Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւանա լճից ապօրինաբար որսած 100-120 տոննա ձկան պատմությունը, որը հասարակությանն ավելի հայտնի է որպե

Մայիս 05,2001 00:00 Share

Չսիրեց Ռոբերտ Ավագյանը Լոբի ու խավիար Սեւանա լճից ապօրինաբար որսած 100-120 տոննա ձկան պատմությունը, որը հասարակությանն ավելի հայտնի է որպես ԱԺ պատգամավոր Լոբու գործ, շարունակվում է։ Երեկ հիշյալ պատմության հերթական սերիան էր. «Հակաստվեր» հասարակական կազմակերպությունը կրկին անգամ հյուրընկալել էր ՀՀ արդարադատության խորհրդի անդամ Ռոբերտ Ավագյանին։ Հիշեցնենք, որ «Լոբու գործ» սերիալի առաջին մասը կայացել էր 2001թ. փետրվարի 23-ին, երբ նույն ինքը՝ Ռ. Ավագյանը, «Հակաստվերի» կազմակերպած ասուլիսի ընթացքում մեղադրել էր ԱԺ պատգամավոր Ալեքսան Պողոսյանին (նշելով միայն նրա Լոբի մականունը)՝ պետությանը նվազագույնը 20 մլրդ դրամի (40 մլն դոլարի) վնաս հասցնելու մեջ։ Երկրորդ սերիան պատգամավոր Ա. Պողոսյանի պատասխան ասուլիսն էր փետրվարի 27-ին, որի ժամանակ նա հայտարարեց, թե դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ Ռ. Ավագյանին «քրեորեն պատժելու հայցով», քանի որ վերջինս «զրպարտել է իրեն»։ Սրանք՝ ասուլիսների հարթությունից, սակայն սերիալն ունեցել է նաեւ մինի-անդրադարձներ տարբեր լրատվամիջոցներում՝ էքսկլյուզիվ տարբերակներով։ Այնպես որ, Լոբու գործն ունի բոլոր տվյալները՝ «Հոկտեմբերի 27»-ի, «բաշխիչ էլեկտրացանցերի» ու «լափած մազութի» աղմկահարույց գործերի շարքում հայտնվելու համար, հատկապես որ, պետությանը հասցվել է պետբյուջեի 1/10-ին հավասար չափով վնաս (ըստ Ռ. Ավագյանի)։ Մինչեւ ասուլիսի բուն նյութին (5604 կգ գողացված ձկան խավիար եւ Լոբի-Բորիս Նազարյան-«Միասնություն» խմբակցություն եռապատում) անցնելը, Ռ. Ավագյանը մի փոքր շեղում կատարեց եւ պատասխան խայթոց հասցրեց իրավաբան Վլադիմիր Նազարյանին։ Սակայն ասեղի դերը մեզ համապատասխան չհամարելով, չենք անդրադառնա այդ «սրածայր» շեղմանը։ Առավել եւս, որ պրն Ավագյանի երկարաշունչ ելույթի մեջ խայթոցներ էին նախապատրաստված ոչ միայն Վ. Նազարյանի, այլեւ Գագիկ Ջհանգիրյանի, Էմմա Խուդաբաշյանի, Անդրանիկ Մարգարյանի, Ալբերտ Բազեյանի եւ նույնիսկ որոշ լրատվամիջոցների համար։ Ամենեւին չընդունելով հանրապետության որոշ քաղաքական, տնտեսական գործիչների, իրավաբանների եւ այլոց կողմից հաճախ օգտագործվող մեթոդը՝ միմյանց դեմ պատերազմել լրագրողների շուրթերով, ասուլիսի այս հատվածը թողնում ենք կուլիսներից դուրս։ Խոսքը վերաբերում է «Միասնություն» խմբակցության չորս անդամների միջնորդությանը, որի հիման վրա էլ կարճվել է քրեական գործը՝ Ա. Պողոսյանի մասով։ Ընդ որում, ինչպես պնդում է Ռ. Ավագյանը, գործը կարճվել է «իրադրության փոփոխության կապակցությամբ» պատճառաբանությամբ։ Ռոբերտ Ավագյանը մեջբերեց ձկնագողության գործի Ալեքսան Պողոսյանին առնչվող մասը կարճելու մասին որոշումից մի հատված. «Այսպիսով, կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ալեքսան Պողոսյանը կատարել է հանցանք, որը նախատեսված է քրեական օրենսգրքի 155 պրիմ եւ 167 հոդվածի երկրորդ մասով։ Սակայն, նկատի ունենալով, որ Պողոսյանը բնութագրվում է դրականորեն, նախկինում դատված չի եղել, հանդիսանում է ՀՀ ԱԺ պատգամավոր, բացի այդ ՀՀ ԱԺ «Միասնություն» խմբակցությունը 2000թ. դեկտեմբերի 20-ին միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ Ա. Պողոսյանին քրեական պատժի չենթարկելու եւ նրա նկատմամբ քրգործը կարճելու խնդրանքով, ուստի՝ կարճել գործի այդ մասը»։ Պրն Ավագյանն արդարացիորեն նկատեց, որ այս կտրվածքով հարցին դիտելիս, այլեւս ցանկացած մեկը, որ դրական բնութագիր ունի, չի դատվել, եւ մեղադրվում է հանցագործության մեջ, կարող է ապահովագրված զգալ իրեն քրեական հետապնդումից, եթե, իհարկե, դիմի «Միասնություն» խմբակցությանը։ Ռ. Ավագյանը լրագրողներին ներկայացրեց եւս մի՝ քննիչի կողմից փորձագիտական քննություն նշանակելու հետ կապված փաստաթուղթ, որի միայն անունն էր, ըստ էության, փաստաթուղթ, քանի որ ոչինչ այդ թղթի վրա չէր երեւում։ Ի դեպ, պրն Ավագյանը պնդում էր նաեւ, որ կարճման մասին որոշման մեջ կեղծված է խավիարի քաշը. եթե ողջ քրգործի մեջ գրված է 5604 կգ խավիար, ապա կարճման որոշման մեջ՝ ընդամենը 560 կգ։ Ըստ օրենքի, եթե գործի կարճումից անցել է 6 ամիս ժամանակ, այլեւս ոչ ոք չի կարող այդ գործին վերադառնալ, եթե չկան երեւան եկած նոր հանգամանքներ։ Եվ ահա, Սեւանի ապագայով խիստ մտահոգ Ռ. Ավագյանը, ծանոթանալով քրգործին, վեր է հանում «նոր հանգամանքների մի ծաղկեփունջ»։ Ու այդ ծաղկեփունջը հոդվածների ձեւով տպագրում մամուլում։ «Առավոտը» պրն Ավագյանից փորձեց ճշտել երկու հարց. արդյո՞ք իր դեմ զրպարտության մեղադրանքով հայց հարուցված է, ինչը խոստացել էր անել Ա. Պողոսյանը, եւ երկրորդը՝ ո՞ւմ նկատի ուներ Ա. Պողոսյանը, երբ հայտարարում էր, թե 20 մլրդ դրամ աստղաբաշխական թիվը Ռ. Ավագյանին կարող էր տրամադրել առնվազն մի «մոլորված ղուշբաս»։ Չգիտես ինչու, պրն Ավագյանին մեր անմեղ հարցերը (բա չիմանա՞նք, ո՞վ է էդ ղուշբասը) վրդովեցրին եւ նա որոշեց մեզ խորհուրդ տալ, որը կարճ ձեւակերպվեց այսպես. «Ես ուզում եմ, որ դուք իմ ասածները ընդունեք հալած յուղի տեղ։ Ես ոչ տեսքից, ոչ էլ սովորություն չունեմ խաբելու։ Ինչի՞ եք Դուք իրա (Ա. Պողոսյանի) ասածները հալած յուղի տեղ ընդունել եւ ոչ թե՝ իմ»։ Մ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել