանին, ասաց, որ Հայաստանում համատարած մտքի քաոս էր տիրում, որ «հակահայ հանցագործ իշխանությունների մեջ ինձ նմանների համար տեղ չկար»։ Նա ասաց, որ ձախողվել էր պետական աշխատանքի անցնելու, ինչպես նաեւ քաղաքական կազմակերպություն ստեղծելու իր փորձը։ «Հայաստանում ստեղծված բռնության եւ ահաբեկչության մթնոլորտում, որտեղ ամբողջ պետական կառույցը վերածվել էր 100% տոկոսանոց կլանային կոռումպացված համակարգի, այդ պայմաններում էլ ինչ կազմակերպություն ստեղծեիր, միեւնույն է, ընտրություններին ճնշումով եւ կեղծիքներով դուրս կմղեին»,- ասաց նա եւ հայտարարեց, որ Հայաստանում 92-ից սկսած բոլոր ընտրությունները կեղծվել են։ Եվ, որ ստեղծվել է «միշտ մի իշխանություն», որին ժողովուրդն ատում է։ Դատարանի դահլիճից ժողովրդի ընտրյալներից մի քանիսը շեշտված տոնով ընդհատեցին նրան, թե ժողովրդի անունից մի խոսիր։ Ամբաստանյալն առանց դույզն-ինչ շփոթվելու, միալար ձայնով (ի դեպ, ցուցմունք տալու ողջ ընթացքում նա ջուր չի խմում) շարունակում էր ներկայացնել Հայաստանի իրավիճակը։ Նա դիմեց թվերին եւ փաստերին, մասնավորապես մեջ բերելով Հայաստանի 1999թ. սոցիալ-տնտեսական իրավիճակն ամփոփող պաշտոնական տեղեկագրից թվեր՝ կապված ՀՀ արտաքին պարտքի, ազգի վերարտադրողականության, անգամ կենսաթոշակային տարիքի սահմանման եւ տղամարդկանց կյանքի միջին տեւողության կրճատման, զուգահեռներ տանելով Ադրբեջանի հետ։ Նա ներկայացրեց Վազգեն Սարգսյանի կառավարության մի որոշում՝ կապված մասնավորապես վառելիքի թանկացման հետ, ինչին հետեւել էր, ըստ ամբաստանյալի, բյուջեի ծախսային մասին՝ 30 մլրդ կրճատումը։ «ԱՄՆ-ից վերադառնալուց հետո՝ հոկտեմբերին, Վազգեն Սարգսյանի բուռն ցանկությունն էր. հնարավորինս շուտ վաճառել ԲՑ-ները»,- ասաց նա եւ հիշեց հանգուցյալ վարչապետի մի ասածը, թե պետք չէ խոսել նախորդ իշխանությունների գործերի մասին, թե պետք է այդ ամենը մի կողմ դնել, սկսել մաքուր էջից։ Ավելի ցինիկ գտնվելով, նա եկավ այն եզրակացության, թե այս նոր իշխանությունները հների համար պահպանիչ պատնեշի դեր էին ստանձնել։ Ամբաստանյալն ասաց, թե ուժի դեմ միակ ճանապարհը ուժն էր լինելու եւ հայտարարեց, որ «հանցագործ իշխանության դեմ ապստամբության կազմակերպիչը, դրդիչը, օժանդակիչը ինքը՝ պետական իշխանությունն է»։ Ըստ նրա, արդեն գաղափարը կար եւ, փաստորեն, պետք էր մշակել ծրագիրը։ Ամբաստանյալը երեկվա դատաքննական ցուցմունքներում հայտնեց, որ նախապես ցանկացել է գրավել կառավարության շենքը, ստիպել վարչապետին, որ հրաժարական տա եւ այդ իմաստով ինքը 99թ. սեպտեմբերին նայել է ելքերն ու մուտքերը, պատկերացրել, թե որքան մարդ անհրաժեշտ կլինի «ապստամբությունն» իրականացնելու համար։ Որքան հասկացանք, հրաժարվել էր մտքից միայն այն պատճառով, երբ պատկերացրել էր, որ հեռուստատեսային շարժական կայանը Նորքից մինչեւ հասնի հրապարակ՝ ուշ կլինի… Սեպտեմբերի առաջին տասնօրյակին ԱԺ մտնելու տարբերակն է վերլուծել։ ԱԺ ինքը կարող էր մտնել անաղմուկ, քանի որ ուներ «բարեկամներ», ինչպես Ամերիկայում այժմ գտնվող հեռուստալրագրող Տիգրան Նազարյանը, լրատվական ծառայությունից՝ Անուշը։ «Թեեւ ԱԺ կանոնակարգով արգելված էր դահլիճ զենքով գալը, այնուամենայնիվ, ես գիտեի, որ կառավարության անդամների, պատգամավորների մեծ մասը զենք ունի եւ զինված է գալիս նիստերին մասնակցելու»,- ասաց նա եւ ապա հաշվարկելով, որ ոստիկանները զինված չեն, ըստ ծրագրի՝ նրանք նախատեսել էին Վազգեն Սարգսյանից, Սուրեն Աբրահամյանից, Սերժ Սարգսյանից պահանջել, որ դիմեն նրանց հրահանգավորելու համար, ըստ որի, ոչ մի զինվորական, ոչ մի ոստիկան կամ ԱԱՆ աշխատակից ԱԺ տարածք չպիտի մտներ։ Վազգեն Սարգսյանի «իմ հաշվարկներից դուրս ինչ-որ անկանխատեսելի» քայլի դեպքում, ամբաստանյալը մտածել էր սպանել նրան։ Հետաքրքիր է զենքի ձեռքբերման պատմությունը, երբ 300 դոլար պարտք են վերցնում, Աշոտ Կնյազյանի միջոցով ձեռք բերելով ինքնաձիգ, զինամթերք։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել